Անցնել բովանդակությանը

Լյուդմիլա Մոզուլը և Կատերինա Ռոզդորսկան կորցրել են իրենց ամուսիններին Ուկրաինայի ռազմական հակամարտության պատճառով: Եհովայի և հավատակիցների աջակցությունն օգնում է նրանց տոկալ

ԱՊՐԻԼԻ 22, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

«Այդ գիշեր Եհովան ոչ միայն բռնել էր ձեռքս, այլև առել էր իր թևերի մեջ»

Եհովայի խոստումների մասին մտածելը ուժ է տալիս այրիացած ուկրաինացի քույրերին

«Այդ գիշեր Եհովան ոչ միայն բռնել էր ձեռքս, այլև առել էր իր թևերի մեջ»

Քույրեր Լյուդմիլա Մոզուլը և Կատերինա Ռոզդորսկան Եհովայի օգնությամբ դիմանում են պատերազմի պատճառած ցավին։ Նրանց ամուսինները՝ Պետրո Մոզուլը և Դմիտրո Ռոզդորսկին, առաջին Եհովայի վկաներից էին, ովքեր զոհվեցին Ուկրաինայում։ Ցավոք, մինչ օրս ռազմական հակամարտությունը խլել է մեր 34 հավատակիցների կյանքը։

Պետրո և Լյուդմիլա Մոզուլներ

Պետրոն և Լյուդմիլան մկրտվել են 1994 թ.-ին։ Նրանք ամուսնացած էին 43 տարի։

Լյուդմիլան ասում է. «Իմ եղբայրներն ու քույրերը ամեն օր մխիթարում են ինձ։ Նրանց զանգերը չեն դադարում։ Ինձ նաև հուզեց Ուկրաինայի մասնաճյուղի ցավակցական նամակը»։

Պատերազմը սկսվեց 2022 թ. փետրվարի 24-ին։ Պետրոն, ով ժեստերի լեզվով ժողովում ծառայում էր որպես ծառայող օգնական, սպանվեց, երբ նա և իր ընտանիքը 2022 թ. մարտի 1-ին՝ ինտենսիվ ռմբակոծության ժամանակ, փորձում էին փախչել Խարկովից։

Այդ օրը՝ արդեն մի քանի օր տևած ռմբակոծությունից հետո, կործանիչները գրոհեցին քաղաք: Նրանց ընտանիքը հավաքեց առաջին անհրաժեշտության իրերը և 30 րոպեի ընթացքում դուրս եկավ: Պետրոն և Լյուդմիլան նույն մեքենայի մեջ էին, իսկ նրանց որդին՝ Օլեքսիին, և նրա կինը՝ Մարինան՝ մեկ ուրիշ։ Լյուդմիլան ասում է. «Մենք անցնում էինք բնակելի թաղամասով, երբ կործանիչները սկսեցին ռմբակոծել մեր շուրջը։ Այդ հարվածների ալիքներից մեր մեքենան բառացիորեն ցնցվեց»։

Պետրոն, ով 67 տարեկան էր, փորձեց շրջանցել, որպեսզի խուսափի Օլեքսիի մեքենայի հետ բախումից, սակայն ծանր վնասվածքներ ստացավ: Նա և Լյուդմիլան տեղափոխվեցին հիվանդանոց, որտեղ Պետրոն ավելի ուշ մահացավ: Լյուդմիլան բեկորներից ոտքի և որովայնի շրջանի վնասվածքներ էր ստացել։ Օլեքսիին և Մարինան չեն տուժել։ Լիուդմիլան Պետրոյի մահվան մասին իմացավ հիվանդանոցից դուրս գրվելուց երեք օր անց։

Լյուդմիլան ասում է. «Որքան շատ եմ մտածում Եհովայի բարության և հիանալի նպատակի մասին, այնքան ավելի շատ եմ ներքին խաղաղություն զգում։ Վստահ եմ, որ նոր աշխարհում անպայման նորից կտեսնեմ ամուսնուս։ Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան»։

Կատերինա և Դմիտրո Ռոզդորսկիներ

Դմիտրոն և Կատերինան ամուսնացած էին ութ տարի։ Վերջին անգամ նա աշխատավայրից խոսել էր կնոջ հետ ու ասել, որ շուտով տանը կլինի։

Ժամեր անց՝ 2022 թ. մարտի 8-ին, նրա աշխատակցուհին զանգահարեց Կատերինային և ասաց, որ Դմիտրոն կանգնել է ականի վրա, և նրան տեղափոխել են հիվանդանոց։ Նա մահացել է վիրահատությունից հինգ ժամ անց:

Դմիտրոյի մահվան մասին իմանալուց հետո Կատերինան պատմում է. «Այդ գիշեր Եհովան ոչ միայն բռնել էր ձեռքս, այլև առել էր իր թևերի մեջ։ Ես զգացի, որ Եհովան շատ մոտ է ինձ»։

28-ամյա Դմիտրոն մկրտվել էր 2006 թ.-ին և Ուկրաինայի Դոնեցկի մարզում երեց էր ծառայում։

Դմիտրոյի մահվան արարողությունից անմիջապես հետո Կատերինան 12 ժամ ճանապարհ անցավ առավել ապահով տարածք հասնելու համար։ Նա պատմում է. «Ինձ մխիթարեցին Ուկրաինայի և դրա սահմաններից դուրս ապրող եղբայրներն ու քույրերը։ Նրանք ստիպեցին ինձ սիրված զգալ, ինչը թեթևացրեց վիշտս»։

Նա շարունակում է. «Ինձ նաև մխիթարում է ծառայությունը.... Դժվար պահերին անգիր եմ ասում աստվածաշնչյան համարներ, ինչպես օրինակ՝ Փիլիպպեցիներ 4։6, 7-ը»։

Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի զորության և մխիթարության աղբյուր լինել մեր սիրելի եղբայրների և քույրերի համար, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Ուկրաինայի ռազմական հակամարտության պատճառով (Սաղմոս 61։1-3