Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 23, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

Ապահովության որոնումներով

Պատմում է Ուկրաինայի պատերազմը վերապրած՝ Անաստասիա Կոզիանովան

Ապահովության որոնումներով

2022 թ. փետրվարի 24-ին արթնացա ուժեղ աղմուկից։ Սկզբում մտածեցի՝ ամպրոպի ձայն է, և անձրև է գալիս։ Սակայն պարզվեց, որ լսածս ռումբերի ձայն էր։

Հասկացա, որ պետք է լքեմ տունս, որը գտնվում էր Մարիուպոլի կենտրոնում։ Հաջորդ օրը գնացի քաղաքի ծայրամաս՝ տատիկիս՝ Իրինայի տուն։ Ավելի ուշ մայրս՝ Կատերինան, եկավ մեզ մոտ։ Տատիկի տանը որոշ ժամանակ ապահով էր, բայց մենք մի քանի օր նկուղում քնեցինք:

Մի անգամ մեր այգում հրթիռ ընկավ, երբ մենք թաքնված էինք նկուղում։ Պայթյունը խլացուցիչ էր. ես ջերմեռանդորեն աղոթեցի Եհովային։ Մեկ շաբաթ անց հասկացանք, որ տատիկի տանը մնալն այլևս վտանգավոր է, ուստի որոշեցինք վերադառնալ քաղաքի կենտրոն՝ տարհանվելու միջոց գտնելու: Ես աղաչեցի Եհովային, որ մեզ հետ լինի և մեզ այնտեղից ապահով դուրս բերի։

Մարտի 4-ի առավոտն էր։ Մարիուպոլից գնացքներ չկային, քանի որ քաղաքը շրջափակման մեջ էր։ Այդ պատճառով հաջորդ տասը օրերին հարյուրավոր ուրիշ մարդկանց հետ պատսպարվեցինք քաղաքի թատրոնում: Այնտեղ այնքան շատ մարդ կար, որ ստիպված քնում էինք հատակին։ Պայմանները հակասանիտարական էին, սնունդ ու տաք ջուր ստանալը շատ դժվար էր։ Ստիպված ժամերով հերթ էինք կանգնում։

Մի օր թատրոնից մի փոքր հեռու հրթիռ պայթեց։ Հարվածն այնքան ուժգին էր, որ պատուհաններից շատերը կոտրվեցին, ու սաստիկ ցուրտը ներս սողոսկեց:

Անաստասիան իր տատի՝ Իրինայի և զարմիկի՝ Անդրիի հետ

Ի՞նչն օգնեց ինձ այդ դժվար պահին: Հոբի պատմությունը. երբ տեսնում էի պայթյունների պատճառով խուճապի մատնված մարդկանց, Աստվածաշնչից կարդում էի Հոբի մասին։ Դրա շնորհիվ ինձ լավ էի զգում: Կարծես Հոբի հետ նստած էի այդ թատրոնում և ասում էի նրան. «Հիմա քեզ այնքա՜ն լավ եմ հասկանում»։ Հոբը կորցրել էր ամեն ինչ՝ ընտանիքը, առողջությունը, ունեցվածքը։ Ես նոր էի կորցրել իմ ունեցվածքը։ Ընտանիքս ինձ հետ էր, բոլորս ողջ ու առողջ էինք։ Այդ պահին հասկացա, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ու ինձ ավելի լավ զգացի։

Մարտի 14-ին իմացանք, որ մի խմբի հաջողվել է փախչել քաղաքից, ուստի մենք էլ որոշեցինք հեռանալ։ Թատրոնում գտնվող որոշ մարդկանց հետ կարողացանք տրանսպորտ գտնել։

20 մեքենաներից բաղկացած շարասյունը դուրս եկավ քաղաքից։ Մենք 14 հոգով խցկված էինք բեռնատար ֆուրգոնի հետնամասում։ Ճանապարհին մեր շուրջը ռումբեր էին թափվում։ Ես անընդհատ աղոթում էի. երբ մենք դուրս եկանք Մարիուպոլից, մեր վարորդը կանգնեցրեց մեքենան, իջավ և սկսեց լաց լինել։ Նա շրջանցել էր ճանապարհին ընկած բոլոր ականները: Մեր փախուստից երկու օր անց իմացանք, որ թատրոնը ռմբակոծվել է, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 300 մարդ։

13 ժամ հետո հասանք Զապարոժիե։ Հաջորդ առավոտ մենք գնացք նստեցինք և ուղևորվեցինք Լվով։ Գնացքի վագոնում, որը սովորաբար նախատեսված է 4 հոգու համար, 16 մարդ կար։ Շատ շոգ էր. գրեթե ամբողջ ճանապարհին կանգնեցի միջանցքում։ Միայն այդտեղ կարող էի մաքուր օդ շնչել։ Մարտի 16-ին հասանք Լվով, որտեղ մեզ ջերմորեն դիմավորեցին մեր սիրելի եղբայրներն ու քույրերը։ Հաջորդ չորս օրերի ընթացքում մենք պատսպարվեցինք Թագավորության սրահում։ Եղբայրների և քույրերի ցուցաբերած հոգատարությունից շատ էի հուզվում ու չէի կարողանում զսպել արցունքներս։ Դա Եհովայի կողմից տրված նվեր էր։

Մարտի 19-ին մենք որոշեցինք հեռանալ Ուկրաինայից և գնալ հարևան երկիր՝ Լեհաստան, որտեղ տատիկիս, մորս, զարմիկիս և ինձ կրկին դիմավորեցին մեր հավատակիցները։ Նրանք մեզ ապահովեցին այն ամենով, ինչ անհրաժեշտ էր։ Մենք շրջապատված էինք սիրով։

Ես ընդամենը 19 տարեկան եմ, բայց այս բոլոր փորձությունների միջով անցնելուց հետո հասկացա, թե որքան կարևոր է հավատ զարգացնել խաղաղ ժամանակներում: Հավատն օգնում է դիմանալ: Եթե մինչ պատերազմը անձնական ուսումնասիրություն արած չլինեի, ինձ համար շատ ավելի դժվար կլիներ։

Եհովան հոգատար Հայր է։ Ամբողջ ժամանակ ինձ թվում էր, թե նա բռնել է իմ աջ ձեռքը և տանում է ինձ։ Ես երբեք չեմ կարողանա ամբողջությամբ փոխհատուցել Եհովային իր արած բոլոր բաների համար (Եսայիա 41։10