Անցնել բովանդակությանը

Քույր Օլենան՝ իր տան դիմաց, որը լրջորեն վնասվել էր հրթիռից։ Եղբայրներն ու քույրերը անմիջապես եկել էին օգնության

ՀՈՒԼԻՍԻ 4, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #10 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

«Քաջության, հոգատարության և հուսալիության» օրինակներ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #10 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

Ուկրաինայի մեր եղբայրներն ու քույրերը շարունակում են աջակցել իրար: Նրանք անշահախնդիր սեր են դրսևորում միմյանց հանդեպ:

Քույր Օլենան 81 տարեկան է։ Հունիսի 6-ին նրա տնից մի քանի մետր հեռու մի հրթիռ ընկավ: Այն ավերեց նրա հարևանի տունը՝ առաջացնելով յոթ մետր խորությամբ փոս: Պայթյունն այնքան ուժգին էր, որ քույր Օլենայի տունը լրջորեն վնասվեց:

Նա պատմում է. «Ես քնած էի։ Իմ տան պատերից մեկը, որը անմիջապես գլխիս կողմն էր, փուլ եկավ։ Սենյակը լցվեց մուգ, թանձր փոշիով։ Ամենուր ապակիներ ու քարեր էին։ Ես շնորհակալություն հայտնեցի Եհովային, որ ողջ եմ մնացել»։ Րոպեներ անց տեղի եղբայրներն ու քույրերը, այդ թվում՝ մի եղբայր, ում տունը նույնպես լրջորեն վնասվել էր, եկան Օլենային տեսնելու։ Քույրը շարունակում է. «Երբ եղբայրները եկան, նրանք ցնցված էին և չգիտեին ինչ ասել: Ինձ քաջալերեց նրանց ներկայությունը։ Այնքան հաճելի էր, որ նրանք իմ կողքին էին»։

Սերհի անունով մի երեց, ով կանոնավոր այցելում է քույր Օլենային ժողովի երիտասարդների հետ, ասում է. «Երբ իմացա, որ նրա տան մոտ պայթյուն է եղել, շատ անհանգստացա։ Հանգիստ շունչ քաշեցի միայն այն ժամանակ, երբ տեսա, որ նա լուրջ վնասվածքներ չունի, միայն կապտուկներ և վերջ։ Զարմանալի է, բայց առաջինը, ինչ քույր Օլենան ուզում էր իր ավերված տնից, աստվածաշնչյան գրականությունն էր, որը ստացել էր մի քանի օր առաջ»։

Ուրախալին այն է, որ հարազատները նոր տուն գտան նրա համար։ Ժողովը շարունակում է գործնական աջակցություն ցույց տալ նրան, երեցներն էլ ամեն օր կապ են հաստատում նրա հետ։ Եղբայրներն ու քույրերը Օլենայի համար լսողական սարքեր ձեռք բերեցին, որպեսզի նա կարողանա օգուտներ քաղել ժողովի հանդիպումներից։ Նա ասում է. «Երբեմն ինձ անզոր եմ զգում, բայց հանդիպումներն ինձ ուժ են տալիս: Իմ հավատակիցները հաճախ են զանգում, ինչի համար շատ շնորհակալ եմ»։

Մի զույգ պատմեց, թե ինչպես են 200 այլ քարոզիչների հետ Թագավորության սրահի նկուղում պատսպարվել։ Քույրը պատմում է. «Ինձ հատկապես տպավորեց սիրառատ երեցների հոգատարությունը։ Նրանք ինձ Դավթին են հիշեցնում, ով իր գառնուկներին պաշտպանելու համար կանգնել էր մահվան առաջ. կռվում էր առյուծի և արջի հետ։ Նկուղում պատսպարված երեցները նույնպես կանգնել էին մահվան առաջ, որպեսզի մենք ջուր, սնունդ և բենզին ունենայինք ու կարողանայինք լույս վառել: Այդպես մենք ժողովի և քարոզչական ծառայության հանդիպումներ անցկացրինք։ Նույնիսկ ուժեղ ռմբակոծությունների ժամանակ այս երեցները կանոնավոր այցելում էին իրենց տներում պատսպարված եղբայրներին ու քույրերին, որպեսզի սնունդ հասցնեն և մխիթարեն: Ես խորապես հարգում եմ այս եղբայրներին։ Մինչ այս իրադարձությունները, ես նրանց ճանաչում էի որպես ուսուցիչներ և քարոզիչներ, բայց հիմա գիտեմ, որ նրանք վստահելի հովիվներ են։ Ես երախտապարտ եմ նրանց քաջության, հոգատարության և հուսալիության համար»:

Ուկրաինայի ժողովներից մեկի քարոզիչները տուժածներին օգնություն տրամադրող եղբայրների մասին հետևյալը գրեցին տեղի մասնաճյուղին. «Մեր սրտերը լցված են խոր երախտագիտությամբ։ Մենք զարմացած ենք, թե ինչպես է Եհովան մեր հավատակիցների միջոցով հոգում մեր մասին։ Իսկապես զգացինք Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար»» (Հովհաննես 13:35

2022 թ. հունիսի 21-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ:

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • 42 քարոզիչ մահացել է։

  • 83 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 31 185 քարոզիչ փախել է երկրի առավել անվտանգ տարածքներ։

  • 495 տուն ավերվել է։

  • 557 տուն լրջորեն վնասվել է։

  • 1 429 տուն թեթևակի է վնասվել։

  • 5 Թագավորության սրահ ավերվել է։

  • 8 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 34 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։

  • ԱՏՕԿ-ները օգնել են 52 348 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։

  • Ուկրաինայից հեռացել են 23 433 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։