Անցնել բովանդակությանը

Ուկրաինայում երկու քարոզիչներ մասնակցում են ցուցատախտակով վկայությանը

ՀՈՒԼԻՍԻ 18, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #11 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

«Բարին են անում», մինչ մոլեգնում է պատերազմը

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #11 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

Ուկրաինայում մեր հավատակիցները մեծ ոգևորությամբ վերսկսեցին հրապարակային վկայությունը։ Դրական արդյունքները երկար սպասել չտվեցին։ Շրջանային վերակացուները և տեղի երեցները հայտնում են, որ մարդիկ ուրախ էին նորից տեսնել մեր գրականության ցուցատախտակները։ Ոմանք նույնիսկ ասում էին, որ արդեն կարոտել են Վկաներին։

Օդեսայի մարզի «Սերգեևկա» ժողովից Տատյանա անունով մի քույր որոշեց այցելել նրանց, ում քարոզել էր համավարակից առաջ։ Նա ասում է. «Առաջին իսկ րոպեից զգացի, թե Եհովան ինչպես է օրհնում ծառայությունը վերսկսելու մեր ջանքերը»։ Մի անգամ նա այցելեց մի կնոջ, ով համավարակից առաջ մերժել էր Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը։ Հոգևոր թեմաների հանդեպ այդ կնոջ տրամադրվածությունը փոխվել էր. նա մեծ հաճույքով զրուցեց և նույնիսկ համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Տատյանան շարունակում է. «Այցելելու եմ իմ նախկին վերայցելություններին ու բոլորին ուսումնասիրություն եմ առաջարկելու»։

Եվգենին և Լիլիան ստիպված եղան թողնելու իրենց տունը Մարիուպոլում և փախչելու երկրի առավել ապահով շրջան։ Չնայած դրան՝ նրանք կանոնավոր մասնակցում են քարոզչական գործին։ Նրանք ասում են, որ դրա շնորհիվ իրենց միտքը կտրվում է խնդիրներից։ «Գիտեինք, որ մեր կյանքը էլ առաջվանը չի լինելու,— ասում են Եվգենին և Լիլիան։— Շատ դժվար է ամեն բան զրոյից սկսել, բայց հիշում ենք, որ Եհովայի ձեռքը կարճ չէ։ Նրա ոգին մեզ հետ է, հավատակիցներն էլ մեր թիկունքին են։ Նրանց օգնությամբ մեզ կհաջողվի նոր վայրում նոր կյանք սկսել»։

Երկրի այլ շրջաններում մեր հավատակիցները վկայություն են տալիս իրենց գործերով։ Օրինակ՝ Նիկոլաև քաղաքից մի խումբ եղբայրներ հումանիտար օգնություն տրամադրող միջազգային մի կազմակերպության օգնեցին վերանորոգել և կարգի բերել նրանց պահեստներից մեկը։ Եղբայրները վերանորոգեցին ջրի խողովակները, դարակներ պատրաստեցին և տեսակավորեցին մի քանի տոննա ապրանք։ Երբ այդ հումանիտար կազմակերպության ներկայացուցիչներից մեկը եկավ գործը ստուգելու, սկսեց արտասվել իր տեսածից ու ասաց. «Դուք գերազանցեցիք իմ սպասելիքները»։

Չնայած դժվար ժամանակներին՝ Ուկրաինայի մեր հավատակիցները մեծ ուրախություն են ապրում՝ ծառայության մեջ ակտիվ մնալով և շրջապատի հանդեպ «բարին անելով» (Գաղատացիներ 6։9

2022 թ. հուլիսի 13-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ:

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • 42 քարոզիչ մահացել է։

  • 97 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 28 683 քարոզիչ փախել է երկրի առավել անվտանգ տարածքներ։

  • 524 տուն ավերվել է։

  • 588 տուն լրջորեն վնասվել է։

  • 1 554 տուն թեթևակի է վնասվել։

  • 5 Թագավորության սրահ ավերվել է։

  • 10 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 36 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։

  • ԱՏՕԿ-ները օգնել են 52 947 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։

  • Ուկրաինայից հեռացել են 23 863 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։