ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #13 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում
Վերադառնում են տնետուն ծառայությանը
2022 թ. օգոստոսին հայտարարվեց, որ տնետուն ծառայությունը կվերսկսվի Ուկրաինայի այն տարածքներում, որտեղ իրավիճակն ապահով է։ Մեր եղբայրներն ու քույրերը մեծ ոգևորությամբ գործի անցան։ Շատերը դրականորեն արձագանքեցին աստվածաշնչյան լուրին։ Մի անհատ, ով համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել, հետևյալն ասաց. «Պատերազմի բերած սարսափն ու տառապանքը ճաշակելուց հետո ինձ համար ակնհայտ է, որ միայն Աստված կարող է լուծել մարդկության խնդիրները»։ Ահա մի քանի դեպքեր ծառայությունից։
Լանովցիի ժողովից Ռուսլանը փոքր-ինչ լարվում էր կրկին տնետուն ծառայությանը մասնակցելու մտքից։ Նա և նրա կինը աղոթեցին Եհովային, որ իրենց քաջություն տա և ուղղորդի դեպի այն մարդկանց, որոնց հետաքրքրում է լավ ապագայի մասին հույսը։ Զույգը ապշել էր. ծառայության առաջին երկու ժամվա ընթացքում նրանք զրուցեցին ութ հոգու հետ, և բոլորն էլ համաձայնեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։
Կրեմենեցի ժողովից Օլհան իր ծառայակցի հետ քարոզում էր, երբ մի տղամարդ վազեց նրանց մոտ ու հարցրեց, թե արդյոք նրանք մարդկանց հետ Աստծու Խոսքից են զրուցում։ Հետո նա պարզաբանեց. «Ես ծխում եմ ու խմիչքի հետ կապված խնդիրներ ունեմ։ Հասկանում եմ, որ շուտով պետք է գործերիս համար Աստծու առաջ կանգնեմ։ Չեմ ուզում այդ ժամանակ լինել այնպիսին, ինչպիսին հիմա եմ»։ Քայլեր ձեռնարկվեցին, որ այդ տարածքի եղբայրները նրա հետ ուսումնասիրություն սկսեն։
«Լվով-Ռյասնե-Սխիդնի» ժողովից Վասիլը իր քարոզչական խմբի հետ գյուղի ծառայության էր մասնակցում։ Տներից մեկը ծանոթ էր նրան։ Տարիներ առաջ նա զրուցել էր այդ տանն ապրող մի կնոջ հետ, որը բորբոքվել էր ու հրաժարվել Վկաների հետ խոսելուց։ Եղբայրը որոշեց թակել դուռը և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել։ Ի զարմանս նրան՝ նույն կինը բացեց դուռը և ասաց, որ ցանկանում է հասկանալ Սուրբ Գիրքը։ Նա ընդունեց ուսումնասիրության առաջարկը։ Քայլեր ձեռնարկվեցին, որ նրան նորից այցելեն։
Սերհին, ով Իլյինցիի ժողովից է, մկրտվել էր 2021 թ.-ին և երբեք չէր մասնակցել տնետուն ծառայությանը։ Նա շատ անհանգիստ էր, ուստի ժամանակ տրամադրեց, որ մի լավ նախապատրաստվի։ Սերհին պատմում է. «Բազմիցս դիտեցի զրույցների օրինակների տեսանյութերը։ Ինձ մնում էր միայն քաջաբար գործի անցնել»։ Սերհիի լարվածությունը փոխարինվեց մեծ ուրախությամբ, երբ նա հնարավորություն ունեցավ բարի լուրը պատմելու ուրիշներին։
Նմանապես Ռոզդիլի ժողովից Նիկոլը չմկրտված քարոզիչ դարձավ 2022 թ. օգոստոսին։ Նա պատմում է. «Շատ լարված էի, նույնիսկ վախենում էի ֆիզիկական մասնակցությամբ ծառայությունից։ Բայց երբ փորձեցի, անձամբ զգացի, թե որքան հաճելի է մարդկանց հետ երես առ երես զրուցել Եհովայի մասին»։
2022 թ. նոյեմբերի 11-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ։
Տուժած հավատակիցներ և վնասներ
46 քարոզիչ մահացել է։
97 քարոզիչ վնասվածքներ է ստացել։
12 569 քարոզիչ ներկայումս տեղահանված է։
590 տուն ավերվել է։
645 տուն լրջորեն վնասվել է։
1 722 տուն թեթևակի է վնասվել։
6 Թագավորության սրահ ավերվել է։
19 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։
63 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։
Օգնություն աղետից տուժածներին
Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե (ԱՏՕԿ)։
ԱՏՕԿ-ները օգնել են 53 948 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։
Ուկրաինայից հեռացել են 25 983 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։