Անցնել բովանդակությանը

Շինարարության կամավորները վերանորոգում են անվտանգ տարածքներում գտնվող տները

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #15 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #15 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

2022 թ. փետրվարից ի վեր, երբ Ուկրաինայում պատերազմ սկսվեց, վնասվել կամ ավերվել են Եհովայի վկաներին պատկանող շուրջ 3 000 տներ։ Օգոստոսին աղետից տուժածներին օգնելու բաժնի (ԱՏՕԲ) և նախագծման/շինարարության տեղի բաժնի առաջնորդության ներքո Ուկրաինայի եղբայրները սկսեցին վերանորոգել անվտանգ տարածքներում գտնվող տները։ Այդ գործը ընդգրկել է վնասված տանիքները և պատուհանները փոխելը և այլ մանր վերանորոգման աշխատանքներ։ Որոշ դեպքերում, երբ տունը հիմնահատակ ավերվել է, հնարավոր է եղել կից ավտոտնակը կամ խորդանոցը վերածել համեստ կացարանի։ Մինչ օրս ավարտին է հասցվել 37 շինարարական նախագիծ, իսկ 48-ը ներկայումս ընթացքի մեջ է։

Շուրջը տիրող անհանգիստ պայմաններում շինարարություն ձեռնարկելը հեշտ գործ չէ։ Բայց դա չի կանգնեցնում եղբայրներին, որ տուժածներին օգնության ձեռք մեկնեն։ Կիևի մարզի Վելիկայա Դիմերկա ավանից 70-ամյա քույր Սվիտլանան պատմում է. «Բավականաչափ գումար չունեի իմ տան տանիքը և ճակատային մասը վերանորոգելու համար։ Բայց Եհովան մեծ անակնկալ էր պատրաստել ինձ համար։ Իմ եղբայրները եկան և երեք օրում ավարտեցին բոլոր աշխատանքները»։

Կիևի մարզի Գորենկա գյուղից քույր Նադիան պատմում է, որ տուժածներին օգնելու նախաձեռնությունը խթանել է քարոզչական գործը։ Նա ասում է. «Վերանորոգման աշխատանքները մեծ վկայություն եղան բոլորի համար։ Նույնիսկ այն մարդիկ, որոնց չեմ ճանաչում, խոսում են Եհովայի վկաների մեջ տիրող իսկական սիրո մասին։ Նրանց հավատը չի գալիս, որ հավատակիցներս եկել էին ինձ օգնելու»։

Նույնիսկ տուն կորցրածներն են մասնակցում շինարարական աշխատանքներին։ Նրանց թվում են Եվհենը և Տետյանան։ Հրթիռակոծման ժամանակ այս զույգի տունը ավերվել էր։ Բայց իրենց կորստի վրա կենտրոնանալու փոխարեն՝ նրանք ջանք չեն խնայում, որ օգնեն իրենց հավատակիցներին։ Եվհենն ասում է. «Մեր գլխավոր նպատակը միշտ եղել է միմյանց աջակցելը։ Մյուսներին ծառայելը օգնում է դիմանալ մեր իսկ խնդիրներին»։

Ավերված տուն՝ վերանորոգումից առաջ և հետո (Վելիկայա Դիմերկա, Կիևի մարզ)

Նմանապես, տպավորված այն բանից, որ եղբայրները վերանորոգեցին իր տունը՝ Կիևի մարզի Գոստոմել քաղաքից Լիդիա անունով մի քույր սկսեց մասնակցել օգնություն տրամադրելու գործին։ Նա պատմում է. «Երկու շաբաթ շարունակ մոտ 16 եղբայրներ ու քույրեր վերանորոգում էին իմ տունը։ Այնպիսի զգացողություն ունեի, ասես արդեն նոր աշխարհում էի։ Հիմա էլ ես եմ ուզում օգնել ուրիշներին»։

Վերջերս Ուկրաինայի մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը այցելեց այն տարածքներ, որտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում, որպեսզի քաջալերի տուն կորցրած հավատակիցներին։ Նա նշում է. «Ուկրաինայի հավատակիցները միշտ էլ փայլել են միմյանց հանդեպ սեր դրսևորելու հարցում։ Սակայն պատերազմը մեզ է՛լ ավելի մտերմացրեց։ Սիրտ ջերմացնող է տեսնել, թե մեր թանկագին հավատակիցներին տրամադրվող օգնությունը ինչպես է մղում նրանց, որ ավելի մեծ եռանդով ծառայեն և «շատ անգամ շնորհակալություն հայտնեն Աստծուն», ինչպես ասվում է 2 Կորնթացիներ 9։12-ում»։

2022 թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • 47 քարոզիչ մահացել է։

  • 97 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 11 477 քարոզիչ ներկայումս տեղահանված է։

  • 590 տուն ավերվել է։

  • 645 տուն լրջորեն վնասվել է։

  • 1 722 տուն թեթևակի է վնասվել։

  • 7 Թագավորության սրահ ավերվել է։

  • 19 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 68 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 26 կոմիտե (ԱՏՕԿ)։

  • ԱՏՕԿ-ները օգնել են 54 212 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։

  • Ուկրաինայից հեռացել են 26 892 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։