Անցնել բովանդակությանը

Ռահվիրայական դպրոց՝ Սամբորի Թագավորության սրահում (վերևում) և Ժիտոմիրում գտնվող պատսպարանում (ներքևում)

ՓԵՏՐՎԱՐԻ 1, 2023
ՈՒԿՐԱԻՆԱ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #16 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

Վերսկսվում են Ռահվիրայական ծառայության դպրոցները

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #16 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

2022 թ. դեկտեմբերի 26-ից սկսած՝ Ուկրաինայում բնակվող ռահվիրաներն ու հատուկ ռահվիրաները հնարավորություն ունեն սովորելու Ռահվիրայական ծառայության դպրոցում։ Դասերն անցկացվում են այն վայրերում, որտեղ ապահով է։ Տեղի հանգամանքներից կախված՝ ռահվիրաները մասնակցում են դպրոցին կա՛մ ֆիզիկապես, կամ օնլայն՝ Zoom-ի միջոցով։ Չնայած մի շարք խոչընդոտներին, օրինակ՝ օդային տագնապներին, հոսանքազրկմանը, տնտեսական խնդիրներին և ինտերնետային կապի խափանումներին, մեր հավատակիցները ամեն բան այնպես են կազմակերպում, որ ստանան այս հատուկ կրթությունը։ Արդյունքում հոգևոր առատ օրհնություններ են վայելում։

Քույրերը միասին Zoom-ով միացել են ռահվիրայական դպրոցին։ Պլանային հոսանքազրկման ժամանակ նրանք մարտկոցների օգնությամբ լիցքավորում են իրենց սարքերը

Կրիվոյ Ռոգից Նատալյան ասում է. «Դպրոցն ասես փրկարարական օղակ լիներ ինձ համար։ Այն օգնեց, որ չսուզվեմ մտատանջություններիս ու վախերիս օվկիանում»։ Իսկ Չեռնովցիից Անաստասիան ավելացնում է. «Դպրոցը վստահեցրեց ինձ, որ թանկ եմ Եհովայի համար։ Նախորդ տարին լի էր սարսափելի դեպքերով, ու դպրոցը հենց այն էր, ինչի կարիքն ունեի։ Շատ ոգեշնչված եմ՝ լի վճռականությամբ, որ շարունակեմ պայքարել Եհովայից օրհնություններ ստանալու համար»։

Երբ Սվիտլանան, ով ապրում է Կիցմանում, դպրոցում սովորելու հրավեր ստացավ, սկզբում շատ անհանգստացավ։ Նա հիշում է. «Սիրտս բացեցի Եհովայի առաջ ու պատմեցի՝ ինչ մտահոգություններ ունեմ տնտեսական հարցերի հետ կապված։ Վստահեցի նրան ու մի գրամ չեմ փոշմանել։ Իմ մաշկի վրա զգացի Եհովայի սերն ու հոգատարությունը»։ Սվիտլանայի ջանքերից ոգևորված՝ նրա ամուսինը, ով Եհովայի վկա չէ, սկսեց նրա հետ ներկա լինել ժողովի հանդիպումներին։

Ինտերնետ կապը կորցնելուց հետո Վիկտորիան մետրոյի մոտակա կայարանից կրկին միացել է ռահվիրայական դպրոցին

Ժիտոմիր քաղաքում օդային տագնապի պատճառով ուսանողները երկու անգամ ստիպված են եղել պատսպարվել։ Ստորգետնյա պատսպարանում նրանք փայտի վառարանով տաքացրել են սենյակը և շարունակել դասերը։ Չնայած ստեղծված դժվարություններին՝ Վալենտինան, ով վերջերս է տեղափոխվել Ժիտոմիր, ասում է. «Երբեք չեմ մոռանա այս դպրոցը։ Ասես գտնվում էի Եհովայի հզոր բազկի տակ»։

Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Ուկրաինայում ռահվիրաները ցնծություն ապրեցին, երբ իմացան, որ պահանջվող ժամաքանակը կրճատվել է։ Հայտարարությունը լսելուց հետո Յուլիան ասաց. «Սիրտս լի է Եհովայի հանդեպ սիրով։ Այս առավոտ աղոթել էի Եհովային ու աղերսել, որ թույլ տա՝ մնամ այս ծառայության մեջ։ Չգիտեի՝ ինչպես կպատասխանի, բայց վստահ էի, որ ինձ անպատասխան չի թողնի։ Երբ իմացա կրճատված ժամաքանակի մասին, Եհովայի հանդեպ երախտագիտությունս է՛լ ավելի մեծացավ։ Այս վերջին նորությունը մեր դպրոցի ավարտին մատուցված «շատ համեղ աղանդեր» էր»։

2023 թ. հունվարի 24-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • 47 քարոզիչ մահացել է։

  • 97 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 8 953 քարոզիչ ներկայումս տեղահանված է։

  • 590 տուն ավերվել է։

  • 645 տուն լրջորեն վնասվել է։

  • 1 722 տուն թեթևակի է վնասվել։

  • 8 Թագավորության սրահ ավերվել է։

  • 17 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 76 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 26 կոմիտե (ԱՏՕԿ)։

  • 46 տուն վերանորոգվել է։

  • 5 Թագավորության սրահ վերանորոգվել է։

  • ԱՏՕԿ-ները օգնել են 54 445 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։

  • Ուկրաինայից հեռացել են 27 655 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։