ՄԱՐՏԻ 11, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #2 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում
Մարիուպոլում և այլ քաղաքներում ծանր մարտերից հետո չկան էլեկտրականություն, ջեռուցում, իսկ հեռախոսակապն ու ինտերնետը աշխատում են խափանումներով։ Շատ տների պատուհաններ կոտրվել են։ Կա սննդի և ջրի պակաս։ Ավելի քան 2 500 եղբայրներ և քույրեր չեն կարողանում դուրս գալ Մարիուպոլից։ Մի քանի այլ քաղաքներում՝ Բուչայում, Չեռնիգովում, Գոստոմելում, Իրպենում, Կիևում և Սումիում, հումանիտար «միջանցքներ» են բացվել, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ հակամարտության գոտիներից։ Դրա շնորհիվ մեր հավատակիցներից շատերը տեղափոխվել են ապահով վայրեր։
36-ամյա մի երեց, որը նաև ռահվիրա է ծառայում, իր կնոջ և ծնողների հետ փախել է Գոստոմելից։ Նա պատմում է, թե ինչ եղավ, երբ իրենց քաղաքում ռազմական գործողություններ սկսվեցին.
«Մեր տան վրայով ուղղաթիռներ էին թռչում։ Ռազմական տեխնիկան ամենուր էր։ Զինվորները ներխուժեցին մեր տուն։ Այդ ընթացքում մենք տան նկուղում էինք։ Նրանցից մեկը մի քանի անգամ կրակեց նկուղի կողմը։ Փամփուշտներից մեկը մորս ուսապարկին դիպավ, սակայն հուրախություն մեզ՝ նա չվնասվեց։ Մոտ երեք-չորս ժամ գրեթե անշարժ վիճակում ենք եղել, որպեսզի որևէ ձայն չհանենք, քանի որ մեր գլխավերևում լսում էինք ռումբերի և կրակոցների ձայներ.... Հաջորդ առավոտ հեռացանք, որովհետև կռիվը սկսվել էր մեր հարևանությամբ։ Ճանապարհներին ամենուր տանկեր էին.... Շատ վտանգավոր էր, բայց մնալն ավելի վտանգավոր էր։
Այս ամենը ամբողջությամբ փոխեց մեր կյանքը։ Սովորեցինք կիրառել աստվածաշնչյան շատ սկզբունքներ։ Օրինակ՝ չմտահոգվել վաղվա օրվա մասին, գոհ լինել ունեցածով և վստահել Եհովային նույնիսկ ծայրահեղ իրավիճակներում»։
Վստահ ենք, որ մեր Աստված Եհովան լավատեղյակ է, թե ինչերի միջով են անցնում Ուկրաինայի մեր քույրերն ու եղբայրները, ու անպայման կաջակցի նրանց (2 Պետրոս 2։9)։
Ձեզ ենք ներկայացնում 2022 թ. մարտի 10-ի դրությամբ հայտնի տեղեկությունները։
Տուժած հավատակիցներ և վնասներ
2 քարոզիչ մահացել է։
8 քարոզիչ վնասվածքներ է ստացել։
25 407 քարոզիչներ փախել են իրենց տներից և ապաստան գտել երկրի ավելի ապահով տարածքներում։
25 տուն ավերվել է։
59 տուն լրջորեն վնասվել է։
222 տուն թեթևակի է վնասվել։
7 Թագավորության սրահ վնասվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։
ԱՏՕԿ-ները օգնել են 10 566 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։
Երկիրը լքել են 9 635 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։