ՄԱՐՏԻ 16, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #3 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում
Ցավով հայտնում ենք, որ մեր երկու քույրերը զոհվել են Մարիուպոլ քաղաքի ռմբակոծության ժամանակ։ Ներկայումս 2 000-ից ավելի եղբայրներ և քույրեր կան, ովքեր չեն կարողանում փախչել քաղաքից ինտենսիվ մարտերի պատճառով: Անցած մի քանի օրվա ընթացքում մոտ 150 Վկաների հաջողվեց դուրս գալ քաղաքից: Աղետից տուժածներին օգնելու կոմիտեում ծառայող եղբայրները փորձել են օգնություն հասցնել Մարիուպոլ, բայց ստիպված են եղել վերադառնալ, երբ նրանք և մարդասիրական օգնության այլ ավտոշարասյուներ ընկել են կրակահերթի տակ։ Թագավորության սրահի և համաժողովների սրահի համալիրի բակում արկ է ընկել։ Այդ ժամանակ Թագավորության սրահի նկուղում մոտ 200 եղբայրներ ու քույրեր էին պատսպարված։ Մեր հավատակիցներից ոչ ոք վնասվածքներ չի ստացել, բայց նրանց ավտոմեքենաները ջարդուփշուր են եղել, ինչի հետևանքով քաղաքից փախչելը խնդիր է դարձել։
Մի երեց (ներքևի նկարում), ում հաջողվել է ընտանիքի հետ հեռանալ Մարիուպոլից, ասում է. «Մենք կորցրինք մեր բնակարանը, աշխատանքը և չենք կարողանում կապ հաստատել մեր ընկերների հետ: Ճանապարհը, որը սովորաբար անցնում ենք մեկ օրում, անցանք վեց օրում: Մեքենայով անցնելիս ճանապարհի երկայնքով ծուխ տեսանք, որը դուրս էր գալիս չպայթած արկերից: Այդ ողջ ընթացքում մեր եղբայրներն օգնեցին, որ գիշերելու տեղ և սնունդ ունենանք։ Զգում ենք, որ Եհովան հոր պես հոգ է տանում մեր մասին, ուստի մղվում ենք լիովին վստահելու նրան»։
Ուկրաինացի փախստականները, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվել են եվրոպական երկրներ։ Օրինակ՝ մի ծառայող օգնական իր կնոջ և երեք երեխաների հետ (7, 11 և 16 տարեկան) մեկնեց Պորտուգալիա՝ Եհովայի վկա հարազատների մոտ։ Սահմանը անցնելու համար 11 ժամ սպասելուց հետո նրանք չորս օրում անցան ավելի քան 4 000 կիլոմետր (2 485 մղոն) ու տեղ հասան ժողովի հանդիպումից անմիջապես առաջ։ Ու թեև նրանք պորտուգալերեն չեն խոսում, սակայն պահպանելով հոգևոր սովորությունները՝ միացան հանդիպմանը։ Ժողովը շատ էր տպավորվել՝ տեսնելով, որ այդ ընտանիքը չի կորցնում ուրախությունը՝ չնայած բարդ իրավիճակին։
Մեկ այլ քույր, որն ընտանիքի հետ փախել էր Գերմանիա, ասում է. «Աստվածաշունչը կարդալը, դրական բաների ու մեր հրաշալի հույսի մասին մտածելը մեզ շատ ուժ է տալիս ու քաջալերում: Զգացինք, թե Եհովան ինչպես է մեր եղբայրների միջոցով օգնում ու առաջնորդում։ Մեզ այնքան լավ ընդունեցին Ուկրաինայում, Հունգարիայում և այստեղ՝ Գերմանիայում»։
Ակնհայտ է, որ Եհովան աջակցում է Ուկրաինայի մեր սիրելի հավատակիցներին (Սաղմոս 145:14)։
2022 թ. մարտի 16-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ:
Տուժած հավատակիցներ և վնասներ
4 քարոզիչ մահացել է։
19 քարոզիչ վնասվածքներ է ստացել։
29 789 քարոզիչ փախել է երկրի առավել անվտանգ տարածքներ։
45 տուն ավերվել է։
84 տուն լրջորեն վնասվել է։
366 տուն թեթևակի է վնասվել։
16 Թագավորության սրահ վնասվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։
ԱՏՕԿ-ները օգնել են 20 981 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։
Ուկրաինայից հեռացել են 11 973 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։