Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Լվովի գնացքի կայարանը՝ լի մարդկանցով։ Եղբայրներից մեկի տունը այրվում է ռմբակոծությունից հետո։ Քաջ երեցները Մարիուպոլում փնտրում են հավատակիցներին

ԱՊՐԻԼԻ 1, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #5 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #5 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

Ցավոք, 2022 թ. մարտի 29-ին Մարիուպոլում մահացել է մեր հավատակիցներից ևս յոթը։ Ընդհանուր հաշվով՝ պատերազմի զոհ է դարձել 17 հավատակից։

Ուկրաինայում աղետից տուժածներին օգնելու կոմիտեներում ծառայողները տքնաջան աշխատում են օգնություն տրամադրելու և պատերազմից տուժած շրջաններում իրենց հավատակիցներին փնտրելու համար՝ նույնիսկ իրենց կյանքը վտանգելով։

Օրինակ՝ ԱՏՕԿ-ների հետ աշխատող եղբայրները սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր են հասցրել ծանր վիճակում գտնվողներին Խարկովում, Կրամատորսկում և Մարիուպոլում։ ԱՏՕԿ-ում ծառայող եղբայրներից մեկը օրական ավելի քան 500 կիլոմետր (310 մղոն) ճանապարհ է կտրում, անցնելով բազմաթիվ ռազմական անցակետերով, և սնունդ ու դեղորայք հասցնում մոտ 2 700 քարոզիչների:

ԱՏՕԿ-ները նաև օգնում են մեր եղբարներին ու քույրերին փախչել պատերազմական գոտիներից՝ փոխադրամիջոցներ տրամադրելով։ Չեռնիգովում աղետից տուժածներին օգնելու կոմիտեի անդամներից մեկը պատմում է. «Երբ սկսեցին գնդակոծել բնակելի տարածքները, պարզ էր, որ քաղաքում մնալը չափազանց վտանգավոր էր: Քանի որ էլեկտրականությունն ու ինտերնետը չէին աշխատում, ռմբակոծությունների ժամանակ երեցները շտապում էին քաղաքի նկուղներում պատսպարված քարոզիչներին տեղեկացնել, որ տրանսպորտ կա, որով կարող են փախչել»։

Տրանսպորտային բիզնես ունեցող մի մարդ համաձայնեց տրամադրել իր ֆուրգոններն ու ավտոբուսները. նա ինը ուղևորություն կատարեց, որպեսզի օգնի Չեռնիգովի մեր 254 եղբայրներին ու քույրերին փախչել: Մի անգամ նա նույնիսկ ծանր տեխնիկայի օգնությամբ ճանապարհ վերանորոգեց, որպեսզի իր ավտոբուսը կարողանա անցնել այնտեղով: Մեր եղբայրները երախտապարտ էին նման օգնության համար։

Մենք սգում ենք մեր այն հավատակիցների համար, որոնք կորցրին իրենց կյանքը այս պատերազմի պատճառով։ Անհամբերությամբ սպասում ենք Աստծու Խոսքում արձանագրված հույսի իրականացմանը, ըստ որի՝ այլևս մահ ու ցավ չեն լինի (Հայտնություն 21:3, 4

Չեռնիգովից փրկված 40 քարոզիչների ընդունել են Թագավորության սրահներից մեկում, որը գտնվում է ապահով վայրում

2022 թ. մարտի 29-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ:

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • 17 քարոզիչ մահացել է։

  • 35 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 36 313 քարոզիչ փախել է երկրի առավել անվտանգ տարածքներ։

  • 114 տուն ավերվել է։

  • 144 տուն լրջորեն վնասվել է։

  • 612 տուն թեթևակի է վնասվել։

  • 1 Թագավորության սրահ ավերվել է։

  • 7 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 23 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։

  • ԱՏՕԿ-ները օգնել են 34 739 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։

  • Ուկրաինայից հեռացել են 16 175 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։