Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ Ուկրաինայում եղբայրներն ու քույրերը մարդասիրական օգնության արկղերը դնում են բեռնատարի մեջ, որոնք ստացել են Լեհաստանից։ Աջ կողմում՝ Գոստոմելում եղբոր տունը ավերվել է արկից

ԱՊՐԻԼԻ 13, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #6 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #6 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

Ցավոք, Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով մեր հավատակիցների շրջանում ավելացել է զոհերի թիվը։ Ընդհանուր առմամբ՝ մահացել է 28 Եհովայի վկա։

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Կիևի մոտակայքում գտնվող քաղաքներում պատերազմի առաջին շաբաթներին ծանր մարտեր են տեղի ունեցել: Այս տարածաշրջանում ապրող մոտ 4 900 քարոզիչներից ավելի քան 3 500-ը փախել են ավելի ապահով վայրեր։

Հետևյալ դեպքերը ցույց են տալիս, թե ինչպես են այս տարածքներում ապրող մեր եղբայրները արտասովոր պայմաններում անսասան հավատ դրսևորում։

Մակարիվ քաղաքից մի երեց՝ Օլեքսանդրը, փախել էր կենտրոնական Ուկրաինա՝ ավելի ապահով վայր։ Սակայն մտահոգվելով իր քարոզչական խմբի չորս քարոզիչների մասին, որոնց հետ չէր կարողանում կապ հաստատել՝ հետ եկավ պատերազմի գոտի՝ նրանց գտնելու։ Նա պատմում է. «Ես գիտեմ, որ Եհովայի համար շատ թանկ են իր ծառաները.... Երբ հասա նրանցից մեկի տան բակ, տեսա, որ այն ռմբակոծված էր։ Նկուղի դուռը փակ էր, և ոչ ոք չէր արձագանքում։ Դա ինձ վախեցրեց»։ Օլեքսանդրը կոտրեց նկուղի դուռը և ներս մտավ։ Այնտեղ նա տեսավ մի խումբ մարդկանց, որոնք ապշած իրեն էին նայում։ Նա գտավ քարոզիչներին, որոնց հետ պատսպարված էին նաև վերջիններիս ոչ Վկա հարևանները։

Յարոսլավը իր կնոջ հետ (մեջտեղում) և Օլեքսանդրը իր կնոջ հետ ճաշում են ապահով վայր տեղափոխվելուց հետո

Նկուղում գտնվող քարոզիչներից մեկը՝ Յարոսլավը, ասում է, որ իրենք ութ օր թաքնվել են ներքնահարկում։ Նա պատմում է. «Մենք ունեինք ընդամենը մի քանի թխվածքաբլիթ և օրը մեկ բաժակ ջուր՝ մեկ անձի համար: Բայց մենք կարդում էինք Աստվածաշունչն ու մեր հրատարակությունները, աղոթում էինք և քաջալերում միմյանց։ Երբ լսեցի, որ Օլեքսանդրն իմ անունն է կանչում, մտածեցի՝ զինվորներն են եկել ինձ տանելու։ Մտածում էի, որ մահանալու եմ.... [Սակայն] նա փրկեց մեզ բոլորիս: Մենք երախտապարտ ենք Եհովային նման սիրառատ հոգևոր ընտանիքի համար՝ մարդկանց, ովքեր աղոթում են մեզ համար և նույնիսկ իրենց կյանքը վտանգելով՝ մեզ օգնության հասնում»։

Պիլիպ

Պիլիպը և մեկ այլ եղբայր որոշեցին ուտելիք տանել նրանց, ովքեր մնացել էին Բորոդյանկա քաղաքում: Մարտի 17-ին, երբ նրանք գնում էին դեպի քաղաք, զինվորները վերցրին Պիլիպի մեքենան և սնունդը: Այնուհետև նրանք ձերբակալեցին երկու եղբայրներին, ձեռնաշղթաներ հագցրին, աչքերը կապեցին և ևս յոթ տղամարդկանց հետ տարան նկուղում գտնվող մի փոքրիկ սենյակ։ Երկու օր անց նրանց տեղափոխեցին մի խուց, որտեղ պահակները ծեծեցին եղբայրներին։ Պիլիպն ասում է. «Վստահ չէի, որ ողջ կմնամ: Աղոթում էի, որ հավատարմությունս պահեմ»։

Մի անգամ, երբ Պիլիպին ծեծում էին, սկսեց բարձրաձայն աղոթել տարեց քույրերի համար, ովքեր առանց սննդի էին մնացել, իր ընտանիքի անվտանգության համար, նաև շնորհակալություն հայտնեց Եհովային ծառայության մեջ երջանիկ տարիներ անցկացնելու համար։ Պահակը նրան հետ տարավ խուց, որտեղ նա շարունակեց աղոթել, որպեսզի զինվորները հասկանան, որ իրենք վտանգավոր չեն: Երկու եղբայրներն էլ սկսեցին վկայություն տալ պահակներին։ Երկու օր շարունակ նրանք քարոզում էին հերթափոխով աշխատող բոլոր պահակներին։ Բանտարկված տղամարդկանցից մեկին հետաքրքրեց Աստվածաշունչն, ու նա շնորհակալություն հայտնեց եղբայրներին։ Մարտի 27-ին եղբայրներն ու այդ տղամարդը ազատ արձակվեցին։

Բուչայից մի ամուրի քույր՝ Սվիտլանան, երկու շաբաթ չէր կարողանում փախչել պատերազմական գոտուց։ Նա պատմում է. «Ավելի քան երբևէ, հասկանում եմ Եհովայի տված խաղաղության կարևորությունը։ Աստծու խաղաղությունն ունենալը չի նշանակում, որ մենք միշտ գիտենք, թե ինչ անենք: Բայց երբ իրավիճակից ելք չենք տեսնում, մենք լիովին ապավինում ենք Եհովային»։

Ուկրաինայի մեկ այլ շրջան մեկնելիս Սվիտլանան վկայություն տվեց մի կնոջ և նրա եղբորորդուն։ Նրանք բոլորը հասան ավելի ապահով տարածք, և նրանց դիմավորեց Վկաների մի ընտանիք: Այդ ընտանիքը օթևան տրամադրեց Սվիտլանային, ինչպես նաև կնոջն ու նրա եղբորորդուն։ Հաջորդ օրը կինը ժողովի հանդիպմանը մասնակցելու ցանկություն հայտնեց և Աստվածաշունչ ու գրականություն խնդրեց։ Սվիտլանան շարունակում է կապ պահել նրա հետ։

2022 թ. ապրիլի 12-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ:

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • 28 քարոզիչ մահացել է։

  • 48 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 40 778 քարոզիչ փախել է երկրի առավել անվտանգ տարածքներ։

  • 278 տուն ավերվել է։

  • 268 տուն լրջորեն վնասվել է։

  • 746 տուն թեթևակի է վնասվել։

  • 1 Թագավորության սրահ ավերվել է։

  • 9 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 26 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։

  • ԱՏՕԿ-ները օգնել են 41 974 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։

  • Ուկրաինայից հեռացել են 18 097 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։