Անցնել բովանդակությանը

Եղբայրներն ու քույրերը հումանիտար օգնության արկղեր են տեղափոխում

ՀՈՒՆԻՍԻ 10, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #9 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #9 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

Ուկրաինայի մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտեների (ԱՏՕԿ) հետ շարունակում է հոգ տանել տեղահանված եղբայրների ու քույրերի մասին։ Պատերազմի սկզբից մինչ օրս Լեհաստանից Ուկրաինա է ներմուծվել ավելի քան 250 տոննա հումանիտար օգնություն՝ սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ և այլն։ Բացի դրանից՝ Ուկրաինայի առավել անվտանգ տարածքներում բնակվող հավատակիցները ավելի քան 80 տոննա սնունդ են ուղարկել։

Կիևից Վալենտինա անունով մի քույր, ով օգնություն ստացավ ԱՏՕԿ-ից, գրել է. «Երբ սկսվեց պատերազմը, քաղաքում մնալը չափազանց վտանգավոր դարձավ։ Այդ իսկ պատճառով ես տեղափոխվեցի Չերկասի մարզում գտնվող մի փոքր քաղաք։ Արդեն 2 ամիս է՝ այստեղ եմ։ Տեղի ժողովի եղբայրներն ու քույրերը այնքա՜ն հոգատար են իմ հանդեպ։ Չեմ մոռանա, թե նրանք ինչպես մի քանի արկղ սնունդ ու հիգիենայի պարագաներ բերեցին ինձ։ Դա տեսնելով՝ չկարողացա զսպել հուզմունքս։ Արկղերից մեկում կային ջրաներկով պատկերազարդված մի բացիկ և մի նկար, որը պատրաստել էր Բլանկա անունով 4-ամյա մի աղջնակ... Այս նկարները որպես թանկ հուշ կպահեմ։ Բառերով չեմ կարող նկարագրել այն երախտագիտության զգացումը, որ ունեմ իմ բոլոր հավատակիցների և, իհարկե, Եհովայի հանդեպ»։

Փոքրիկները բացիկներ են պատրաստում, որոնք դրվելու են տուժածներին ուղարկվող արկղերի մեջ

Սևերոդոնեցկից 83-ամյա մի հաշմանդամ քույր, ում անունը նույնպես Վալենտինա է, գրել է. «Մենակ էի ապրում, երբ սկսվեց պատերազմը։ Իմ միակ որդին պատերազմից առաջ մահացել էր։ Սարսափելի էր. քաղաքն ամբողջ օրը ռմբակոծվում էր։ Ո՛չ ջուր կար, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ գազ, ինտերնետային կապն էլ շատ վատ էր աշխատում։ Այնքա՜ն շնորհակալ եմ եղբայրներին. նրանք պատրաստ էին ինձ օգնելու համար իրենց կյանքը վտանգել»։

Նա շարունակում է. «Ավելի ուշ եղբայրները ինձ ու ևս երկու հաշմանդամ քույրերի տեղափոխեցին Դնեպր քաղաք, որտեղ ավելի ապահով էր։ Այնտեղ եղբայրներն օգնեցին ինձ կացարան գտնել։ Հիմա ես ապրում եմ մի Վկա ընտանիքի հետ։ Նրանք հոգ են տանում իմ մասին, իմ հարազատներն են դարձել։ Անգամ օգնել են, որ սմարթֆոն ունենամ, որպեսզի կարողանամ միանալ ու մասնակցել ժողովի հանդիպումներին։ Երբեք չեմ մոռանա հավատակիցներիս դրսևորած բարությունը»։

Ի սրտե շնորհակալ ենք մեր սիրառատ Հորը՝ Եհովային, ով շարունակում է հոգալ Ուկրաինայում բնակվող մեր թանկագին եղբայրների ու քույրերի մասին, որպեսզի նրանց համար «ոչ մի բարիք չպակասի» (Սաղմոս 34։10

2022 թ. հունիսի 7-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ:

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • 42 քարոզիչ մահացել է։

  • 82 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 46 145 քարոզիչ փախել է երկրի առավել անվտանգ տարածքներ։

  • 469 տուն ավերվել է։

  • 540 տուն լրջորեն վնասվել է։

  • 1 405 տուն թեթևակի է վնասվել։

  • 5 Թագավորության սրահ ավերվել է։

  • 8 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 33 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։

  • ԱՏՕԿ-ները օգնել են 50 663 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։

  • Ուկրաինայից հեռացել են 22 995 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։