Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 2020
ՈՒԿՐԱԻՆԱ

ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել հօգուտ Ուկրաինայի Եհովայի վկաների

ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել հօգուտ Ուկրաինայի Եհովայի վկաների

Դատարանը դատապարտել է Ուկրաինային՝ կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործություններ կատարած մարդկանց չպատժելու համար։

2020 թ. նոյեմբերի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 3 վճիռ կայացրեց հօգուտ Ուկրաինայում բնակվող Եհովայի վկաների։ Դատական գործերն էին՝ «Զագուբնիան և Տաբաչկովան ընդդեմ Ուկրաինայի», «Միգորյանուն և այլք ընդդեմ Ուկրաինայի» և «Կորնիլովան ընդդեմ Ուկրաինայի»: Այդ գործերը դատարան են ներկայացվել 2014–2015 թթ.-ին։ Բոլոր գործերն էլ առնչվում են այնպիսի դեպքերի, երբ իրավապահ մարմինները պատժի չեն ենթարկել Եհովայի վկաների նկատմամբ բռնություն գործադրած անձանց։ ՄԻԵԴ-ը հայտարարեց, որ Ուկրաինայի իշխանությունները լիարժեք կերպով չեն պաշտպանել մեր հավատակիցների իրավունքները, և պահանջեց տուժածներին փոխհատուցում տրամադրել 14 700 եվրոյի (17 400 դոլար) չափով։

«Զագուբնիան և Տաբաչկովան ընդդեմ Ուկրաինայի»։ 2009 թ. ապրիլի 20-ին քույրեր Զագուբնիան և Տաբաչկովան Նովի Մլինի գյուղում տնետուն ծառայություն կատարելիս փողոցում հանդիպել են այդ գյուղի ուղղափառ եկեղեցու քահանա Միկոլ Լիսենկոյին, որը փայտով հարվածել է նրանց գլխին ու մեջքին։ Թեև քահանան խոստովանել է, որ ցանկացել էր «վախեցնել» մեր քույրերին և «խոչընդոտել նրանց գործունեությունը», սակայն չի պատժվել։

«Միգորիանուն և այլք ընդդեմ Ուկրաինայի»: 2012 թ. ապրիլի 5-ին 21 Եհովայի վկա և հրավիրված այլ մարդիկ հավաքվել էին՝ նշելու Հիսուսի մահվան հիշատակի երեկոն, երբ ուղղափառ եկեղեցու՝ Մոսկվայի պատրիարքության քահանա Օ. Գրեկուն ամբոխի հետ ընդհատեց հանդիպումը։ Նրանք հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրին ներկաների, այդ թվում՝ երեխաների և տարեց կանանց հասցեին։

Դրանից հետո քահանան և նրա համախոհները շարունակել են հալածել Եհովայի վկաներին՝ ծեծել են մեր եղբայրներին, վառել են մեր եղբայրներից մեկի մեքենան և պայթուցիկ հեղուկով լցված շիշ են նետել Վկաների տան վրա, երբ նրանք քնած են եղել։ Տուժածները ոստիկանություն են դիմել և փաստեր են ներկայացրել։ Որոշ դեպքերում առկա են եղել տեսաձայնագրություններ, սակայն ոստիկանները այդ արարքները չեն որակել որպես կրոնական հողի վրա կատարված հանցագործություն և ասել են, իբր տեսանյութերից պարզ չէ, թե ովքեր են հանցագործություն կատարողները: Ոչ քահանան է պատժվել, ոչ նրա համախոհները։

«Կորնիլովան ընդդեմ Ուկրաինայի»։ 2013 թ. մարտի 7-ին Նոսիվկա քաղաքում քույրեր Կորնիլովան և Սերդյուկը իրենց հարևաններին հրավիրում էին ներկա գտնվելու Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին, երբ մի մարդ սկսեց հայհոյել ու վիրավորել մեր քույրերին, հետո հարձակվեց նրանց վրա ու այնպես հարվածեց քույր Կորնիլովայի դեմքին, որ վերջինս ուղեղի ցնցում ստացավ։ Նա 11 օր հիվանդանոցում մնաց։ Ոստիկանությունը դա որակեց ոչ թե կրոնական հողի վրա կատարված հանցագործություն, այլ ընդամենը «անձնական թշնամանք»։ Դատարանը չնչին տուգանք նշանակեց այդ տղամարդու նկատմամբ։

Ձախից աջ. քույրեր Տետյանա Կորնիլովան, Տետյանա Զագուբնիան, Մարիա Տաբաչկովան և եղբայր Վասիլ Միգորյանուն։ 2009–2013 թթ. Ուկրաինայում կրոնական ատելության պատճառով հալածված Վկաներից չորսը։

Ուկրաինայի մասնաճյուղի ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարության և օտարերկրյա պաշտոնյաների հետ՝ քննարկելու Վկաների դեմ իրականացվող հալածանքը։ Այս բոլոր միջոցներին դիմելուց հետո եղբայրները 2014 թ.-ին սկսեցին հայցեր ներկայացնել ՄԻԵԴ։ Հատկանշական է, որ նախորդ տարի պաշտոնյաները արդեն սկսել էին արձանագրել Ուկրաինայում դրսևորվող կրոնական անհանդուրժողականության դեպքերը։ Ուկրաինայի՝ մարդու իրավունքների պաշտպանի 2013 թ. հաշվետվության մեջ ասվում է. «Անհանդուրժողականության պատճառով կատարված հանցագործությունների ոչ բավարար քննությունը անպատժելիության մթնոլորտ է ստեղծում մեղավորների համար»։ Ուկրաինայի վերաբերյալ 2013 թ. հաշվետվությունը ներկայացնելիս ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն նույնպես իր մտահոգությունը հայտնեց, որ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները, այդ թվում՝ Վկաների դեմ կատարված, ինչպես հարկն է, չեն քննվում։ Եզրափակելով զեկույցը՝ Կոմիտեն հայտնեց, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է «լրացուցիչ քայլեր ձեռնարկի, որպեսզի ատելության հողի վրա կատարված հանցագործությունները ամենայն ուշադրությամբ քննվեն, և գործ հարուցվի մեղավորների դեմ.... և մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կրեն իրենց արժանի պատիժը, իսկ տուժածները համարժեք փոխհատուցում ստանան»։

Վերջին տարիներին Ուկրաինայի կառավարությունը իրավիճակը բարելավելու համար քայլեր է ձեռնարկել։ Ճիշտ է, այդ երկրում Եհովայի վկաները ազատորեն դավանում են իրենց կրոնը, սակայն հուսով ենք, որ ՄԻԵԴ-ի այս երեք որոշումները Ուկրաինայի, ինչպես նաև մյուս երկրների իրավապահ մարմիններին կմղեն պաշտպանելու մեր հավատակիցների կրոնական ազատության իրավունքը։ Մենք անհամբեր սպասում ենք, որ Եհովան, ում «ճանապարհները արդար են», վերջ դնի այն բոլոր հալածանքներին, որոնք կրում են իրեն պաշտող մարդիկ (2 Օրենք 32։4