ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 2019
ՈՒԿՐԱԻՆԱ
ՄԻԵԴ-ի որոշումը ճանապարհ է հարթում Ուկրաինայում Թագավորության սրահ կառուցելու համար
2019 թ. սեպտեմբերի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) Պալատը որոշում կայացրեց հօգուտ Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի Եհովայի վկաների։ Դատարանը մեղավոր ճանաչեց Կրիվոյ Ռոգի քաղաքային խորհրդին եղբայրներին դիտավորյալ կերպով Թագավորության սրահ կառուցելու շինթույլտվություն չտալու մեջ։
Համաձայն Պալատի որոշման՝ քաղաքային խորհուրդը ոտնահարել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը պաշտպանում է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, որով պաշտպանվում է գույքից անարգել օգտվելու իրավունքը։ Այն սահմանեց, որ քաղաքային խորհուրդը գույքի սեփականատեր հանդիսացող երկու ժողովներին պետք է վճարի 7 000 եվրո (մոտ 7 768 ԱՄՆ դոլար)՝ որպես պատճառված վնասի և իրավական ծախսերի հատուցում։ Ուկրաինայի կառավարությունը երեք ամսվա ընթացքում կարող է բողոքարկել Պալատի որոշումը ՄԻԵԴ-ի բարձրագույն ատյան՝ Մեծ պալատ։
Ավելի քան 15 տարի է անցել այն բանից հետո, երբ Կրիվոյ Ռոգի երկու ժողովները առաջին անգամ դիմեցին Թագավորության սրահի շինթույլտվություն ստանալու համար։ 2004 թ. օգոստոսի 9-ին նրանք գնեցին մի բնակելի շինություն, որը գտնվում է քաղաքային իշխանությանը պատկանող հողատարածքում, ուստի Թագավորության սրահ կառուցելու նպատակով դիմեցին իշխանություններին, որ ստանան հինգ տարվա վարձակալության իրավունք։ Քաղաքային խորհուրդը իր նախնական հավանությունը տվեց 2005 թ. սեպտեմբերի 28-ին, բայց եղբայրներին հիշեցրեց, որ վերջնական շինթույլտվություն ստանալու համար նրանց շիննախագիծը պետք է հավանություն ստանա որոշ պետական մարմինների կողմից։
Երբ նախագիծը մշակվեց և հավանություն ստացավ համապատասխան բոլոր պետական մարմինների կողմից, 2006 թ. օգոստոսի 23-ին ներկայացվեց քաղաքային խորհուրդ՝ վերջնական հավանություն ստանալու համար։ Թեև օրենքը պահանջում է, որ քաղաքային խորհուրդը իր որոշումը կայացնի մեկ ամսվա ընթացքում, այն այդպես էլ չպատասխանեց եղբայրների դիմումին։ Նույնիսկ երբ մարզային դատարանը հաստատեց, որ քաղաքային խորհրդի գործողությունները անօրինական են եղել, այն չտվեց վերջնական թույլտվություն։ Երբ հետագա դատական գործողությունները արդյունք չտվեցին, 2010 թ. ապրիլի 13-ին եղբայրները գանգատ ուղարկեցին ՄԻԵԴ։
Մենք ուրախ ենք, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Կրիվոյ Ռոգի մեր եղբայրների։ Աղոթում ենք, որ այդ որոշումը նախադեպ լինի, որպեսզի մեր հավատակիցները կարողանան Եհովային երկրպագելու համար վայրեր կառուցել այն երկրներում, որտեղ այսպիսի ազատությունները սահմանափակված են (Սաղմոս 118։5–9)։