ՀՈՒԼԻՍԻ 20, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ
Քիչ ունենալը չի խանգարում առատաձեռն լինել
Ուկրաինայում պատերազմի պատճառով մոտ 47 000 Եհովայի վկաներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Շատերը փախել են երկրի առավել ապահով շրջաններ, որտեղ հավատակիցները նրանց տրամադրել են ապաստան, հագուստ, սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ: Թեև այս հյուրընկալ եղբայրներն ու քույրերը նույնպես տնտեսական դժվարությունների են բախվում, բայց նրանք պատրաստակամորեն օգնում են կարիքի մեջ եղող իրենց հավատակիցներին։
Ումանում (Ուկրաինա) ապրող Օլհան և նրա ոչ Վկա ամուսինը պատերազմի առաջին երկու ամիսներին հյուրընկալել են ընդհանուր առմամբ 300 քարոզիչների։ Տարհանված եղբայրներից և քույրերից շատերը նրանց տանը մնացել են միայն մեկ գիշեր, ապա շարունակել են իրենց ճամփորդությունը։ Օլհային հաճախ գիշերվա կեսին էին տեղեկացնում, որ նրա տուն մարդիկ են գալիս և որ շուտով տեղ են հասնելու։ Մի անգամ Օլհան միաժամանակ հյուրընկալեց 22 եղբայրների և քույրերի։ Օլհայի 18-ամյա որդու՝ Ստանիսլավի համար սա առատաձեռնություն դրսևորելու լավ հնարավորություն է։ Նա հաճախ քնում է գետնին, որպեսզի եղբայրները քնեն իր ննջարանում։
Օլհան ասում է. «Երջանիկ եմ, որ այս աղետալի ժամանակներում կարող եմ օգնել Եհովայի ժողովրդին։ Իսկապես շատ եմ ուրախանում»։
Անդրեյը և նրա կինը՝ Լյուդմիլան, հինգ շաբաթների ընթացքում հյուրընկալեցին 200 Վկաների։ Մի օր նրանք միանգամից հյուրընկալել են 18 հոգու։ Անդրեյն ասում է. «Մենք հետևել էինք մասնաճյուղի հրահանգին և սննդի որոշակի պաշար էինք հավաքել։ Մեկուկես շաբաթ այն օգտագործել ենք տարհանված եղբայրների համար։ Նրանք բացիկներ էին թողնում, որոնց մեջ գումար էր լինում, դրանով հաջորդ հյուրերի համար սնունդ էինք ձեռք բերում։ Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն ևս սնունդ տրամադրեց մեզ։ Այդ ընթացքում մենք ոչ մի բանի պակաս չենք ունեցել»:
Մարտ ամսին Իվանո-Ֆրանկովսկից Վիտան տեղափոխվեց իր քրոջ մոտ, որպեսզի իր բնակարանը տրամադրի տարհանված հավատակիցներին։ Նա ասում է. «Դա ինձ համար ոչ թե զոհողություն է, այլ սիրո դրսևորում։ Այն, ինչ անում եմ հավատակիցներիս համար, ինձ ուրախություն է պատճառում։ Մենք բոլորս մեկ ընտանիք ենք»։
Նատալյան ամուսնու և դստեր՝ Հաբրիելայի հետ ապրում է Տեռնոպոլում։ Երբ պատերազմը սկսվեց, նրանք կորցրին աշխատանքը և ստիպված էին ծախսել իրենց խնայողությունների մեծ մասը, որպեսզի հոգային իրենց կարիքները։ Այնուամենայնիվ, նրանք պատրաստ էին ապաստան տրամադրել մեր քրոջն ու նրա հաշմանդամ դստերը։
Նատալյան պատմում է. «Ես հիշեցի Աֆրիկայում ապրող մի քրոջ մասին, ով չնայած նյութական քիչ միջոցներին՝ համաժողովի 14 պատվիրակ էր հյուրընկալել ու ոչնչի պակաս չէր ունեցել»։ Նա ասում էր, որ այս դեպքն օգնել է իրեն ուրիշների շահերը առաջին տեղում դնել։
Թեև Ուկրաինայի մեր հավատակիցները դժվարությունների են բախվում, բայց նրանք իմաստնորեն իրենց հույսը Եհովայի վրա են դնում և «ձգտում են հյուրասեր լինել» (Հռոմեացիներ 12։13)։