ՀՈՒԼԻՍԻ 1, 2019
ՈՒԿՐԱԻՆԱ
Ուկրաինայում Եհովայի վկաները Աստվածաշնչի ցուցահանդեսներ են կազմակերպել
Ուկրաինայում Եհովայի վկաները Աստվածաշնչի հատուկ ցուցահանդեսներ են կազմակերպել, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեն ռուսական ժեստերի լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման վրա, ինչը նշանակալից իրադարձություն է մեր թարգմանչական գործում։ Ցուցահանդեսները մեկնարկեցին 2018 թ. հոկտեմբերի 7-ին Լվովում և շարունակվեցին մինչև 2019 թ. հունիսի 7-ը։ Ցուցահանդեսներ կազմակերպվել էին նաև Խարկովում, Կիևում, Օդեսայում և Դնեպրում։
Յուրաքանչյուր ցուցահանդեսից առաջ տեղի ժեստերի լեզվով ժողովները խուլ և լսողության խանգարումներ ունեցող մարդկանց տալիս էին տպագիր և տեսագրված հրավերներ։ Բացի այդ, Ուկրաինայի մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժինը հրավերներ բաժանեց ուսուցիչներին, ԶԼՄ-ներին և պետական պաշտոնյաներին։
Առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ Լվովի «Խուլերի միավորման» շենքում։ Այցելուներին ցույց տվեցին տարբեր թվային գործիքներ, որոնք խուլ մարդկանց հնարավորություն են տալիս ուսումնասիրելու Աստվածաշունչը, օրինակ՝ JW Library Sign Language® հավելվածը։ Ցուցադրված էին նաև Աստվածաշնչի տարբեր ձևաչափեր՝ փաթույթից մինչև ժամանակակից գիրք, որոնք օգտագործվել են դարերի ընթացքում։ Ցուցահանդեսի ուշագրավ նմուշներից էր 1927 թ. հրատարակության Աստվածաշունչը։
Մենք ուրախ ենք, որ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» այժմ առկա է ռուսական ժեստերի լեզվով։ Վստահ ենք, որ այն կօգնի այդ լեզվով հաղորդակցվող մարդկանց ճշգրիտ գիտելիքներ ստանալու Աստվածաշնչից (Մատթեոս 5:3)։