Իրավիճակը Ուկրաինայում
Ավելի քան մեկ դար է, ինչ Եհովայի վկաները քարոզում են Ուկրաինայում։ Վկաները պետական գրանցում ստացան 1991թ. փետրվարի 28-ին՝ Ուկրաինայի՝ անկախ պետություն դառնալուց կարճ ժամանակ առաջ։
Նացիստական ու սովետական վարչակարգի տարիներին Եհովայի վկաները խիստ հալածանքների էին ենթարկվում Ուկրաինայում։ 1951թ. ապրիլի 8-ին Խորհրդային իշխանությունը արևմտյան Ուկրաինայից Սիբիր արտաքսեց ավելի քան 6100 Վկաների։ 1965թ. հունիսին իրավիճակը փոքր-ինչ բարելավվեց, երբ Ուկրաինայի Գերագույն դատարանը որոշում կայացրեց, որ Եհովայի վկաների գրականությունը կրոնական է, և ոչ հակախորհրդային։ Վկաների գրականությունը ընթերցելու համար իշխանությունները այլևս չէին ձերբակալում մարդկանց, սակայն շարունակում էին ազատազրկել Վկաներին, քանի որ վերջիններս իրենց հավատալիքների մասին պատմում էին ուրիշներին։ 1965թ. սեպտեմբերին կառավարությունը համաներում հայտարարեց, և 1951թ. Սիբիր աքսորված բոլոր Վկաները ազատ արձակվեցին, սակայն շատերին թույլ չտրվեց վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը։ Խիստ հալածանքները շարունակվեցին մինչև 1980-ականների սկիզբը։
Այսօր Եհովայի վկաները ազատորեն մասնակցում են իրենց կրոնական հանդիպումներին և քարոզչական գործունեություն իրականացնում՝ առանց կառավարության կողմից որևէ խոչընդոտի։ Սակայն հաճախ Վկաները ատելության հողի վրա կատարված հանցագործությունների զոհ են դառնում։ Կառավարությունը գրեթե ոչինչ չի ձեռնարկում՝ Վկաներին և նրանց երկրպագության վայրերը հարձակումներից պաշտպանելու համար։ Վկաների դեմ հարձակումները շարունակվում են, քանի որ իշխանությունները անպատիժ են թողնում հանցագործներին։ Երկրի արևելյան մասերում տիրող խռովությունը ավելի է սրում այս իրավիճակը։