Անցնել բովանդակությանը

2017թ. օգոստոսի 4-ին՝ ուրբաթ, հակաահաբեկչական հատուկ ջոկատները զինվորականների և ոստիկանների հետ ընդհատեցին Եհովայի վկաների կրոնական արարողությունները Ալչևսկում և Լուգանսկում՝ պատճառաբանելով, որ տարածքում ռումբ կա տեղադրված

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2017
ՈՒԿՐԱԻՆԱ

Կրոնի ազատությունը վտանգի տակ է Ուկրաինայի արևելյան շրջաններում

Կրոնի ազատությունը վտանգի տակ է Ուկրաինայի արևելյան շրջաններում

Արդեն չորրորդ տարին է, ինչ Ուկրաինայի արևելյան շրջաններում գտնվող Լուգանսկ և Դոնեցկ մարզերի որոշ տարածքներում հակամարտություն է ընթանում, որի հետևանքով բնակիչներից շատերը դժվարություններ են կրում, և նրանց կենսապայմանները գնալով վատթարանում են։ Այդ տարածքներում բնակվող Եհովայի վկաների համար իրավիճակը ավելի բարդացնում է աճող կրոնական անհանդուրժողականությունը։ Ակնհայտ է, որ տեղի իշխանությունների վրա ազդեցություն ունեն վերջերս Ռուսաստանի դատական ատյանի որոշումները, որոնցով արգելքի տակ է դրվում Եհովայի վկաների գործունեությունն այդ երկրում։ Հետևելով Ռուսաստանի օրինակին՝ տեղի իշխանության որոշ ներկայացուցիչներ անօրինական մեթոդներ են կիրառում այդ տարածքներում ապրող Վկաներին մեղադրանք առաջադրելու համար և սպառնում են նրանց կրոնի ազատությանը։

Ապացույցներ են կեղծվում

Ռուսաստանի դատախազների գործելակերպն ընդօրինակելով՝ այդ տարածքների իշխանությունները ապացույցներ են կեղծել Եհովայի վկաներին մեղադրանք առաջադրելու նպատակով։

  • 2017թ. հուլիսին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանը Վկաների կրոնական ամսագրերից երկու հոդված ներառել է ծայրահեղական նյութերի հանրապետական ցուցակում։ Վկաներին չէին իրազեկել դատական նիստերի մասին, ոչ էլ տրամադրել էին անմիջապես ուժի մեջ մտած որոշման օրինակը, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենային բողոքարկելու այն։

  • 2017թ. օգոստոսին Նովոազովսկի և Դեբալցևոյի դատախազությունները նախազգուշական նամակներ ուղարկեցին տեղի Վկաներին, որոնցում նշվում էր, որ նրանք չպետք է տարածեն իրենց «Դիտարան» և «Արթնացե՛ք» կրոնական ամսագրերը՝ առանց նախապես թույլտվություն ստանալու։ Այդ կերպ իշխանությունները խոչընդոտում են անգամ այն կրոնական նյութերի տարածումը, որոնք չեն համարվում ծայրահեղական, և սպառնում են պատասխանատվության ենթարկել ժողովի երեցներին Վկաների գրականության տարածման ցանկացած դեպքի համար։ Նմանատիպ նամակ ավելի ուշ ուղարկվեց Մակեևկա քաղաքի Վկաներին։

  • 2017թ. օգոստոսի 4-ին հակաահաբեկչական հատուկ ջոկատները զինվորականների և ոստիկանների հետ ընդհատեցին Եհովայի վկաների կրոնական արարողությունները Ալչևսկում և Լուգանսկում՝ պատճառաբանելով, որ տարածքում ռումբ կա տեղադրված։ Ներկաներին շենքերից տարհանելուց հետո իրավապահ մարմինները ստուգեցին բոլորի փաստաթղթերը։ *

Ալչևսկում ընդհատում են կրոնական արարողությունը

Ալչևսկում իրավապահ մարմինները տեսագրել էին իբրև թե ռումբ փնտրելու նպատակով շենքում անցկացված ստուգումները։ Արդյունքում՝ նրանք «գտան» Վկաների մի քանի կրոնական հրատարակություններ և «հայտնաբերեցին» ԼԺՀ-ի * վերաբերյալ հակապրոպագանդային գրքույկներ, որոնք իրավապահ մարմինները գաղտնի ներս էին բերել և դրել այնտեղ։

Անհիմն մեղադրանքներ կրոնական գործունեությունը խոչընդոտելը արդարացնելու համար

Թագավորության սրահ ներխուժելուց մի քանի շաբաթ անց Լուգանսկի իշխանությունները անհիմն կերպով Եհովայի վկաներին ներկայացրին որպես պետության թշնամիներ։ 2017թ. օգոստոսի 28-ին ԼԺՀ-ի պետական անվտանգության փոխնախարար Օլեքսանդր Բասովը պաշտոնական հայտարարություն արեց՝ զրպարտելով Եհովայի վկաներին։ Նա հղում արեց Ալչևսկի Թագավորության սրահում գաղտնի դրված և «հայտնաբերված» պրոպագանդային նյութերին որպես ապացույց իր այն պնդման, թե Վկաները աջակցում են Լուգանսկի տարածքում ահաբեկչական համարվող խմբավորումներին։

Ուկրաինայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Իվան Ռիհերն ասում է. «Այն բոլոր հրատարակությունները, որոնք, ինչպես նշում է փոխնախարար Բասովը, «հայտնաբերվել են» Թագավորության սրահում, անշուշտ, գաղտնի դրվել և հայտնաբերվել են նույն խմբի կողմից։ Ինչպես որ պնդում են, հնարավոր է՝ նման գրականություն տարածվել է Ալչևսկում, սակայն, ինչ խոսք, ոչ Եհովայի վկաների կողմից։ Նրանք չեզոք են, ինչպես որ փաստում են այն հարյուրավոր Վկաների օրինակները, որոնք ներկայումս աշխարհի տարբեր ծայրերում ազատազրկված են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Եհովայի վկաներից ոչ մեկը չի օժանդակում Ուկրաինայում ընթացող հակամարտության որևէ կողմին»։ *

Եհովայի վկաների դեմ ճնշումը ուժգնանում է

Այդ տարածքում որոշ Եհովայի վկաներ հայտնում են, որ իշխանությունները իրենց արգելել են իրենց համոզմունքների մասին ուրիշների հետ խոսել և նախազգուշացրել են, որ դադարեն դա անելուց, թեև ոչ ոք դեռ պատասխանատվության չի ենթարկվել։ Շատ Վկաներ նաև հայտնում են, որ անվտանգության ծառայությունը կանչել է իրենց, որպեսզի հանդիպեն իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում Վկաներին հարցաքննել են, վախեցրել և ճնշում են բանեցրել նրանց վրա, որպեսզի վերջիններս հայտնեն իրենց կրոնական գործունեությունը կազմակերպող անձանց անունները։ Տեղի իշխանությունները նաև ներխուժել են պաշտամունքի վայրեր և ընդհատել կրոնական արարողությունները։

Լուգանսկի և Դոնեցկի որոշ տարածքներում Եհովայի վկաների նկատմամբ դրսևորվող կրոնական խտրականությունն ու նրանց վրա գործադրվող ճնշումը պարզապես ոտնձգության դրսևորումներից ավելին են. դրանք կրոնական հողի վրա հալածանք են և սպառնալիք կրոնի ազատության համար։ Եհովայի վկաները ավելի ու ավելի զգուշավորություն են դրսևորում և իրավական պաշտպանության միջոցներ են փնտրում, որպեսզի կարողանան անարգել իրականացնել իրենց կրոնական գործունեությունը։

^ պարբ. 7 Ալչևսկում երկու երեցների հարցաքննեցին ամբողջ օրը։ Նրանք բացատրեցին, որ ողջ հակամարտության ընթացքում ժողովը առանց խոչընդոտների կրոնական արարողություններ էր անցկացնում Թագավորության սրահում, որը գտնվում էր գլխավոր շտաբից ոչ հեռու։ Սակայն այդ երեցներից մեկին տուգանեցին 5000 ռուբլով (83 ԱՄՆ դոլար) ռազմական դրության ժամանակ հավաք կազմակերպելու համար և 3000 ռուբլով (48 ԱՄՆ դոլար) Թագավորության սրահի հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար։

^ պարբ. 8 ԼԺՀ-ն, կամ՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը վերահսկում է որոշ տարածքներ Լուգանսկի մարզում։

^ պարբ. 11 2014թ. ամռանը Ուկրաինայի նախագահը հայտարարեց մասնակի զորահավաք՝ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ընթացող հակամարտությանը։ Երբ Ուկրանիայի բանակի նախկին զինվոր Վիտալի Շալայկոն, որն այժմ Եհովայի վկա է, ծանուցագիր ստացավ, բացատրեց, որ համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում է զինծառայությունից։ 2015թ. հունիսի 23-ին Ուկրաինայի քրեական և քաղաքացիական գործերով բարձր մասնագիտացված դատարանը պաշտպանեց նույնիսկ զորահավաքի ժամանակ զինծառայությունից հրաժարվելու նրա իրավունքը։ Հազարավոր այլ Վկաներ Ուկրաինայում նույն դիրքորոշումն ունեն։