Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 10, 2015
ՈՒԿՐԱԻՆԱ

Արևելյան Ուկրաինայում հալածվում են հավատի համար

Արևելյան Ուկրաինայում հալածվում են հավատի համար

Սկսած 2014թ. օգոստոսից՝ Արևելյան Ուկրաինայում զինված խմբավորումները, կրոնական ատելությունից մղված, առևանգել են 26 Եհովայի վկաների և դաժան վերաբերմունք են ցուցաբերել նրանց նկատմամբ։ Այդ տարածքում ապրում են շատ Վկաներ, որոնք հայտնի են քարոզչական գործունեությամբ և քաղաքական հարցերում իրենց չեզոքությամբ։ Զինված խմբավորումների որոշ անդամներ, օգտվելով այդ տարածքում կարգուկանոնի բացակայությունից, Վկաներին դարձրել են դաժան վերաբերմունքի թիրախ։ *

Բռնության դեպքեր

  • 2015թ. մայիսի 21-ին Ստախանով քաղաքի ոստիկանության աշխատակիցները ձերբակալեցին երկու 60 անց Վկա տղամարդկանց վերջիններիս կրոնական գործունեության պատճառով։ Նրանց մեղադրանք առաջադրվեց հասարակական կարգը խախտելու հիմքով և ձերբակալված պահեցին 15 օր։ Այդ ընթացքում նրանց մեղադրեցին լրտեսության մեջ և բազմիցս հարցաքննեցին Եհովայի վկաների կազմակերպության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ Տեղի ժողովի անդամները դիմեցին տեղի դատախազին այդ տղամարդկանց ազատ արձակելու խնդրանքով, սակայն վերջինս մերժեց այն։ Սկզբում ընտանիքի անդամներին և Վկա հավատակիցներին արգելեցին տեսակցել նրանց, սակայն հետո թույլ տվեցին շաբաթը երեք անգամ սնունդ, հագուստ և դեղորայք բերել։ 2015թ. հունիսի 2-ին Վկաներից մեկը ազատ արձակվեց, իսկ հաջորդ օրը ազատ արձակվեց մյուս Վկան։ Վերջինիս կարգադրեցին լքել տարածքը։

  • 2015թ. մայիսի 17-ին Նովոազովսկի տարածքում զինված տղամարդիկ ձերբակալեցին չորս Եհովայի վկաների, կապեցին նրանց աչքերը և, ատրճանակով սպառնալով, նրանց տարան զինվորական շտաբ։ Երկու ժամ շարունակ Վկաներին ենթարկում էին դաժան ծեծի և դատարկ ատրճանակը նրանց վրա պահած սպառնում կրակել։ Նրանք պահանջում էին, որ Վկաներից ամենաերիտասարդը միանա բանակին, և որ բոլոր Վկաները դավանեն ուղղափառ հավատը որպես միակ ճշմարիտ կրոն։ Մի ամբողջ գիշեր նեղ խցում պահելուց հետո Վկաներին ազատ արձակեցին։

  • Նովոազովսկի տարածքում առևանգված և ծեծի ենթարկված երկու Վկաների վնասվածքները

  • 2015թ. հունվարի 22-ին Դոնեցկում երեք զինված տղամարդիկ առևանգեցին մի Վկայի իր աշխատավայրից։ Նրա ընտանիքի անդամները չգիտեին, թե ուր են տարել նրան և ինչ պատճառով։ Կալանքի ընթացքում նա բազմիցս բացատրել է քաղաքական հարցերում իր չեզոք դիրքը։ Ինը օր անց նա ազատ արձակվեց։

  • 2014թ. օգոստոսի 9-ին Ստախանովում (Լուգանսկի մարզ) տեղի զինված խմբավորման անդամներից մեկը առևանգեց երկու Վկայի։ Վեց օր շարունակ նրանց ծեծի են ենթարկել և վախեցրել, որ խեղանդամ կդարձնեն ու կսպանեն։ Առևանգողները նրանց զրկել են սննդից, ջրից, հագուստից և չեն ցուցաբերել բուժօգնություն։ Նրանք ստիպել են Վկաներին հրաժարվել իրենց հավատից, ընդունել ուղղափառ եկեղեցու համոզմունքները, խոնարհվել սրբապատկերների առաջ, ինչից երևում էր, որ այդ ամենի պատճառը կրոնն էր։ Չնայած այս դաժան վերաբերմունքին՝ Վկաները հրաժարվել են փոխզիջումների գնալուց։

Եհովայի վկաները ապրում են իրենց կրոնական համոզմունքների համաձայն և հրաժարվում են կռվելուց, քաղաքական քարոզարշավներից և ֆինանսապես չեն աջակցում Ուկրաինայի զինված բախումների և ոչ մի կողմին։ Զինված խմբավորումները հարձակվում են Վկաների վրա վերջիններիս չեզոք դիրքորոշման և ուղղափառ եկեղեցու համոզմունքները չդավանելու համար։ Նման հարձակումները կոպիտ փորձ են ստիպելու Վկաներին հրաժարվել իրենց հավատից։

Հաստատակամ են՝ չնայած հալածանքին

Քանի որ այս տարածքում դեռևս քաղաքական անկայուն վիճակ է, Վկաները չեն կարողանում դիմել իրավական պաշտպանության միջոցի։ Նրանք այս և նմանատիպ այլ դեպքերի մասին հայտնել են միջազգային հանրությանը, այդ թվում ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին։

Ինչ դժվարությունների էլ որ Եհովայի վկաները Արևելյան Ուկրաինայում բախվեն, նրանք վճռել են մնալ չեզոք և շարունակել երկրպագել Աստծուն՝ միևնույն ժամանակ դրսևորելով ողջամտություն։ Նրանք հույս ունեն, որ տեղի իշխանությունները կպաշտպանեն կրոնի ազատության հիմնարար իրավունքը։

^ պարբ. 2 Զինված մարդիկ հարձակվել են Յուրիի վրա (տես նկարը հոդվածի սկզբում), քանի որ նա Եհովայի վկա է։ Մի անգամ նրան կանգնեցրել են փողոցում այն բանից հետո, երբ նա վերադառնում էր կրոնական ծառայությունից։ Իսկ մյուս երկու դեպքերում նրա վրա հարձակվել են իր տանը։ Նրանք պահանջել են հրաժարվել իր կրոնական համոզմունքներից և դադարեցնել որպես Եհովայի վկա իր գործունեությունը։