ՕԳՈՍՏՈՍԻ 28, 2015
ՈՒԿՐԱԻՆԱ
Ուկրաինայի Գերագույն դատարանը պաշտպանում է զորակոչի ժամանակ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը
Ուկրաինայի բարձրագույն ատյանը հաստատել է, որ զինծառայությունից հրաժարվողները իրավունք ունեն զինծառայության փոխարեն այլընտրանքային ծառայություն կատարել նույնիսկ քաղաքացիական անկարգությունների և պատերազմի պայմաններում։ Այս որոշումը լայն կիրառություն ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում թե՛ Ուկրաինայում, թե՛ արտերկրում։
Եհովայի վկա Վիտալի Շալայկոն մեղադրվել է զորակոչի ժամանակ զինծառայությունից խուսափելու մեջ, քանի որ, երբ ստացել է զորակոչվելու ծանուցագիրը, խնդրել է զինծառայությունը փոխարինել այլընտրանքային ծառայությամբ։ Թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարանները արդարացրել են նրան մեղադրանքից, սակայն դատախազը որոշումը բողոքարկել է Ուկրաինայի Գերագույն դատարանի քաղաքացիական և քրեական գործերով պալատ։ 2015թ. հունիսի 23-ին բարձրագույն ատյանը մերժել է բողոքը, և հետևաբար ուժի մեջ է մտել առաջին ատյանի դատարանի վճիռը։
Գերագույն դատարանը հաստատել է, որ «առաջին ատյանի դատարանը միանգամայն արդարացիորեն հղում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին»։ Դատարանը համակարծիք է եղել առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը կիրառելի է սույն գործում։ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործի վճիռը կայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը 2011թ. հուլիսի 7-ին։ Այդ շրջադարձային վճռով պաշտպանվում է անկեղծ կրոնական համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, ինչը պաշտպանվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով։ Վիտալի Շալայկոյի գործում Ուկրաինայի Գերագույն դատարանը հստակ նշել է, որ համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները պաշտպանված են, նույնիսկ եթե զինված հակամարտությունների պայմաններում երկրում զորահավաք է և ոչ թե զինծառայության հերթական զորակոչ։ Գերագույն դատարանի որոշումը վերջնական է և ենթական չէ բողոքարկման։
Ուժի մեջ մտած այս որոշումը թեթևություն բերեց պրն Շալայկոին։ Նա նշում է. «Ես հասկանում եմ, որ իմ երկիրը շահագրգռված է իր քաղաքացիների անվտանգությունը ապահովել զորակոչի միջոցով։ Թեև իմ խիղճը թույլ չի տալիս ինձ կատարել զինծառայություն, սակայն ես պատրաստ եմ կատարելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։ Ուրախ եմ, որ դատարանները ճանաչեցին, որ ես զինծառայությունից հրաժարվել եմ անկեղծ կրոնական համոզմունքների հիման վրա»։
Որոշում, որը օգուտներ է բերում շատերին
Ուկրաինայում հազարավոր Եհովայի վկաներ բախվել են այս խնդրին։ Բոլոր նրանք, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվում զինծառայությունից խուսափելու համար, կարող են որպես իրավական հիմք՝ ներկայացնել Վիտալի Շալայկոյի գործով որոշումը, որը նախադեպ է հանդիսանում։
Պրն Շալայկոյի փաստաբան Վադիմ Կարպովը նշում է. «Պարզ ասած՝ Գերագույն դատարանը սահմանել է, որ որպես Եհովայի վկա՝ պրն Շալայկոն չէր կարող հետապնդվել զինծառայությունից հրաժարվելու համար։ Նույնիսկ Ուկրաինայի պես երկրում, որում քաղաքական անկայուն և պատերազմական իրավիճակ է, կարևոր է կիրառել կրոնի և խղճի ազատության վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը։
Ուկրաինա. օրինակ մարդու իրավունքները հարգելու հարցում
Ուկրաինայի դատարանները ճանաչել են, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը հանդիսանում է հիմնարար իրավունք, որը պաշտպանվում է նույնիսկ զորահավաքի ժամանակ։ Զինծառայությունից հրաժարվելը ո՛չ պարտավորությունից խուսափել է, ո՛չ էլ ազգային շահերի և անվտանգության սպառնալիք։ Հաստատելով ցածր ատյանների որոշումները՝ Գերագույն դատարանը պաշտպանել է ուկրաինացիների հիմնարար իրավունքները։ Ուկրաինան օրինակ է բոլոր այն երկրների համար, որտեղ պատժելի է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը։