Անցնել բովանդակությանը

Բրյանկա քաղաքում (Լուգանսկի մարզ) գտնվող Թագավորության սրահը բռնագրավեցին 2015թ. մարտի 26-ին

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2016
ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայի արևելքում շարունակում են խոչընդոտներ ստեղծել պաշտամունքի համար

Ուկրաինայի արևելքում շարունակում են խոչընդոտներ ստեղծել պաշտամունքի համար

Ուկրաինայի արևելքում ապրող մարդիկ ամեն օր բախվում են այնպիսի իրավիճակների, որոնք խաթարում են նրանց կյանքի բնականոն ընթացքը և անորոշության ու վախի մթնոլորտ ստեղծում։ Այդ տարածաշրջանում հակամարտությունը մեծ անհանգստություն է պատճառում Եհովայի վկաներին։ Խնդիրը ոչ միայն գնալով մեծացող անապահովության զգացումն է, այլև կրոնական խտրականությունը, որը մտահոգիչ է։ Զինված մարդիկ զավթել են Վկաների մի քանի Թագավորության սրահ (պաշտամունքի վայրեր)։ Նրանք Վկաներին ասել են, որ ուղղափառությունը միակ ընդունելի կրոնն է, և որ իրենք մտադիր են «վերացնել Եհովայի վկաներին» Ուկրաինայի արևելքից։

Թագավորության սրահների բռնագրավում

2014թ. հունիսի և 2016թ. նոյեմբերի միջև ընկած ժամանակահատվածում զինված խմբերը ուժով բռնագրավել են 18 Թագավորության սրահ, որպեսզի դրանք գործածեն կա՛մ որպես զորանոցներ, կա՛մ այլ կերպ՝ իրենց գործն առաջ տանելու համար։ Թեև այդ սեփականությունը մեծ մասամբ բռնագրավվել է 2014թ.-ին, երբ հակամարտությունը թափ էր հավաքում, վերջերս նույնպես Թագավորության սրահներ են բռնագրավվել։

Գոռլովկայում՝ Սիմֆերոպոլսկա, 9 հասցեում գտնվող Թագավորության սրահը՝ տակնուվրա արված

2016թ. հուլիսի 22-ին՝ առավոտյան, Գոռլովկայում մի խումբ Վկաներ հավաքվել էին Վիտչյուզնյանա, 105-Ա հասցեում գտնվող Թագավորության սրահում՝ պաշտամունքի նպատակով, երբ զինված մարդիկ ներս մտան և հրամայեցին բոլորին անմիջապես լքել շինությունը։ Նրանք տակնուվրա արեցին այդ շինությունը և յուրացրին ողջ կահույքն ու սարքավորումները։ Այդ նույն շենքը բռնագրավվել էր 2014թ. նոյեմբերի 29-ին, սակայն շուտով «զավթիչները» հեռացել էին այնտեղից։ Վկաները կրկին սկսել էին իրենց այդ պաշտամունքի վայրը օգտագործել կրոնական հանդիպումներ անցկացնելու համար, մինչև որ հուլիսի 22-ին այն նորից բռնագրավվեց։

Երեք օր հետո Գոռլովկայում զինված մարդիկ մտան Սիմֆերոպոլսկա, 9 հասցեում գտնվող մեկ ուրիշ Թագավորության սրահ։ Նրանք յուրացրին այդ շինությունում գտնվող ամեն ինչ, նույնիսկ ջեռուցման մարտկոցները և հանեցին դրսի ցանկապատը։ Այն ժողովները, որոնք իրենց հանդիպումներն անցկացնում էին այդ շենքում, ստիպված են այլ վայրերում հավաքվել պաշտամունքի համար։

Շարունակում են պաշտամունքի համար միասին հավաքվել

Ժողովներից մի քանիսը, որոնց ուժով ստիպել էին հեռանալ իրենց Թագավորության սրահից, փոքր խմբերով են հավաքվում պաշտամունքի համար, որպեսզի անտեղի չհրավիրեն զինված մարդկանց ուշադրությունը։ Ուրիշ Վկաներ իրենց կրոնական հանդիպումներն անցկացնելու համար գնում են այլ վայրեր՝ հակամարտության գոտուց դուրս, ինչը հավելյալ դժվարություններ է ստեղծում, քանի որ տրանսպորտը կանոնավոր չի աշխատում, և նրանք պետք է լրացուցիչ գումար ծախսեն։ Այն անհատները, ովքեր տարիքի կամ առողջության պատճառով չեն կարող այդպիսի ճանապարհորդություն կատարել, հեռախոսով են լսում հանդիպումները։

Թշնամանքի ու այլ դժվարությունների պատճառով միասին հավաքվելն ավելի դժվար է դարձել։ Ուկրաինայում Եհովայի վկաների խոսնակ Իլյա Կոբելն ասում է. «Իրենց մերձավորների պես՝ բուֆերային գոտու մոտ ապրող Վկաները զգացապես հյուծված են հաճախակի կրակահերթերի և պայթյունների պատճառով։ Նրանք նաև ունեն տնտեսական դժվարություններ, որոնց պատճառը աճող գներն ու ցածր եկամուտն են։ Չնայած այդ դժվարություններին՝ Վկաները շարունակում են իրենց հավատակիցների հետ հավաքվել պաշտամունքի համար»։

Վկաները կրկին շահագործում են Թագավորության սրահներից մի քանիսը

Եհովայի վկաները ուրախ են, որ կարող են կրկին օգտագործել բռնագրավված շինություններից վեցը որպես պաշտամունքի վայր։ Թեև այդ Թագավորության սրահները վնասվել էին, տեղի Վկաները վերանորոգել են դրանք, որպեսզի հնարավոր լինի այնտեղ կրոնական հանդիպումներ անցկացնել։ Մեկ այլ շինություն, որ վերադարձվել է Վկաներին, գզալիորեն վնասված է, այդ պատճառով դեռ ենթակա չէ շահագործման։

Ժողովներից մեկը, որին 2014թ. սեպտեմբերին ստիպել էին լքել Լուգանսկի մարզում գտնվող Թագավորության սրահը, մոտ մեկ տարի անց կրկին կարողացավ կրոնական հանդիպումներ անցկացնել այնտեղ։ Այդ ժողովում ծառայող մի երեց՝ Անատոլի Դանկոն, շատերի զգացումներն արտահայտեց, երբ ասաց. «Այսպիսի պահերին հասկանում ենք, որ մեր ժողովը մեր ընտանիքն է։ Երկար բաժանումից հետո մենք վերադարձանք մեր տուն»։

Չեզոքություն են պահում՝ չնայած հակամարտությանը

Ողջ աշխարհում Եհովայի վկաները հայտնի են քաղաքական հարցերում չեզոքություն պահելու դիրքորոշմամբ. նրանք հակամարտող կողմերից ոչ ոքի չեն սատարում։ Նույնը կարելի է ասել Ուկրաինայի արևելքում ապրող Վկաների մասին։ Նրանք անհամբերությամբ սպասում են այն ժամանակին, երբ իրենց ընտանիքների և հարևանների հետ կկարողանան խաղաղ բնակվել և առանց խոչընդոտի՝ դավանել իրենց կրոնը։