Անցնել բովանդակությանը

Ուկրաինայի Եհովայի վկաները այժմ կարող են հավաքվել վարձակալված շինություններում՝ առանց որևէ միջամտության

ՄԱՐՏԻ 24, 2017
ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայի Սահմանադրական դատարանը պաշտպանում է խաղաղ հավաքների ազատությունը

Ուկրաինայի Սահմանադրական դատարանը պաշտպանում է խաղաղ հավաքների ազատությունը

2016թ. սեպտեմբերի 8-ին Ուկրաինայի Սահմանադրական դատարանը, առանց կառավարության կողմից որևէ նախաձեռնության, պաշտպանեց խաղաղ հավաքների իրավունքը։ Դատարանը ուժը կորցրած ճանաչեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Ուկրաինայի օրենքի (Կրոնի մասին օրենք) մի մասը՝ ընդունված 1991թ.-ին, որով կրոնական կազմակերպություններից պահանջվում է պետության կողմից «թույլտվություն» ձեռք բերել վարձակալված շինություններում կրոնական հանդիպումներ անցկացնելու համար։ Դատարանը սահմանեց, որ այս սահմանափակումը խախտում է խաղաղ հավաքների ազատության սահմանադրական երաշխիքները։ Ուկրաինայի Եհովայի վկաները ողջունեցին այդ որոշումը, քանի որ նրանք դժվարությունների էին բախվում կրոնական արարողություններ անցկացնելու համար շինություններ վարձակալելիս։

Պաշտոնյաները հրաժարվում են թույլտվություն տրամադրել

Այն բանից հետո, երբ Կրոնի մասին օրենքը ուժի մեջ մտավ, կողմնակալ պաշտոնյաները, ըստ իրենց հայեցողության, սկսեցին հղում անել օրենքին, որպեսզի արդարացնեն Եհովայի վկաների հետ կնքած կրոնական արարողությունների համար շինություններ վարձակալելու մասին պայմանագրերի լուծարումը։ Նման մի դեպք տեղի ունեցավ 2012թ. ամռանը, երբ Ուկրաինայի հյուսիս-արևելքում հազարավոր Եհովայի վկաներ պատրաստվում էին եռօրյա կրոնական համաժողով անցկացնելու Սումի քաղաքում։ Պայմանագիր էր ստորագրվել քաղաքային մարզադաշտի վարձակալության համար, և միջոցառման համար ծրագրված գործերը ընթացքի մեջ էին։ Ինչպես Սահմանադրությունն է պահանջում, Վկաները իշխանություններին տեղեկացրին ծրագրված համաժողովի մասին, սակայն համաժողովից ընդամենը մեկ ամիս առաջ Սումիի քաղաքային խորհուրդը որոշեց, որ համաձայն Կրոնի մասին օրենքի՝ պարզապես ծանուցելը բավական չէ։ Ըստ խորհրդի՝ մարզադաշտը օգտագործելու համար Վկաները պետք է թույլտվություն ձեռք բերեին, ինչը խորհուրդը մերժեց տրամադրել։

Եհովայի վկաները ստիպված էին սեղմ ժամկետներում համաժողով կազմակերպել Սումիից մոտ 200 կիլոմետր (մոտ 125 մղոն) հեռավորության վրա գտնվող Խարկով քաղաքում։ Անցկացման վայրի փոփոխության պատճառով ավելի քան 3500 Վկաներ ստիպված էին արագ փոփոխություններ կատարել իրենց ծրագրերում։ Շատերը տարիքի կամ վատառողջ լինելու պատճառով չէին կարող գնալ Խարկով՝ մասնակցելու այս կարևոր միջոցառմանը։ Ոմանք էլ չէին կարող գնալ այն պատճառով, որ չէին կարող բացակայել աշխատանքից կամ չունեին միջոցներ Խարկով գնալու համար։ Հաջորդ տարի Սումիի քաղաքային խորհուրդը, կրկին հիմնվելով Կրոնի մասին օրենքի վրա, թույլտվություն չտրամադրեց Վկաներին՝ մարզադաշտում համաժողով անցկացնելու համար։

Լվովում Եհովայի վկաների մասնաճյուղի ներկայացուցիչ Իլյա Կոբելն ասում է. «Սումիում համաժողովների չեղարկումը եզակի դեպք չէր։ Մի քանի անգամ մենք դժվարություններ ենք ունեցել՝ կապված կրոնական արարողությունների համար շինություններ վարձակալելու հետ»։ Օրինակ՝ 2012թ. մարտին Վիննիցա քաղաքում իշխանությունները հրաժարվեցին թույլատրել Վկաներին կրոնական հանդիպում անցկացնել վարձակալված սրահում, ինչի պատճառով նրանք ստիպված եղան վերջին պահին այլ տարբերակ գտնել։ Մի քանի ամիս անց իշխանությունները հրաժարվեցին թույլտվություն տրամադրել Մոգիլյով-Պոդոլսկիում գտնվող ժողովին վարձակալված շինությունում շաբաթական հանդիպումներ անցկացնելու համար, թեև նրանք արդեն երեք տարի էր, ինչ հանդիպումներ էին անցկացնում այնտեղ։ Չունենալով հանդիպումներ անցկացնելու համար հարմար շինություն՝ Վկաները ստիպված էին հանդիպել տներում, որտեղ նեղվածք էր։

Իսկ վերջերս՝ 2015թ. փետրվարին, Վիննիցայի տարածքային պետական վարչական մարմինը հանգեց այն եզրակացության, որ Եհովայի վկաները բազմիցս խախտել են օրենքը։ Վարչական մարմինը այն դիրքորոշումն է հայտնել, որ Վկաները խախտել են օրենքը, քանի որ չեն դիմել թույլտվություն ստանալու համար, որպեսզի իրենց կրոնական հանդիպումներն անցկացնեն վարձակալված շինություններում։ Պարզապես ծանուցումը բավական չէր։

Վկաները փորձում են վերացնել օրենքների հակասությունները

Վերջին տարիներին Եհովայի վկաները ընդհանուր առմամբ կարողացել են անարգել հանդիպել իրենց պաշտամունքի վայրերում՝ առանց կառավարության միջամտության։ Սակայն հատուկ հանդիպումների կամ տարածաշրջանային համաժողովների համար հաճախ անհրաժեշտ է վարձակալել ավելի մեծ շինություններ։ Ուկրաինայի Սահմանադրությունը թույլ է տալիս խաղաղ հավաքներ անցկացնել վարձակալված շինություններում այդ մասին իշխանություններին նախապես ծանուցելու դեպքում։ Պրն Կոբելը նշում է. «Խնդիրների արմատը Կրոնի մասին օրենքի սահմանափակող բնույթն է՝ ի տարբերություն Սահմանադրության, որով չի պահանջվում թույլտվություն ստանալ իշխանություններից։ Փորձելով լուծել հարցը՝ մենք խնդիրը ներկայացրինք Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանին (օմբուդսմեն)»։

Օմբուդսմենի դերն է ապահովել Ուկրաինայի բոլոր քաղաքացիների իրավունքների իրականացումը՝ երաշխավորված ներպետական Սահմանադրությամբ և օրենքներով։ Ուսումնասիրելով այն դժվարությունները, որոնց բախվում են Եհովայի վկաները՝ օմբուդսմենը ընդունեց, որ հակասություն կա Սահմանադրության և Կրոնի մասին օրենքի միջև։ Սահմանադրությունը երաշխավորում է հավաքվելու իրավունքը և պահանջում ընդամենը նախապես ծանուցել կառավարությանը, որ կրոնական արարողություն է անցկացվելու վարձակալված շինությունում։ Սակայն Կրոնի մասին օրենքը արգելում է կրոնական արարողություն անցկացնել վարձակալված շինությունում, եթե կրոնական խումբը այդ միջոցառումից առնվազն տասը օր առաջ թույլտվություն ձեռք չի բերել իշխանություններից։

2015թ. հոկտեմբերի 26-ին օմբուդսմենի գրասենյակը Ուկրաինայի Սահմանադրական դատարան դիմում ներկայացրեց՝ խնդրելով Կրոնի մասին օրենքի վիճելի հատվածը ճանաչել հակասահմանադրական։ Դիմումում նշվում էր, որ խաղաղ հավաքների իրավունքը հիմնարար ազատություն է՝ երաշխավորված բոլոր քաղաքացիներին։ Ընդլայնելով այդ իրավունքի կիրառությունը՝ այնտեղ նշվում էր. «Պետությունները պետք է զերծ մնան ցանկացած կամայական միջոցից, որը կարող է միջամտել խաղաղ հավաքների իրավունքի իրականացմանը»։ Օմբուդսմենի դիրքորոշմանը թիկունք կանգնելով՝ Ուկրաինայի Եհովայի վկաները համառոտագիր են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ նկարագրելով այն դժվարությունները, որոնց բախվել են կրոնական արարողությունների համար շինություններ վարձակալելիս։

Սահմանադրական դատարանը ուժը կորցրած է համարում օրենքը

2016թ. սեպտեմբերի 8-ի իր որոշման մեջ Սահմանադրական դատարանը հաստատեց, որ ոչ մի օրենք չի կարող հակասել կառավարությանը ծանուցելու դեպքում խաղաղ հավաք անցկացնելու սահմանադրական իրավունքին։ Այն նաև հարցը քննեց ներպետական օրենքների շրջանակից դուրս՝ ճանաչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը երաշխավորում է կրոնի ազատության իրավունքը, և 11-րդ հոդվածը, որով երաշխավորվում է հավաքների ազատության իրավունքը՝ առանց պետության կողմից անհիմն միջամտության։ Դատարանը հակասահմանադրական ճանաչեց 1991թ.-ին ընդունված Կրոնի մասին օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի՝ կրոնական խումբը նախքան վարձակալված շինությունում կրոնական արարողություն անցկացնելը պետք է թույլտվություն ձեռք բերի իշխանություններից։

Ողջունելի լուծում

Վարձակալված շինությունում կրոնական արարողություն անցկացնելը այլևս կախված չէ պաշտոնյաների հայեցողությունից, ովքեր կարող էին անհիմն կերպով մերժել թույլտվությունը։ Ինչպես երաշխավորված է Սահմանադրությամբ, եթե Վկաները նախապես տեղեկացնում են իշխանություններին կրոնական հանդիպում անցկացնելու համար շինություն վարձակալելու մտադրության մասին, նրանց խնդրանքը չի կարող մերժվել։

Ուկրաինայում բնակվող ավելի քան 140000 Եհովայի վկաների անունից պրն Կոբելն ասում է. «Սահմանադրական դատարանի այս վերջին որոշումը ևս մեկ անգամ ամրագրեց խաղաղ հավաքների իրավունքը։ Մենք ուրախ ենք, որ երբ կարիք լինի կրոնական հանդիպումներ անցկացնելու համար շինություն վարձակալել, պետությունը այլևս չի միջամտի այդ իրավունքի իրականացմանը»։