ՀՈՒՆԻՍԻ 28, 2024
ՉԵԽԻԱ
Հրապարակային ծառայություն՝ Չեխիայի Հանրապետությունում՝ հոկեյի աշխարհի առաջնության ժամանակ
2024 թ. մայիսի 10-26-ը Չեխիայի Հանրապետությունում տեղի ունեցավ հոկեյի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարի կապակցությամբ հյուրընկալ քաղաքներ Օստրավա և Պրահա եկան շուրջ 800 000 այցելուներ։ Եհովայի վկաները միջոցառման ընթացքում մարզադաշտերի մոտակայքում գրականության ցուցատախտակներ կանգնեցրին։ Ստորև բերված են մի քանի քաջալերական դեպքեր։
Երկու երիտասարդներ մոտեցան գրականության ցուցատախտակին և բարեհամբույր կերպով հարցրին մեր եղբայրներին, թե ովքեր են նրանք և ինչ են անում այդտեղ։ Եղբայրները նրանց պատմեցին Եհովայի վկաների գործունեության մասին և ներկայացրին Աստվածաշնչի ուսումնասիրության մեր ինտերակտիվ դասընթացը։ Երիտասարդներից մեկը հարցրեց, թե որտեղ և երբ է անցկացվում դասընթացը։ Եղբայրները բացատրեցին, որ այն կարող է անցկացվել նրան հարմար ժամանակ և վայրում։ Նա համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել։
Մեկ ուրիշ օր երեք տղամարդիկ խոսեցին մեր եղբայրների հետ և զարմացան՝ իմանալով, որ Եհովայի վկաները դրամական փոխհատուցում չեն ստանում քարոզչական գործին մասնակցելու համար։ Տղամարդկանցից մեկը հարցրեց. «Եթե դուք չեք վարձատրվում, ապա ո՞րն է ձեր օգուտը»։ Վկաները բացատրեցին, թե ինչպես են աստվածաշնչյան ճշմարտությունները բարելավել իրենց կյանքը և ապագայի հույս տվել։ Նրանց խոսքերից տպավորված՝ տղամարդկանցից մեկն ասաց, որ ցանկանում է ավելին իմանալ և խնդրեց «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը։
Մեկ ուրիշ տղամարդ մի քանի անգամ անցավ ցուցատախտակի կողքով։ Ի վերջո նա կանգ առավ և հարցրեց Վկաներին. «Ի՞նչ տարբերություն կա ձեր հավատալիքների և իմ եկեղեցու ուսմունքների միջև»։ Եղբայրները Աստվածաշնչի օգնությամբ կարճ բացատրեցին մեր հավատալիքներից մի քանիսը։ Նա ուշադիր լսեց և շնորհակալություն հայտնեց, որ իրեն ամեն ինչ մատչելի բացատրեցին։ Հետո Վկաները նրան ցույց տվեցին jw.org կայքի որոշ առանձնահատկություններ, և բացատրեցին, թե ինչպես կայքից օգտվելով՝ ավելին իմանա Աստվածաշնչի ու դրա ուսմունքների մասին։
Շատ ենք գնահատում Չեխիայի ՀանրապետությունումՉեխիայի Հանրապետության մեր եղբայրների ու քույրերի ջանքերը։ Ուրախ ենք, որ նրանք եռանդով «հռչակում են բարի լուրը» բոլոր նրանց, ովքեր ուզում են լսել (Հռոմեացիներ 10։15)։