Անցնել բովանդակությանը

Սաադների ընտանիքը և ներքին գործերի նախարարությունը

ՄԱՐՏԻ 2, 2016
ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Պաղեստինյան տարածքներում Եհովայի վկաների անձնական կարգավիճակի իրավունքները հարցականի տակ են

Պաղեստինյան տարածքներում Եհովայի վկաների անձնական կարգավիճակի իրավունքները հարցականի տակ են

Մայք Ջալալը և Նատալի Սաադը Պաղեստինյան տարածքներում Եհովայի վկաների քրիստոնեական փոքր համայնքի անդամներ են։ Թեև նրանց ամուսնությունը օրենքի տեսանկյունից ճիշտ է կնքվել, սակայն նրանք չեն կարող ձեռք բերել ամուսնության վկայական։ Միայն վերջերս նրանք կարողացան ծննդյան վկայական ստանալ իրենց երեխայի՝ Անդրեի համար։ Սակայն Սաադների ընտանիքը միակը չէ։ Այլ Վկա զույգեր նույնպես բախվում են այդ խնդրին։ Քանի որ Վկաների կրոնը գրանցված չէ Պաղեստինյան տարածքներում, իշխանությունները մերժում են նրանց՝ անձնական կարգավիճակ ունենալու իրավունքները։

Իրավական կարգավիճակ չունենալը ազդում է անձնական իրավունքների վրա

Սաադների ամուսնությունը կնքել է մի Եհովայի վկա ծառայող։ Սակայն Պաղեստինյան տարածքների ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է նրանց ամուսնությունը գրանցելուց այն պատճառով, որ Եհովայի վկաները պետական գրանցում չունեն այնտեղ։ Քանի որ պաշտոնյաները չեն ճանաչում նրանց ամուսնությունը և հետևաբար այդ միությունից ծնված երեխաներին համարում են ապօրինի, ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է երեխաներին գրանցելուց։ Այս ընտանիքը և այլ Վկա ծնողներ բազմիցս փորձել են շտկել այդ անարդարությունը։

Լուծվում է ծննդյան վկայական տրամադրելու հարցը

2014թ.-ին ներքին գործերի նախարարությունը պատասխանեց երեխաներին գրանցելու խնդրագրերին։ Սաադների ընտանիքը ուրախացավ, որ Անդրեն (ծնված՝ 2012թ. հունվարի 30-ին) վերջապես անձնական կարգավիճակ ստացավ։ Մայա Ժասմինի, Լաուրայի և Քրիստիանի ծնողները (նկարը պատկերված է վերևում) նույնպես ուրախ են, որ ներքին գործերի նախարարությունը ծննդյան վկայականներ է տվել իրենց երեխաներին՝ նրանց գրանցելով որպես քրիստոնյաներ։

Այժմ երեխաները ունեն անձը հաստատող փաստաթղթեր և օգտվում են այն նույն իրավունքներից, որ ունեն ուրիշ քաղաքացիներ։ Նրանց ծնողները կարող են երեխաների հետ առանց դժվարության արտերկիր մեկնել, իսկ երեխաները՝ սովորել դպրոցում։

Անձնական կարգավիճակի հետ կապված այլ հարցեր մնում են չլուծված

Չնայած այս դրական քայլին՝ իշխանությունները դեռ հրաժարվում են Սաադներին ու ևս յոթ Վկա ամուսնական զույգերի ամուսնության վկայական տրամադրելուց։ Դրա հետևանքով հասարակությունը ամուսիններին դիտում է որպես իրար հետ կենակցող անձանց։

Քանի որ կառավարությունը նրանց չի ճանաչում որպես ամուսիններ, նրանք ստիպված են առանձին վճարել եկամտային հարկը և ունենալ տարբեր բանկային հաշիվներ։ Շտապ բուժօգնության կարիքի դեպքում կողակիցը իրավունք չունի մյուսի համար բուժմեթոդ ընտրելու։ Եթե կողակիցներից մեկը մահանա, մյուս կողակիցը և երեխաները չեն կարող ժառանգել նրա ունեցվածքը։ Ընտանիքները չեն կարող իրենց սիրելի հարազատի հուղարկավորությունը կատարել քրիստոնեական համոզմունքներին ներդաշնակ։ Նրանք պետք է թաղեն նրան մահմեդական գերեզմանոցի այն տարածքում, որն առանձնացված է ոչ մուսուլմանների համար։

Իրավական ճանաչմանն ուղղված ջանքեր

2010թ. սեպտեմբերին Եհովայի վկաները դիմում ներկայացրին Պաղեստինյան տարածքների իշխանություններին՝ իրավական ճանաչում ստանալու համար։ Ավելի քան երկու տարի այդ դիմումի պատասխանը չստանալով՝ Վկաները դիմեցին Ռամալլահի Գերագույն դատարան՝ խնդրելով, որ իրենց տրամադրեն պետական գրանցում։ 2013թ. հոկտեմբերին դատարանը ձևական սխալների պատճառներով մերժեց նրանց հայցը։

Այդ ժամանակից ի վեր Վկաները տարբեր միջոցներ են ձեռնարկել և հանդիպել են պաշտոնյաների հետ՝ այդ հարցը լուծելու համար։ Սակայն պետական պաշտոնյաների անգործությունը խոչընդոտել է, որ այդ հարցը դրական ընթացք ստանա։

Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին նշում է. «Գրեթե 100 տարի է, ինչ Վկաները գործում են Ռամալլահում և շրջակա տարածքում։ Նրանք ուրախ են, որ իշխանությունները չեն խոչընդոտում Աստծուն երկրպագելու իրենց իրավունքի իրականացմանը։ Սակայն կրոնական խտրականությունը, որի պատճառով նրանք հրաժարվում են Եհովայի վկաներին գրանցելուց, չպետք է խոչընդոտի մարդու հիմնարար իրավունքների իրականացմանը»։

Եհովայի վկաները ընդունում են, որ Պաղեստինի իշխանությունները, ծննդյան վկայականներ տրամադրելով, դրական քայլեր են ձեռնարկել անձնական կարգավիճակի իրավունքների հարցը լուծելու ուղղությամբ։ Այն ամուսնական զույգերը, որոնք ներկայումս չունեն ամուսնության վկայական, հույս ունեն, որ իշխանությունները կլուծեն անձնական կարգավիճակի իրավունքների հետ կապված հարցերը և ի վերջո կճանաչեն իրենց կրոնը։