Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 2019
ՊԵՐՈՒ

Հատուկ քարոզարշավ՝ Պերուի Պունո քաղաքի այմարախոս մարդկանց համար

Հատուկ քարոզարշավ՝ Պերուի Պունո քաղաքի այմարախոս մարդկանց համար

2019 թ. մայիսի 1-ից օգոստոսի 31-ը Պերուի մասնաճյուղը աստվածաշնչյան լուրը այմարախոս պերուացիներին հայտնելու նպատակով հատուկ քարոզարշավ էր կազմակերպել։ Այդ նախաձեռնությունը մեծ հաջողություն ունեցավ։ Մասնակիցները տարածեցին 7 893 հրատարակություն և մոտ 2 500 անգամ ցույց տվեցին մեր տեսանյութերը։ Քարոզարշավի ավարտին մեր եղբայրները սկսել էին 381 Աստվածաշնչի ուսումնասիրություն։

Պերուում մոտ 450 000 այմարախոս մարդիկ կան, որոնցից գրեթե 300 000-ը բնակվում է Պունո երկրամասում։ Ներկայումս 331 այմարախոս քարոզիչներ կան, որոնք ծառայում են յոթ ժողովներում և ութ խմբերում։ Քանի որ տարածքը շատ մեծ է, Չիլիի այմարախոս քարոզիչները նույնպես մասնակցեցին քարոզարշավին։ Այմարա լեզվով խոսող բնակիչներին քարոզելու համար մեր եղբայրները երբեմն ստիպված էին քարոզել ծովի մակարդակից 5 000 մետր (16 404 ֆուտ) բարձրության վրա գտնվող տարածքներում և 00C (32ºF) պայմաններում։

Խմբերից մեկը մի քանի ժամվա ճանապարհ անցավ՝ ներկա լինելու թաղման արարողությանը, որին մասնակցում էին կողքի քաղաքի բնակիչները։ Եղբայրներն ու քույրերը նրանց պատմեցին մահացածների վերաբերյալ աստվածաշնչյան հույսի մասին։ Տեղի իշխանություններն ու մահացածի ընտանիքի անդամները շնորհակալություն հայտնեցին նրանց, որ այդքան ջանք էին թափել Աստծու Խոսքի մխիթարական լուրը հայտնելու համար։

Մեկ ուրիշ վայրում մեր հավատակիցները հանդիպեցին մի խումբ մարդկանց, ովքեր շաբաթը երկու անգամ հավաքվում էին՝ ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Քարոզիչները նկատեցին, որ նրանք օգտվում էին «Երբևէ ապրած մեծագույն մարդը» և «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքերից, որոնք ստացել էին Բոլիվիայում բնակվող մի ազգականից։ Երբ այդ մարդիկ իմացան, որ մեր կազմակերպությունն է հրատարակել այդ գրքերը, նրանցից շատերը սկսեցին ուսումնասիրել Աստվածաշունչը եղբայրների օգնությամբ և հաճախել ժողովի հանդիպումներին։

Եղբայր Ալբերտ Կոնդորը, որը երեց է և խմբերից մեկի ղեկավարն էր, ասաց. «Ես ու կինս շատ ուրախ էինք, որ հնարավորություն ունեցանք մասնակցելու այս քարոզարշավին։ Այն ամրացրեց Եհովայի հանդեպ մեր հավատը, քանի որ երբ ճամփա ընկանք, հասկացանք, որ ճամփորդությունը դժվար էր լինելու, և չգիտեինք, թե ինչպես էինք տեղ հասնելու։ Երբ քաղաք հասանք, Եհովային աղոթեցինք, որ մեզ օգնի կացարան գտնել։ Նա պատասխանեց մեր աղոթքին։ Այդ աղոթքները զորացրին ինձ։ Ես նաև զորացա, երբ տեսա, որ մյուս եղբայրներն էլ են ապավինում Եհովային»։

Մեր հավատակիցները ուրախ են, որ կարող են Աստծու Խոսքում պարփակված ճշմարտության կենարար ջրերից բաժին հանել Պունոյում բնակվող այմարախոս մարդկանց (Հայտնություն 22։17