ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 2021
ՊԵՐՈՒ
Պերուն «փթթում է ծաղկի պես»
Առաջին միսիոներները Պերու են ժամանել 1946 թ. հոկտեմբերին։ Այդ միսիոներների առաջ քարոզչական մեծ դաշտ բացվեց։ Պերուի 1,3 մլն քառակուսի կիլոմետր (501 932 քառակուսի մղոն) տարածքում ապրում է մոտ 7 մլն մարդ։ Վերջին 75 տարիների ընթացքում միսիոներները և տեղի քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայել, որ քարոզեն թե՛ հեռավոր լեռնային գյուղերում, թե՛ ափամերձ քաղաքներում։ Նրանց ջանքերը մեծ օգուտներ են բերել։
Մինչ միսիոներների գալը Հյուսիսային Ամերիկայից ժամանակ առ ժամանակ Եհովայի վկաներ են եկել Պերուի մայրաքաղաք Լիմա և գրականություն բաժանել։ Այդ այցելությունները իրենց դրոշմը թողեցին։ 1945 թ.-ին Չիլիում ծառայող երկու միսիոներներ եկան Լիմա և մկրտեցին երեք հոգու. նրանք առաջին տեղացիներն էին, որ դարձան Եհովայի վկաներ։
1946 թ. հոկտեմբերից «Գաղաադն» ավարտած մի քանի միսիոներներ նշանակվեցին Պերու՝ քարոզչական գործը կազմակերպելու համար։ Նրանք հետաքրքրվողների հետ առաջին հանդիպումն անցկացրին Լիմայի Ռիմակ շրջանում։ Քարոզիչների և միսիոներների թվի աճի հետ մեկտեղ, բարի լուրը սկսեց քարոզվել նաև Լիմայից դուրս։ Քարոզչական գործը շարունակում է ընդլայնվել առայսօր։
«Դիտարանի» 1957 թ. մարտի 1-ի համարում տեղ է գտել քույր Նեյենա Փուլի՝ Պերուի առաջին միսիոներներից մեկի կենսագրությունը։ Նա սկսել է ծառայել Պերուում 1946 թ.-ին և քարոզչական գործի աճի մասին հետևյալն է ասել. «Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում, երբ իմ աչքի առաջ այս անապատային քարոզչական տարածքը սկսեց «փթթել ծաղկի պես»»։
«Գաղաադի» 54-րդ դասարանի շրջանավարտ քույր Իռեն Մանինգսը, ով նույնպես ծառայել է Պերուում, ասում է. «Մեր աչքերով ենք տեսել, թե ինչպես է քարոզիչների թիվը 7 000-ից հասել 130 000-ի։ Ինձ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն եմ ունեցել իմ լուման ներդնել այս գործում։ Այս ամենը, իհարկե, հնարավոր չէր լինի առանց Եհովայի օրհնության»։
Պերուում ծառայող 133 170 քարոզիչները շատ շնորհակալ են, որ 75 տարի առաջ այսպիսի հոգևոր հիմք է դրվել երկրում։ Պերուում մեր աստվածապետական գործունեության պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Եհովան պահում է Եսայիա 60։22-ում գրված իր խոստումը. «Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ»։