Անցնել բովանդակությանը

Այն Վկա աշակերտները, որոնց սկզբում չէին տվել առաջադիմության թերթիկները եկեղեցական հարկերը չվճարելու պատճառով

ՀՈՒՆԻՍԻ 9, 2016
ՌՈՒԱՆԴԱ

Ռուանդան պաշտպանում է դպրոցներում կրոնական խտրականությունից զերծ լինելու իրավունքը

Ռուանդան պաշտպանում է դպրոցներում կրոնական խտրականությունից զերծ լինելու իրավունքը

Ռուանդայի կառավարությունը քայլեր է ձեռնարկել դպրոցներում վերացնելու համար կրոնական խտրականությունը՝ հրապարակելով մի որոշում, համաձայն որի՝ աշակերտների կրոնական համոզմունքները պետք է հարգվեն։ Սա ուրախալի լուր է այն աշակերտների համար, որոնց խիղճը թույլ չի տալիս մասնակցելու դպրոցական որոշ արարողությունների։

Ռուանդայում դպրոցների մեծ մասը ֆինանսավորվում է կառավարության կողմից, բայց ղեկավարվում է կրոնական կազմակերպությունների կողմից։ Քանի որ դպրոց կարող են հաճախել բոլոր երեխաները, ուստի դպրոցներում տարբեր կրոնների պատկանող աշակերտներ են սովորում։ Սակայն որոշ դպրոցներում տնօրինությունը ստիպում է աշակերտներին մասնակցել կրոնական և հայրենասիրական արարողությունների կամ վճարել եկեղեցական հարկեր։ Նրանք պատժում են այն աշակերտներին, ում կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս մասնակցելու դրանց։ Տարրական և միջնակարգ դպրոցների համար պատասխանատու մի պաշտոնյա որոշ դպրոցներում տիրող մթնոլորտի մասին հետևյալ կերպ արտահայտվեց. «Աշակերտներին չի թույլատրվում պաշտել Աստծուն մեր համոզմունքներին հակառակ ձևով»։

Կառավարության որոշումը պաշտպանում է խղճի ազատությունը

Խնդիրը շտկելու համար կառավարությունն ընդունեց պարտադիր իրավաբանական ուժ ունեցող մի որոշում, որի նպատակն էր վերացնել դպրոցներում կրոնական խտրականության դրսևորումները։ 2015թ. դեկտեմբերի 14-ին «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակված No. 290/03 կառավարության որոշման 12-րդ հոդվածում նշվում է, որ յուրաքանչյուր դպրոց պետք է ճանաչի աշակերտների՝ դավանանքի ազատությունը և թույլ տա նրանց աղոթել իրենց համոզմունքներին ներդաշնակ, եթե նրանց կրոնը կամ եկեղեցին պետականորեն ճանաչված է, և եթե այդպես վարվելը չի խոչընդոտում դպրոցում սովորելուն։

Յուրաքանչյուր դպրոց պետք է ճանաչի աշակերտների՝ դավանանքի ազատությունը (որոշում No. 290/03, հոդված 12)։

Կառավարության որոշումը թիկունք է կանգնում Կարոնգիի միջնորդ դատարանի որոշմանը, որով 2014թ. մայիսին Եհովայի վկա աշակերտները հեռացվել էին դպրոցից։ Դպրոցի տնօրինությունը չէր հարգել դպրոցում կրոնական արարողություններից հրաժարվելու աշակերտների իրավունքը։ Դատարանը անմեղ ճանաչեց աշակերտներին. այդուհետ նրանք կարող էին շարունակել իրենց ուսումը դպրոցում։

Մեկ այլ գործով Նգորորերո շրջանի դպրոցի տնօրենը առաջադիմության թերթիկ չէր տալիս 30 աշակերտների, որոնք հրաժարվում էին եկեղեցական հարկ վճարելուց (դա չի մտնում ուսման կամ դպրոցի վարձի մեջ)։ Երբ այդ աշակերտների ծնողները բողոքեցին շրջանի կրթության բաժնի ղեկավարին, տնօրենն ուսումնական տարվա վերջում այդ բոլոր աշակերտներին տվեց առաջադիմության թերթիկները։

Թեթևացում Վկա աշակերտների համար

Շանտալ Ուվիմբաբազին, որը Եհովայի վկա աշակերտ է, հեռացվեց Նգորորերո շրջանում գտնվող դպրոցից, քանի որ չէր մասնակցում դպրոցում անցկացվող կաթոլիկական պատարագին, ինչի պատճառով ծաղրուծանակի էր ենթարկվում իր դասընկերների և ուրիշների կողմից։ Նա մի ամբողջ տարի չկարողացավ շարունակել ուսումը։ Վերջիվերջո, Շանտալը ընդունվեց մեկ ուրիշ դպրոց, որն իր տնից բավականին հեռու էր, և որի վարձը ավելի բարձր էր։ Դա դժվարություններ էր ստեղծում համեստ միջոցներով ապրող իր այրիացած մոր համար։ Երբ Շանտալը իմացավ կառավարության նոր որոշման մասին, թեթևացում զգաց։ «Կարծում եմ՝ նման հանգամանքներում գտնվող մյուս աշակերտները նույնպես ուրախությամբ կշարունակեն իրենց ուսումը՝ առանց իրավունքների ոտնահարման»,— ասում է նա։

Կառավարության նոր որոշումը ներդաշնակ է Ռուանդայի Սահմանադրությանը, որը երաշխավորում է կրոնի ազատությունը և կրթություն ստանալու իրավունքը։ Եհովայի վկա աշակերտներն ու նրանց ծնողները հուսով են, որ կրոնական խտրականության դրսևորումները վերջ կգտնեն։ Նրանք ուրախ են, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել պաշտպանելու համար դպրոցականների կրոնական ազատությունը։