ՀՈՒԼԻՍԻ 20, 2020
ՌՈՒՄԻՆԻԱ
Ռումինիայում մեր հավատակիցները համայնքապետի կողմից գովասանքի արժանացան
2020 թ. հունիսի 6-ին Ռումինիայի Տրանսիլվանիա մարզի Ռոդնա համայնքում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ դարձան, ինչի հետևանքով մեր 6 հավատակիցների տները վնասվեցին։ 2020 թ. հունիսի 27-ին Ռոդնայի շրջանային վերակացուն երեցների հետ կազմակերպեց, որ երեք հարևան ժողովներից 25 եղբայրներ և քույրեր աղետից տուժածներին օգնություն տրամադրեն։ a Մեր եղբայրների ջանքերը աննկատ չմնացին Ռոդնայի համայնքապետի կողմից։ Վերջինս նրանց նույնիսկ գովեց հեռուստատեսությամբ։
Ռոդնա համայնքը տեղակայված է մի հովտում, որտեղ շատ գետեր կան։ Հոսող ջրերը բերել էին մեծ քանակությամբ տիղմ և աղբ, ինչի հետևանքով ճանապարհները անանցանելի էին դարձել։ Մեր քույրերից մեկի տունը գտնվում է այն տարածքում, որտեղ Ռոդնայի համայնքապետը և նրա աշխատողները չէին կարողանում մաքրել տիղմն ու աղբը։ Երբ մեր եղբայրները եկան իրենց հավատակցին օգնելու, նրանք նաև օգնեցին համայնքի աշխատողներին մաքրելու այդ տարածքը։
Տեղի հեռուստաընկերություններից մեկով համայնքապետը իր հարցազրույցի ժամանակ գովեց մեր հավատակիցներին։ Նա ասաց. «Մի արտառոց դեպքի մասին եմ ուզում պատմել, որն ինձ խորապես հուզեց.... Առաջին օրը, երբ աշխատում էինք ինքնաթափով և տրակտորով, չկարողացանք ավարտել գործը, քանի որ համայնքի տարածքը ավերված էր։ Հաջորդ օրը.... ավելի քան 30 կամավոր միացավ մեզ։ Նրանք Եհովայի վկաներ էին։ Մինչև օրվա վերջ ավարտեցինք ամբողջ գործը»։ Այնուհետև նա հավելեց. «Այս մարդիկ մեզ օգնեցին, որ մարզում ամեն ինչ կարգի բերենք։ Շատ շնորհակալ ենք նրանց բոլորին»։
Համայնքի ինտերնետային կայքում մեր եղբայրներին ուղղված մի հաղորդագրություն տեղադրվեց. «Թող Եհովան վերևից օրհնի ձեզ բոլորիդ և երկար կյանք, քաջ առողջություն ու մեծ հաջողություններ տա»։
Այս դեպքը ևս ցույց է տալիս, թե մեր լավ վարքը ինչպես կարող է փառք բերել մեր երկնային Հորը՝ Եհովային (1 Պետրոս 2։12)։
a Թեև համավարակի պատճառով շինարարական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում, սակայն մեր այս հավատակիցների տները անհապաղ վերանորոգման կարիք ունեին։