ՕԳՈՍՏՈՍԻ 11, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաները դատապարտում են Ռուսաստանի կողմից Եհովայի վկաների նկատմամբ շարունակական հալածանքները
Միացյալ Նահանգները և մոտ 30 եվրոպական երկրներ խստորեն դատապարտեցին Ռուսաստանի մեր հավատակիցների նկատմամբ իրականացվող շարունակական հալածանքներն ու կտտանքները։ Այդ քննարկումը տեղի ունեցավ 2020 թ. հուլիսի 23-ին՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական խորհրդի a հանդիպման ժամանակ։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության քաղաքական խորհրդատու տիկին Լեյն Դառնել Բալը, դիմելով հավաքված պաշտոնյաներին, ասաց. «Միացյալ Նահանգները և շատ ուրիշներ, որոնք ներկա են այս սրահում, խոսել են և դեռ կշարունակեն խոսել ոստիկանության անհիմն խուզարկությունների, կամայական ձերբակալությունների և կալանքների, Ռուսաստանի իշխանությունների կողմից իրականացվող խոշտանգումների վերաբերյալ մտահոգիչ տեղեկությունների, ինչպես նաև Եհովայի վկաներին մեղադրանքներ առաջադրելու մասին, որոնց հետևանքով նրանց ազատազրկում են մինչև վեց տարով»։
Պաշտոնյաները հատկապես մտահոգված էին վերջին տեղեկություններով, ըստ որոնց՝ Ռուսաստանի իշխանությունները Վորոնեժ մարզում խուզարկել էին ավելի քան 100 Եհովայի վկաների տներ։ Տիկին Բալը հավելեց. «Խաղաղ կրոնական փոքրամասնության դեմ ուղղված այս գործողությունները պարզապես անհավատալի են»։
Միացյալ Թագավորության պատվիրակության փոխնախագահ Նիկոլա Մուրեյը նույնպես արտահայտեց իր մտահոգությունը՝ նշելով, որ «խուզարկությունների թվի աճը, ինչպես նաև այն փաստը, որ այդ խուզարկություններն իրականացվում են միաժամանակ, այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Եհովայի վկաների դեմ արշավ է կազմակերպված»։ Տիկին Մուրեյը ավելացրեց. «Հարցաքննված և խոշտանգված մարդկանց դեմ օգտագործված այսպես կոչված «ապացույցները» ներառում են նաև կրոնական կյանքին առնչվող հասարակ գործեր անելը»։
Տիկին Բալը մերկացրեց Վորոնեժի իշխանությունների այն սուտը, թե կալանավորված Վկաները մեղավոր են «դավադրություն կազմակերպելու» մեջ։ Վկաները դավադրության մեջ են մեղադրվել էլեկտրոնային հաշվետվություններ ու փաստաթղթեր պահպանելու, խմբեր կազմելու և տեսակոնֆերանսների միջոցով հանդիպումներ անցկացնելու համար։ Տիկին Բալը Ռուսաստանի իշխանությունների մեղադրանքը համարեց «աբսուրդային և ամոթալի»։ Նա ասաց. «Այսպիսի «դավադրություններ» ես ամեն օր եմ կազմակերպում»։ Նաև ընդգծեց, որ Ռուսաստանի պատվիրակությունը, հեռահար մասնակցելով ԵԱՀԿ հանդիպմանը, նույնպես մեղավոր է «նման դավադրություն կազմակերպելու մեջ»։
Եվրոպական միության 27 անդամ երկրները 8 ոչ անդամ երկրների հետ իրենց համատեղ հայտարարության մեջ հետևյալը նշեցին. «Մենք լսել ենք, թե Ռուսաստանի պատվիրակությունն ինչպես է Մշտական խորհրդի առաջ մեկից ավելի անգամներ պնդել, որ Եհովայի վկաները Ռուսաստանում ազատորեն դավանում են իրենց կրոնը ու շարունակելու են դավանել, և որ կրոնի ու դավանանքի ազատությունը երաշխավորված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ։ Այդուհանդերձ, մենք շարունակում ենք լսել բազմաթիվ դեպքեր խուզարկությունների, կալանքների և Եհովայի վկաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների մասին։ Այս ամենը խիստ հակասում է Ռուսաստանի պատվիրակության պնդումներին»։
Եվրոպական միության պատվիրակությունը նաև հավելեց. «Բոլոր մարդիկ, այդ թվում՝ Եհովայի վկաները առանց խտրականության պետք է կարողանան խաղաղ կերպով օգտվել իրենց իրավունքներից, ներառյալ կրոնի և համոզմունքի, խաղաղ հավաքների և միավորման ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքները, որոնք երաշխավորված են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ [և] Ռուսաստանի ՝ ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններով՝ ամրագրված միջազգային իրավունքով»։
Տիկին Մուրեյը, եզրափակելով Միացյալ Թագավորության հայտարարությունը, կոչ արեց, որ Ռուսաստանը վերջ դնի Եհովայի վկաների նկատմամբ իրականացվող հալածանքներին։
Տիկին Բալը կոչ արեց, որ Ռուսաստանը 1) դադարեցնի քրեական հետապնդումները, 2) հետ վերադարձնի Եհովայի վկաների մասնաճյուղի գույքը և 3) անմիջապես ազատ արձակի բանտարկված բոլոր Եհովայի վկաներին։
Սա առաջին անգամ չէ, որ միջազգային կառույցները դատապարտում են Ռուսաստանի գործելակերպը։ Ռուսաստանին զգուշացվել է, որ միջազգային հանրությունը տեղյակ է, թե այդ երկիրն ինչպես է դաժանորեն հետապնդում Եհովայի վկաներին, բայց որ ամենակարևորն է, մենք համոզված ենք, որ Եհովան է լավատեղյակ, թե ինչերի միջով են անցնում Ռուսաստանի մեր հավատակիցները (Սաղմոս 37։18)։ Մեր սիրառատ երկնային Հայրը կշարունակի օրհնել նրանց իրենց հավատարմության, քաջության և տոկունության համար (Սաղմոս 37։5, 28, 34)։
a ԵԱՀԿ-ի առաքելությունն է այլ բաների թվում պաշտպանել նաև մարդու իրավունքները։ Մշտական խորհուրդը ԵԱՀԿ-ի՝ որոշումներ կայացնող գլխավոր մարմինն է։