ՀՈՒՆԻՍԻ 23, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ազատազրկված եղբայրների կանայք ապավինում են Եհովային
Ռուսաստանի մեր եղբայրները, ովքեր ամուսիններ են և հայրեր, իրենց հավատի համար ազատազրկվելուց հետո մեծ դժվարություններ են կրում, և դրանցից անմասն չեն մնում նաև նրանց ընտանիքի անդամները։ Իրենց առօրյա խնդիրները հաղթահարելու հետ մեկտեղ նրանց կանայք և երեխաները ստիպված են պայքարել կարոտի և անհանգստության զգացումների դեմ։ Բանտարկված եղբայրներից տասի կանայք համատեղ նամակ են գրել Ռուսաստանի իշխանություններին, որում նկարագրել են իրենց խորին զգացմունքները. «Այս բաց նամակը հուսահատության ճիչ է։ Մեր սիրելիներին նետել են ճաղերից այն կողմ զուտ այն կասկածանքով, որ նրանք մեզ, մեր երեխաների և ընկերների հետ կարդում են Աստվածաշնչի պատվիրանները և աղոթում են Աստծուն»։
Մեր թանկագին քույրերից մի քանիսը պատմում են, թե ինչ առանձնահատուկ դժվարություններ են դիմագրավել, և թե Եհովան ինչպես է նրանց օգնում հաղթահարել իրենց ամուսինների բանտարկության հետ կապված խնդիրները։
Շփում և այցելություններ
Քույրերից շատերը տեխնիկական պատճառներով չեն կարողանում հեռախոսով շփվել իրենց ամուսինների հետ, իսկ կալանավայր ուղարկված նամակները տարօրինակ կերպով շատ ուշ են հասնում, եթե իհարկե հասնում են։
Քույր Եվգենյա Լագունովայի ամուսինը՝ Ֆելիքս Մախամադիևը, դատապարտվել էր ավելի քան երկու տարի պատժաժամկետով։ Շատ հաճախ Եվգենյան երկար ժամանակ լուրեր չէր ստանում իր ամուսնուց։ Նա ասում է, որ իր համար ահավոր դժվար էր, քանի որ տեղեկություն չուներ Ֆելիքսի առողջական վիճակի մասին, չգիտեր՝ արդյոք նա նամակները ստանում է, թե իրեն մոռացված է զգում։
Այս կանանցից շատերը պետք է երկար ճանապարհ կտրեն, որ այցելեն իրենց ամուսիններին (տես «Ճանապարհ, որը պետք է կանայք անցնեն իրենց ամուսիններին տեսնելու համար» աղյուսակը): Եվգենյան ասում է. «Մեքենայով ավելի քան 800 կմ ճանապարհ պիտի գնայի, որ ամուսնուս տեսնեի»։ Դա նշանակում է, որ 3–4 օր տևում էր, մինչև նա հասնում էր ամուսնու մոտ ու հետ վերադառնում։ Այլ քույրեր էլ անցնում են ավելի քան 1 000 կմ (621 մղոն)՝ կալանավայր հասնելու համար։ Իսկ տեղ հասնելուց հետո էլ հաճախ ստիպված են լինում երկար սպասել հերթի մեջ։
Քույր Իրինա Քրիստենսենի ամուսինը՝ Դենիսը, առաջին Վկան էր, ում ձերբակալեցին 2017 թ.-ին մեր գործունեությունը արգելքի տակ դնելուց հետո։ Իրինան պարբերաբար Օրյոլից Լգով էր գնում՝ անցնելով 200 կմ (124 մղոն)։ Նա ասում է. «Թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ առումով այս ճանապարհն անցնելը դժվար է։ Ես պետք է գիշերը ժամը 3։30 դուրս գամ տնից, որպեսզի ժամը 8-ին հասնեմ կալանավայր և լրացնեմ անհրաժեշտ փաստաթղթերը։ Այնուհետև պետք է սպասեմ մեքենայի մեջ, մինչև ժամը 11։00-ին կսկսվի այցելության ժամը»։ Այն հարցին, թե ինչպես է դիմանում այս փորձությանը, Իրինան պատասխանում է. «Ես շատ եմ աղոթում Եհովային, որ օգնի ինձ, օգնի մեր բոլոր հավատակիցներին՝ թե՛ նրանց, ովքեր մեր կողքին են, թե՛ նրանց, ովքեր բանտում են»։
Միայնության զգացում
Քույր Նադեժդա Գերմանը արդեն երկու տարի է՝ հեռու է իր ամուսնուց՝ Գենադիից։ Այդ իսկ պատճառով մյուս քույրերի պես նա պայքարում է միայնության զգացումի դեմ։ Սակայն Նադեժդան ասում է. «Մեր ժողովը իրոք դարձել է իմ ընտանիքը։ Ես պարզ տեսնում եմ նրանց սերն ու հոգատարությունը իմ ու ամուսնուս հանդեպ»։
Քույր Յուլյա Միրեցկայան, ում ամուսինը՝ Ալեքսեյը, Գենադիի հետ գտնվում է բանտում, ասում է. «Եղբայրներն ու քույրերը շատ են օգնում ինձ տնային գործերում։ Գիտեմ, որ միշտ կարող եմ հույսս նրանց վրա դնել»։
Երեխաների դաստիարակություն
2019 թ. սեպտեմբերին քույր Տատյանա Բուդենչուկի ամուսնուն՝ Ալեքսեյին ձերբակալեցին, և այդ ժամանակվանից Տատյանան մենակ է հոգ տանում իրենց երկու երեխաների մասին։ Նա ասում է. «Երեխաները աշխատում են կենտրոնանալ օրհնությունների և այն ամենի վրա, ինչ Եհովան տալիս է մեզ, ինչպես նաև չեն մոռանում, որ նա աջակցում է մեզ։ Նրանք հասկանում են, որ այս փորձությունները ժամանակավոր են, և հիմա է ժամանակը՝ ցույց տալու Եհովայի հանդեպ մեր հավատն ու նվիրվածությունը»։
Քույր Նատալյա Ֆիլատովան, ում ամուսինը՝ Սերգեյը, 2020 թ. մարտին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, մենակ է մեծացնում իրենց չորս երեխաներին։ Երեխաների մասին Նատալյան ասում է. «Նրանք կարոտում են իրենց հորը, մտահոգվում են և աղոթում են նրա համար։ Կրտսեր աղջիկս նամակներ է գրում նրան և հավաստիացնում, որ մեզ հետ ամեն ինչ կարգին է, և որ անհանգստանալու կարիք չկա։ Սակայն բոլորս էլ ուզում ենք, որ նա վերադառնա տուն՝ իր ընտանիքի մոտ»։
Նրանք ընտանիքով հետևում են պարզ կյանքով ապրելու վերաբերյալ աստվածաշնչյան պատվերին։ Նատալյան ասում է. «Քանի որ սովորել ենք համեստ կյանքով ապրել և խնայել, մեր ֆինանսական միջոցները հերիքում են կյանքի և մյուս կարիքների համար»։
Հոգևորապես ամուր մնալ
Չնայած դժվարություններին՝ մեր քույրերը ամրացնում են իրենց հավատը՝ պարբերաբար հոգևորապես սնվելով։ Քույր Յուլյան նշում է. «Փորձում եմ ծանոթանալ բոլոր նոր նյութերին։ Կարելի է ասել՝ երկու հոգու փոխարեն եմ ուսումնասիրություն անում, որ Ալեքսեյի հետ խոսելիս նրան պատմեմ իմ գտած հետաքրքիր մտքերը»։ Իսկ Նադեժդան ասում է. «Երբ Եհովան քեզ հետ է, անլուծելի խնդիրներ չկան։ Զգում եմ, որ Եհովան օրը 24 ժամ իմ կողքին է։ Կարծես փոքրիկ աղջնակ լինեմ ամենակարող Հորս գրկում։ Բացի դրանից՝ ինձ օգնում է նաև ուրիշներին աջակցելը»։
Նատալյան էլ ասում է. «Հիշում եմ՝ մի անգամ մի քույր ասաց. «Աստծու ժողովրդի մեջ չկա մի մարդ, որ մխիթարության կարիք չունենա, սակայն նաև չկա մեկը, ով չի կարող մխիթարել ուրիշներին»։ Բավարարվածության զգացում եմ ունենում, երբ կարողանում եմ մխիթարել և քաջալերել որևէ մեկին.... Չնայած որ թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ առումով դժվար է ամուսնուցս հեռու լինել, սակայն խղճահարությամբ չեմ լցվում ինքս իմ հանդեպ և չեմ ընկճվում. չեմ ուզում Սատանային հնարավորություն տալ թևաթափ անել ինձ»։
Մեր համաշխարհային եղբայրությունը գնահատում է նրանց, ովքեր, չնայած որ ունեն ազատազրկված հարազատ, շարունակում են հավատարիմ մնալ։ Վստահ ենք, որ նրանք «թանկ են [Եհովայի] աչքերում» (Եսայիա 43։4ա)։