Անցնել բովանդակությանը

Անաստասիա Գուզևան իր ամուսնու՝ Կոնստանտինի հետ

ԱՊՐԻԼԻ 2, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Անաստասիա Գուզևային հավատի համար սպառնում է ազատազրկում

Անաստասիա Գուզևային հավատի համար սպառնում է ազատազրկում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժել է բողոքը

2021 թ. դեկտեմբերի 2-ին Հրեական ինքնավար մարզի դատարանը մերժել է Անաստասիա Գուզևայի բողոքը։ Նրա պատիժը կմնա անփոփոխ։ Քույրը չի կալանավորվի։

2021 թ. օգոստոսի 19-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Անաստասիա Գուզևային և նրա նկատմամբ նշանակեց երկուսուկես տարվա պայմանական ազատազրկում։

Տվյալներ

Անաստասիա Գուզևա

  • Ծնվել է 1979 թ. (Բիրոբիջան)

  • Կենսագրություն։ Նրան ու երկու եղբայրներին մայրը մենակ է մեծացրել։ Մանկության տարիներին սիրել է ընթերցել, զբաղվել է սպորտով և պարահանդեսային պարեր սովորել։ 10 տարեկան հասակում տատի տանը Աստվածաշունչ է գտել, ինչն էլ մղել է Աստծու մասին ավելին իմանալու: Ավելի ուշ ինքն ու մայրը Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ են ուսումնասիրել և 1995 թ. մկրտվել։ 2001 թ. ամուսնացել է Կոնստանտինի հետ։

Դատական գործի պատմություն

2018 թ. մայիսին ռուս իրավապահները ներխուժեցին Անաստասիայի և Կոնստանտինի տուն: 2019 թ. հուլիսին Կոնստանտինն է «ծայրահեղական» ճանաչվել, իսկ 2020 թ. փետրվարին՝ Անաստասիան։ Հրեական ինքնավար մարզում ընդհանուր առմամբ 19 գործ է հարուցվել 23 Վկաների դեմ։

Քրեական հետապնդումները զգալիորեն փոխել են նրանց առօրյան։ «Ծայրահեղական» պիտակի պատճառով երկուսն էլ ստիպված են եղել թողնել երաժշտական դպրոցում ունեցած աշխատանքը։ 2021 թ. փետրվարին Կոնստանտինի նկատմամբ նշանակվեց երկուսուկես տարվա պայմանական ազատազրկում։

Անաստասիան ասում է, թե ինչն է օգնել իրեն դիմանալ. «Տրամադրվելը, որ քեզ էլ կհետապնդեն, կօգնի մտքում պլան կազմել, թե ինչպես է հարկավոր գործել բարդ իրավիճակում։ Օրինակ՝ Հիսուսի երկրային կյանքի վերջին օրվա իրադարձությունների մասին խորհելիս հասկանում եմ, որ նա կանխավ մտածել էր, թե ձերբակալվելուց հետո երբ պիտի խոսի, երբ լռի, խոսելիս էլ ինչ ասի»։

Անաստասիային տպավորել են Հռոմեացիներ 8:38, 39 համարները։ Նա նշում է. «Այս խոսքերը ուրախության պատճառ են ինձ համար. տիեզերքում հզոր երկու էակներ սիրում են ինձ, և ոչ ոք չի կարող զրկել ինձ այդ սիրուց: Սա դիմանալու և համարձակ լինելու հիմնավոր պատճառ է»: