Անցնել բովանդակությանը

Անաստասիա Սիչևա

ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Անաստասիա Սիչևան մեղավոր է ճանաչվել ժողովի հանդիպումներին մասնակցելու համար

Անաստասիա Սիչևան մեղավոր է ճանաչվել ժողովի հանդիպումներին մասնակցելու համար

Դատավճռի հրապարակում

2021 թ. հունվարի 21-ին Հրեական ինքնավար մարզի Օբլուչենսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Անաստասիա Սիչևային։ Նա դատապարտվեց երկու տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի:

Տվյալներ

Անաստասիա Սիչևա

  • Ծնվել է 1977 թ. (Տեպլոոզյորսկ, Հրեական ինքնավար մարզ)

  • Կենսագրություն։ Ընտանիքում հինգ երեխա են եղել, որոնցից երկուսը մահացել են։ Սովորել է բժշկական քոլեջում որպես բուժքույր, որից հետո աշխատել է ատամնաբուժարանում և հոգեբուժարանում։ Իր ավագ քրոջ մահից հետո դարձել է նրա երկու երեխաների խնամակալը։ Հոգ է տարել նաև իր մոր մասին, որը մահացել է երկարատև հիվանդությունից հետո։

    Դեռահաս տարիքում շատ է մտածել, թե ինչու է կյանքը այսքան կարճ։ Դա է մղել նրան ուսումնասիրել Աստվածաշունչը, որտեղ և գտել է իր հարցերի սպառիչ պատասխանները։ Մկրտվել է 1994 թ.-ին։

Դատական գործի պատմություն

2019 թ. հոկտեմբերին Անաստասիան հայտնվեց Ռուսաստանի «ծայրահեղականների» ցուցակում։ 2019 թ. սեպտեմբերի 25-ին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ Բիրոբիջան քաղաքի քննչական բաժինը քրեական գործ հարուցեց Անաստասիայի դեմ։ Նրա դեմ մեղադրանք առաջադրվեց Եհովայի վկաների գործունեությանը մասնակցելու համար, որը դրսևորվել է կրոնական հանդիպումներին ներկա լինելով և իր հավատի մասին ուրիշներին պատմելով։

Դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը միացրեց Անաստասիայի հեռախոսազրույցների և ժողովի հանդիպումների ձայնագրությունները և տեսագրությունները։ Դատախազությունը, հիմք ընդունելով այդ նյութերը, մեր քրոջը մեղադրեց «ծայրահեղական» գործունեությանը մասնակցելու մեջ։ Անաստասիան էլ, իր հերթին, առիթից օգտվելով, վկայություն տվեց։ Նա բացատրեց, որ ժողովի հանդիպումներին մարդիկ սովորում են մշակել այնպիսի քրիստոնեական հատկություններ, ինչպիսիք են, օրինակ, կարեկցանքը, ներողամտությունը և համբերությունը։

Իր եզրափակիչ ճառում նա ասաց, թե Աստվածաշունչն ինչ դրական ազդեցություն է ունեցել իր կյանքի վրա։ Նա նշեց. «Այսօր ինձ դատապարտում են իմ հավատի համար, նաև, որ շարունակում եմ կրոնական գործունեությամբ զբաղվել՝ Աստվածաշունչ եմ կարդում, ընկերներիս հետ հավաքվում եմ քննարկելու Աստծու Խոսքը, գովաբանական երգեր եմ երգում Եհովային և աղոթում նրան։

Ինչպե՞ս կարող եմ անտեսել եբրայեցիներին ուղղված նամակի 10-րդ գլխի 24 և 25 համարներում նշված պատվերը. «Եվ եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է»: Եթե Բարձրյալ Աստված՝ Եհովան, ում հանդեպ խոր սեր և հարգանք եմ տածում և ում առաջ խոնարհվում եմ, ինձ հորդորում է հավաքվել ընկերներիս՝ հավատակիցներիս հետ կարդալու Աստվածաշունչը, քաջալերելու և բարություն դրսևորելու, ինչպե՞ս կարող եմ չհնազանդվել նրան»։

Երբ իմացանք, թե Անաստասիան ինչպիսի խիզախությամբ է պաշտպանել իր հավատը և ինչպիսի անկոտրում ոգի է ցուցաբերել, շատ ուրախացանք։ Աղոթում ենք, որ նա պահպանի իր ուրախությունը, և որ հավատի այս տևական փորձությունը ավելի ամրացնի նրա տոկունությունը (Հակոբոս 1:2, 3):