ԱՊՐԻԼԻ 5, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Անդրեյ Գուբինը չի կորցնում իր վճռականությունը հավատի համար փորձվելիս
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը չեղյալ հայտարարեց եղբայր Գուբինի վճիռը
2022 թ. փետրվարի 1-ին Հրեական ինքնավար մարզի դատարանը չեղյալ հայտարարեց եղբայր Գուբինի վճիռը։ Նրա գործն ուղարկվեց ստորին ատյան՝ վերանայման։
2021 թ. սեպտեմբերի 9-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Անդրեյ Գուբինին և դատապարտեց երկու տարի և վեց ամիս ժամկետով պայմանական ազատազրկման։ Նա կմնա ազատության մեջ։
Տվյալներ
Անդրեյ Գուբին
Ծնվել է 1974 թ. (Սարան, Ղազախստան)
Կենսագրություն։ Ունի ավագ եղբայր և քույր։ Ընտանիքին աջակցելու համար փոքր տարիքից կես դրույքով աշխատել է որպես փականագործ։ Ավելի ուշ դարձել է խառատահաստոցի արհեստավոր և ծանր տեխնիկայի վարորդ։ Սիրում է սպորտով զբաղվել, բանաստեղծություններ գրել և երաժշտական գործիքներ նվագել։
Փոքր տարիքից նրան շատ է անհանգստացրել աշխարհում տիրող անարդարությունն ու չարությունը։ Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով գտել է խաղաղություն և իմացել, թե որն է կյանքի իմաստը։ Արդարությունը վերականգնելու և հարատև խաղաղություն հաստատելու Աստծու խոստումները մղել են նրան նվիրվել Եհովային։ Մկրտվել է 1991 թ.-ին՝ 17 տարեկանում։ Տատյանայի հետ ամուսնացել է 2007 թ.-ին։ Բիրոբիջան են տեղափոխվել 2011 թ.-ին։
Դատական գործի պատմություն
2020 թ. փետրվարի 12-ին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները քննություն սկսեցին եղբայր Գուբինի դեմ։ 2020 թ. սեպտեմբերի 17-ին սկսվեց նրա դատաքննությունը։
Այս գործը Հրեական ինքնավար մարզում մեր հավատակիցների դեմ հարուցված 19 քրեական գործերից մեկն է, որը սկսվեց մասսայական խուզարկություններից և «Դատաստանի օր» կոչված օպերացիայից հետո։ 2018 թ. մայիսի 17-ին 150 ոստիկաններ խուզարկեցին 22 Եհովայի վկաների տներ։ Նրանք առգրավեցին բանկային քարտեր, գումար, լուսանկարներ, համակարգիչներ և էլեկտրոնային սարքեր։
Իշխանությունները արգելափակել են Անդրեյի և Տատյանայի բանկային հաշիվները։ Արդյունքում նրանք ծայրահեղ ֆինանսական դժվարություններ են կրել։ Ամիսներ տևած հետապնդումը էականորեն ազդել է Տատյանայի առողջության վրա։ Այնուամենայնիվ, ամուսինները մեծ մխիթարություն են ստացել Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունից։ Նրանք հատկապես օգուտ են քաղել դժվարությունները հաղթահարելու վերաբերյալ Աստվածաշնչի գործնական խորհուրդներից։
Իր եղբայրների և քույրերի հոգևոր օգնության շնորհիվ Անդրեյի վստահությունը Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ ամրապնդվել է։ Օրինակ՝ մի օր, Անդրեյը անհանգիստ էր իր իրավիճակի համար ու դրա մասին պատմեց մի եղբոր, որը նույնպես ենթարկվում է քրեական հետապնդման: Եղբայրը վստահեցրեց Անդրեյին, որ նման հանգամանքներում անհանգստանալը նորմալ է, այնուհետև հիշեցրեց նրան, որ Հիսուսը Եհովայի անվան համար հալածվելը պատիվ էր համարում։ «Դրանից հետո ես հանգստացա»,— ասում է Անդրեյը: «Ես վճռել եմ շարունակել կատարել մեր Հոր կամքը»։
Մենք աղոթում ենք, որ Անդրեյը և Տատյանան շարունակեն ապավինել Աստծու Խոսքի և մեր հոգևոր ընտանիքի մխիթարությանը և ուժին: Վստահ ենք, որ ամեն բան «լավ կլինի ճշմարիտ Աստծուց վախեցողների համար» (Ժողովող 8։12)։