ՆԱՅԵՄԲԵՐԻ 15, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Անցյալի հավատարիմները ոգեշնչում են Ռուսաստանի ներկայիս հավատարիմներին
Եղբայր Օլեգ Դանիլովը և Վլադիմիր Երմոլաևը ընդամենը երկուսն են այն բազմաթիվ Եհովայի վկաներից, որոնք հաջողությամբ դիմագրավում են հալածանքը։ Այս քաջ եղբայրներն ասում են, որ այդ քաջությունը նրանք ձեռք են բերել իրենց հարուստ հոգևոր ժառանգության շնորհիվ. ժառանգություն, որը լի է անկոտրում հավատի օրինակներով։
ՕԼԵԳ ԴԱՆԻԼՈՎ
Օլեգի պապն ու տատը՝ Ֆյոդոր և Եկատերինա Ռիգելները, Եհովայի վկա են դարձել 1958 թ.-ին։ Երբ կառավարությունը սկսեց Եհովայի վկաների դեմ հալածանքի արշավը, ոստիկանները խուզարկեցին Ռիգելների տունը, առգրավեցին նրանց ունեցվածքը և տուգանք նշանակեցին Ֆյոդորի նկատմամբ։ Չնայած հալածանքին՝ Ֆյոդորը օգնում էր իր ընտանիքին պահպանել հոգևոր լավ սովորությունները։
Ֆյոդորի և Եկատիրինայի երեխաները՝ Ալֆրեդն ու Էլլան (Օլեգի մայրը), փոքր տարիքում շատ են բախվել ծաղրանքի և հալածանքի։ Սակայն երկուսն էլ ամուր հավատ են զարգացրել և պահել են իրենց հավատարմությունը։ Տարիներ անց Ալֆրեդը հրաժարվեց զինվորական ծառայությունից, ինչի պատճառով երեք տարի անցկացրեց կալանավայրում։
Օլեգ Դանիլովը իր քեռու՝ Ալֆրեդի պես իր հավատի համար երեք տարով դատապարտվել է ազատազրկման։ Նա բանտում է գտնվում 2021 թ. մարտից։ Չնայած Օլեգը հեռու է իր կնոջից՝ Նատալիայից, և երկու որդիներից՝ Իլյայից և Նիկիտայից, սակայն նրանց ընտանիքը վստահ է, որ Եհովան կօգնի, ճիշտ ինչպես՝ իրենց պապիկին, տատիկին և քեռուն։
Օլեգն ասում է. «Հաճախ եմ մտածում այն մասին, թե ինչպես են մեր հավատակիցները Սովետական Միությունում ոչ միայն դիմացել հալածանքին, այլև պահպանել իրենց ուրախությունը.... Դա անհերքելիորեն ապացուցում է, թե որքան հզոր է Եհովայի ոգին։ Վստահ եմ՝ ինչպես նրանք, այնպես էլ ես ու ընտանիքս կկարողանանք և՛ դիմանալ, և՛ ուրախ մնալ»։
ՎԼԱԴԻՄԻՐ ԵՐՄՈԼԱԵՎ ԿՐՏՍԵՐ
Վլադիմիրի տատը՝ Աննա Երմոլաևան, ճշմարտությունը լսել է 1953 թ.-ին Իրկուտսկի մարզի Սերեբրովո գյուղում։ Նա այդ գյուղի առաջին բնակիչն էր, որ մկրտվեց և դարձավ Եհովայի վկա։ Աննան մեծ հակառակության բախվեց թե՛ իր գյուղի բնակիչների, թե՛ իր մոր կողմից։ Վերջինս խզեց Աննայի հետ կապերը և էլ երբեք չխոսեց նրա հետ։
Երբ պաշտոնյաները իմացան, որ Աննան քարոզում է, մեղադրեցին՝ ասելով, որ վտանգավոր է իր իսկ տղայի համար, և սպառնացին զրկել նրան ծնողական իրավունքներից։
Աննայի հավատակիցները նամակ գրեցին՝ նշելով, որ նա լավ մայր է։ Եղբայրները նամակը տարան Մոսկվա և փոխանցեցին ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովին։ Հատկանշական է, որ Խրուշչովը հանձնարարեց հետաքննություն անցկացնել այս առնչությամբ։ Արդյունքում Աննայի վրայից հանվեց մեղադրանքը և թույլ տրվեց շարունակել մեծացնել որդուն։
Աննան նաև Նադեժդա անունով դուստր ուներ։ 1970 թ.-ին ստամոքսի սուր ցավերի պատճառով նրան տարան հիվանդանոց։ Առանց ինչպես հարկն է ախտորոշում անցկացնելու՝ բժիշկները որոշեցին վիրահատել նրան։ Հապշտապ արված վիրահատության ընթացքում բժիշկները սկսեցին պնդել, որ աղջիկը արյան փոխներարկման կարիք ունի, սակայն թե՛ Աննան, թե՛ Նադեժդան հրաժարվեցին և չցանկացան իրենց սկզբունքների հարցում փոխզիջումների գնալ։ Հաշվի չառնելով նրանց կարծիքը՝ բժիշկները, այնուամենայնիվ, Նադեժդային արյուն փոխներարկեցին, սակայն անհամատեղելի։ Ցավոք, կարճ ժամանակ անց աղջիկը մահացավ։ Սխալը թաքցնելու համար պաշտոնյաները Աննային մեղադրեցին և թերթերից մեկում ներկայացրին, որ վերջինս «զոհաբերել է իր աղջկան»։
Այս ողբերգական դեպքերը անսպասելի արդյունքներ բերեցին։ Աննայի ամուսինը՝ Վալենտինը, թույլ էր տալիս կնոջը Աստվածաշնչյան սկզբունքներով դաստիարակել իրենց երեխաներին, սակայն ինքը չէր ընդունում դրանք։ Բայց երբ տեսավ՝ Վկաները որքան էին օգնում իրենց այդ դժվարին իրավիճակներում, փոխեց իր մտածելակերպը, որոշեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հետագայում մկրտվեց։
Աննան և Վալենտինը մեծացրին իրենց տղային՝ ավագ Վլադիմիրին, աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Նա հետագայում ամուսնացավ մի հավատարիմ քրոջ՝ Լյուբովի հետ։ Վլադիմիրն ու Լուբովն էլ կրտսեր Վլադիմիրին՝ իրենց որդուն, սովորեցրին սիրել Աստծուն և հարգել աստվածաշնչյան սկզբունքները։
2020 թ. ոստիկանները ներխուժեցին կրտսեր Վլադիմիրի և նրա կնոջ՝ Վալերիայի տուն։ Վլադիմիրը ձերբակալվեց, վերցվեց նախնական կալանքի, որը հետո փոխարինվեց տնային կալանքով։ Հիմա նա արդեն երկու ամիս է, ինչ տնային կալանքի տակ է և սպասում է դատական նիստին։ Նրան մեղադրում են արգելված կազմակերպության գործունեությունը ծավալելու մեջ։ Վլադիմիրին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Սակայն պատժի վրա կենտրոնանալու փոխարեն Վլադիմիրը խորհրդածում է իր ծնողների, տատի ու պապի թողած լավ օրինակի մասին։
Վլադիմիրն ասում է. «Մեր երկնային Հոր անվան համար նախատինք կրելը մեծ պատիվ է.... Իմ ընտանիքը շատ փորձություններ է հաղթահարել և մնացել է անկոտրում։ Նրանց պես ես էլ կկարողանամ պահել անարատությունս»։
Օլեգի և Վլադիմիրի նման՝ շատ Վկաներ բարձր են գնահատում իրենց հոգևոր ժառանգությունը։ Եկեք բոլորս էլ «ընդօրինակեք նրանց հավատը», ովքեր անցյալում փորձությունների միջով են անցել, նաև նրանց, ովքեր հիմա են դիմանում տարբեր դժվարությունների (Եբրայեցիներ 13:7)։