Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ եղբայր Իվան Պույդան դատական նիստերի դահլիճի ճաղավանդակում, նրա հայրը՝ եղբայր Գրիգորի Պույդան, և պապը՝ Պյոտր Պարցեյը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եհովային հավատարիմ երեք սերունդ

Եհովային հավատարիմ երեք սերունդ

Չնայած քրեական հետապնդմանը՝ եղբայր Իվան Պույդան ուժեղ է մնում՝ ընդօրինակելով իր հոր և պապի հավատարմությունը։

Եղբայր Իվան Պույդան ջերմությամբ հիշում է, թե ինչպես էր հայրը երեկոյան գալիս տուն և իր 8 երեխաների համար կարդում «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»։ Նա շատ լավ է հիշում այն օրերը, երբ հոր՝ Գրիգորիի հետ գնում էր ծառայության իրենց փոքր գյուղում՝ Կվիտոկում, ու կանոնավոր այցելում էր իր ուսուցիչներին ու դասընկերներին։ Պատանեկան տարիքում եղբայր Պույդան իր մորական պապի՝ Պյոտր Պարցեյի հետ ծառայել է չնշանակված տարածքում։ Նրան շատ էր տպավորում իր պապի նախանձախնդրությունը և անձնազոհ ոգին։

Եղբայր Պույդան հաճախ էր տեսնում իր հորն ու պապին Աստվածաշունչ կամ Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն ընթերցելիս։ Նա վճռել էր հետևել նրանց օրինակին։

Սակայն եղբայր Պույդան, որն այժմ 41 տարեկան է, չէր էլ կարող պատկերացնել, որ նրանց օրինակին կհետևի այլ հարցում ևս՝ կձերբակալվի ու կբանտարկվի Եհովային ծառայելու համար։ 2018 թ. մայիսի 30-ին անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները (ԱԴԾ) ձերբակալեցին Պույդային։ Նա չորս ամիս անցկացրեց ճաղերի հետևում։ Իսկ ազատ արձակվելուց հետո ևս վեց ամիս մնաց տնային կալանքի տակ։ Նրա պապը՝ եղբայր Պարցեյը, բանտարկվել է թե՛ սովետական, թե՛ նացիստական ռեժիմի տարիներին։ Նրա հայրը՝ Գրիգորի Պույդան, նույնպես բանտարկվել է սովետական իշխանության օրոք։

Եղբայր Իվան Պույդան ասում է. «2 Տիմոթեոս 3։14-ում Պողոսը գրել է. «Բայց դու հարատևիր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր՝ իմանալով, թե ումից սովորեցիր դրանք»։ Ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրած մարդկանց՝ հորս ու պապիս օրինակը ինձ շատ է զորացրել։ Ո՛չ քաղաքական ռեժիմը, ո՛չ էլ բանտի պատերը չկարողացան կոտրել նրանց, իսկ հալածանքը վերջիվերջո ավարտվեց։ Հիմա էլ իմ հերթն է գնալու այդ ճանապարհով։ Գիտեմ, թե ինչ կլինի, եթե հավատարիմ մնամ մինչև վերջ»։ Եղբայր Պույդան այժմ սպասում է իր դատավճռին։

Իվանը հիշում է, որ երբ իր հայրն ու պապը պատմում էին իրենց բանտարկության տարիների մասին, նրանք երբեք չէին կենտրոնանում այնտեղ տիրող վատ պայմանների վրա։ Նրանք միշտ պատմում էին, թե ծառայության ինչ հետաքրքիր դեպքեր են եղել բանտում։

Գրիգորին, որն այժմ 64 տարեկան է, մկրտվել է 1975 թ.-ին։ Այդ ժամանակ նա մեկ տարի էր, ինչ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար գտնվում էր սովետական ուղղիչ աշխատանքային ճամբարում։ 1977 թ.-ին նրան ազատ արձակեցին։ Սակայն 1986 թ.-ին նա ևս մեկ տարով բանտարկվեց արգելված աստվածաշնչյան գրականություն պահելու համար։ Նրա հայրը, որի անունը նույնպես Իվան էր, 1944–50 թթ. իր քրիստոնեական չեզոքության համար գտնվել է ուղղիչ աշխատանքային ճամբարում։

Գրիգորին ասում է. «Ամուր հավատն օգնեց, որ դիմանամ հալածանքներին։ Վայրկյան անգամ չեմ կասկածել, որ քայլում եմ ճշմարտության մեջ, և որ Եհովան է ճշմարիտ Աստվածը»:

Հիմա նրա որդին՝ Իվանն է անցնում նույն փորձության միջով։ Գրիգորին հավելում է. «Հիշելով սովետական տարիները՝ կարող եմ ասել, որ այժմ նույն բանն է տեղի ունենում։ Դրա համար աղոթում եմ, որ Իվանը հավատարիմ մնա այս փորձության ընթացքում և իր տոկունությամբ սրբացնի Եհովայի անունը»։

Իվանի պապը՝ եղբայր Պարցեյը, որն այժմ կենդանի չէ, 1943 թ.-ին նացիստների կողմից աքսորվել է Մայդանեկի, իսկ ավելի ուշ Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբար, քանի որ հրաժարվել էր ստորագրել իր հավատը ուրանալու մասին փաստաթուղթը։ Նա ազատ արձակվեց 1945 թ.-ին, երբ նացիստները պարտություն կրեցին։ Հետագայում՝ 1952 թ.-ին, եղբայր Պարցեյը նորից ձերբակալվեց և մահապատժի դատապարտվեց։ Սակայն 1956 թ.-ին նրա մահապատիժը չեղյալ համարվեց, և նա ազատ արձակվեց։ 1958 թ.-ին նա նորից ձերբակալվեց իր հավատի համար և վեց տարի անցկացրեց բանտում։

Իվանն ասում է. «Պապիս անարատության օրինակը շատ է զորացրել ինձ։ Երբ նա հարություն առնի, կպատմեմ, որ ես էլ եմ նման փորձություններ ունեցել, և նրա օրինակը ոգեշնչել է, որ հավատարիմ ու քաջ մնամ»։

Իվանը շարունակում է. «Ոչ ոք չի կարող ինձ զրկել Աստծու հանդեպ ունեցած իմ հավատից ու սիրուց։ Ես շատ եմ ասել քննիչներին. «Դուք կարող եք ինձ ձերբակալել կամ բանտ նստեցնել, բայց չեք կարող ազդել իմ սրտի ու մտքի վրա»»։

Ի՞նչն է օգնել մեր սիրելի եղբայրներին իրենց փորձությունների ժամանակ։

Իվանն ասում է. «Գործեր 14։22-ից գիտենք, որ բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու Թագավորություն։ Յուրաքանչյուր քրիստոնյա իր բաժին փորձությունն է կրելու։ Սակայն պարտադիր չէ, որ բոլորը ազատազրկվեն. մեկը կարող է հիվանդանալ, մյուսը՝ հարազատին կորցնել։ Կհաղթահարենք փորձությունը, թե ոչ կախված է մեր վերաբերմունքից և հոգևոր վիճակից։ Եհովան միշտ պատրաստ է աջակցել իր ժողովրդին»։

Իսկ նրա հայրը՝ Գրիգորին, ասում է. «Ամրացրու փոխհարաբերություններդ Եհովայի հետ, դարձիր նրա ընկերը։ Գտիր փաստեր և համոզվիր, որ ճշմարտության համար արժե ցանկացած զոհողության գնալ։ Ջանքերդ անպայման կվարձատրվեն»։

Քաջալերական է կարդալ այնպիսի պատմություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Եհովան աջակցել իրենց հավատի համար հալածվող մեր քույրերին և եղբայրներին։ Մենք շարունակում ենք աղոթել, որ Ռուսաստանի մեր հավատակիցները շարունակեն քաջ մնալ և զորանալ Եհովայի այս խոսքերից. «Մի՛ վախեցիր.... Քո վարձատրությունը շատ մեծ է լինելու» (Ծննդոց 15։1