ԱՊՐԻԼԻ 29, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայրներ Շամովը, Շչեպինը և Ուդինցևը մեղավոր են ճանաչվել հավատի համար
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժեց բողոքը
2021 թ. դեկտեմբերի 2-ին Կիրովի մարզային դատարանը մերժեց Ալեքսանդր Շամովի, Անդրեյ Շչեպինի և Եվգենի Ուդինցևի բողոքը։ Նրանց նկատմամբ նշանակված տուգանքը կմնա ուժի մեջ։ Եղբայրները չեն կալանավորվի։
2021 թ. հուլիսի 19-ին Կիրովի մարզի Լենինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Շամովին, Շչեպինին և Ուդինցևին ու նրանց նկատմամբ նշանակեց տուգանք 420 000, 500 000 և 200 000 ռուբլու (5 618, 6 688 և 2 675 դոլար) չափով համապատասխանաբար։
Տվյալներ
Ալեքսանդր Շամով
Ծնվել է 1960 թ. (Կոմարովո, Կիրովի մարզ)
Կենսագրություն: Ընտանիքում վեց երեխան են եղել։ Նա դեռ երիտասարդ էր, երբ կորցրեց ծնողներին։ Ավարտել է տեխնիկում։ Աշխատել է որպես հեռուստացույց վերանորոգող։ Նադեժդայի հետ ամուսնացել է 1986 թ.-ին։ Ունեն դուստր։ Սրտամկանի ինֆարկտից և սրտի վիրահատությունից հետո հաշմանդամության թոշակ է ստանում։ Ալեքսանդրն ու Նադեժդան Եհովայի վկաների հետ սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել 1990-ականներին։ Ալեքսանդրը մկրտվել է 2000 թ.-ին։
Անդրեյ Շչեպին
Ծնվել է 1991 թ. (Կորոլյով, Մոսկվայի մարզ)
Կենսագրություն: Ճշմարտությունն իմացել է ծնողներից։ Քսենիայի հետ ամուսնացել է 2015 թ.-ին։ Աշխատում է որպես քաղաքաշինության ինժեներ։ Մկրտվել է 2010 թ.-ին։
Եվգենի Ուդինցև
Ծնվել է 1949 թ. (Կիրով)
Կենսագրություն: Երեխա տարիքում սրտի լուրջ հիվանդություն է ունեցել։ Մասնագիտությամբ քաղաքաշինության ինժեներ է և մետաղագործ։ Ելիզավետայի հետ ամուսնացել է 1970 թ.-ին։ Ամուսինները ճշմարտությունը իմացել են 1991 թ.-ին Ելիզավետայի քրոջից։ Եհովայի հանդեպ սերը օգնել է նրան թողնել ծխելը և հաղթահարել ալկոհոլիզմը։ Մկրտվել է 1996 թ.-ին։
Դատական գործի պատմություն
2019 թ. մարտի 26-ին Կիրովում ոստիկանները խուզարկեցին 12 Եհովայի վկաների տներ։ Խուզարկությունների և ուժեղացված հսկողության արդյունքում դատախազությունը գործ հարուցեց Ալեքսանդրի, Անդրեյի և Եվգենիի դեմ։ Անդրեյը երկու օրով ձերբակալվեց։ Դատախազը երկրպագության մաս կազմող հասարակ գործերը համարեց «ծայրահեղական»։ Այսպես կոչված հանցանքի մեջ էին մտնում Աստվածաշունչ կարդալն ու Թագավորության երգեր երգելը։
Այս հալածանքին դիմանալու համար եղբայրները ամբողջությամբ վստահում են Եհովային, նրա կազմակերպությանը և Աստվածաշնչին։ Օրինակ՝ Ալեքսանդրին շատ է ոգեպնդում Եբրայեցիներ 12-րդ գլխում նշված «վկաների.... մեծ բազմությունը»։ Նա ասում է. «Դեռ հին ժամանակներից Աստծու ծառաները գիտակցել են, որ հավատի համար գործեր ու դիմացկունություն է անհրաժեշտ։ Դժվար պահերին ես խորհրդածում եմ նրանց օրինակի մասին։ Նրանք ավելի դաժան հալածանքի ու անարդարության են բախվել։ Դա օգնում է, որ շարունակեմ համառորեն պայքարել հավատի համար» (Հուդա 3)։
Անդրեյին շատ է քաջալերել Խորհրդային Միությունում և նացիստական Գերմանիայում ապրած Վկաների կենսագրություններն ուսումնասիրելը։ Նա ասում է. «Ինձ խորապես տպավորում է նրանց քաջությունը»։ Անդրեյին նաև շատ է ոգևորել այն, թե ինչպես է Եհովան պատասխանել իրենց աղոթքներին ու վարձատրել հավատարմության համար։ Դրանց շնորհիվ նա սկսել է ավելի կոնկրետ աղոթքներ անել։ Անդրեյն ասում է. «Եհովայից քաջություն, քաջություն ու էլի քաջություն էի խնդրում.... Մենք գիտենք, որ ապրում ենք յուրահատուկ ժամանակներում։ Դա ծառայելու առանձնահատուկ հնարավորություն, փորձ և Եհովայի հանդեպ վստահություն է տալիս»։
Աղոթում ենք մեր երեք եղբայրների և նրանց ընտանիքների համար։ Գիտենք, որ Եհովան կշարունակի մխիթարել նրանց և «հաստատել.... ամեն բարի գործում և խոսքում» (2 Թեսաղոնիկեցիներ 2:17)։