Անցնել բովանդակությանը

Ալբերտ Բատչաև

ՄԱՅԻՍԻ 24, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Ալբերտ Բատչաևը թե՛ նախնական, թե՛ տնային կալանքի ներքո մնում է անարատ

Եղբայր Ալբերտ Բատչաևը թե՛ նախնական, թե՛ տնային կալանքի ներքո մնում է անարատ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ռուսաստանի դատարանը մեղավոր է ճանաչել Ալբերտ Բատչաևին

2021 թ. դեկտեմբերի 6-ին Կարաչայ-Չերքեզական Հանրապետության Չերկեսկ քաղաքի դատարանը եղբայր Ալբերտ Բատչաևին դատապարտեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։

Տվյալներ

Ալբերտ Բատչաև

  • Ծնվել է 1976 թ. (Կարաչաևսկ)

  • Կենսագրություն: Ունի երեք քույր և մեկ եղբայր։ Խնամում է հիվանդ հորը, մայրը մահացել է։ Սովորել է զինվորական դպրոցում։ Մասնագիտությամբ իրավաբան է։ Աշխատել է որպես քրեական հետախուզության ավագ օպերլիազոր։

    Աստվածաշունչն ուսումնասիրել է և համոզվել, որ այն արժանահավատ է։ 2004 թ.-ին մկրտվել և դարձել է Եհովայի վկա։ Ժաննայի հետ ամուսնացել է 2007 թ.-ին։ Ներկայումս աշխատում է դռներ տեղադրող։ Առողջական խնդիրների պատճառով չի կարողանում երկար աշխատել։ Ինքն ու Ժաննան հաճույք են ստանում լեռներում, բնության գրկում մեքենայով, երբեմն էլ ոտքով շրջելուց։

Դատական գործի պատմություն

2019 թ. դեկտեմբերի 16-ին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) գործակալները Չերկեսկ քաղաքում տասնյակ տներ խուզարկեցին, ինչի արդյունքում շատ եղբայրներ կալանավորվեցին։

Խուզարկությունից մեկ օր անց բոլոր եղբայրները, բացի Ալբերտ Բատչաևից, ազատ արձակվեցին։ Նա 72 ժամ եղել է նախնական կալանքի տակ։ Մեղադրվել է կրոնական գործունեություն կազմակերպելու՝ Եհովային աղոթելու և հոգևոր երգեր երգելու մեջ։ Ալբերտի դեմ քրեական մեղադրանք առաջադրվելուց հետո նրա ընկերներն ու ծանոթները հայտնել են, որ իշխանությունները հետևում են իրենց։

«Երբ ինձ կալանավայր տարան ու փակեցին ծանր, ճռռացող, երկաթյա շղթաներով դուռը, ներսս ցնցվեց»,— հիշում է Ալբերտը։ «Չգիտեմ՝ ինչու, մտածում էի, որ էլ երբեք դուրս չեմ գա այդտեղից։ Կմեռնեմ այդտեղ։ Ինձ նաև անհանգստացնում էր, թե ինչ վիճակում են կինս, եղբայրները»:

Ալբերտի նախնական կալանքը տևեց 2 ամիս, ինչից հետո պատիժը փոխարինվեց տնային կալանքով։ Մեկ շաբաթ անց նա նորից կալանավորվեց, այս անգամ՝ 7 շաբաթով: Ալբերտը հիշում է. «Բանտում հասկացա, թե որքան կարևոր են հոգևոր գրաֆիկ ունենալը և Թագավորության գործում զբաղված լինելը։ Սրանք կարծես վառելանյութ լինեին, որ օգնում էին անգամ մեկուսարանում չթուլանալ, չկորցնել հավատս, տոկունությունս, հույսս և Եհովայի ու մարդկանց հանդեպ ունեցած սերս»:

Ալբերտը կարողացավ Աստվածաշունչ ձեռք բերել, ինչը բանտում միշտ չէ, որ հասանելի է։ Նա ասում է. «Աստվածաշունչն իմ փրկօղակն էր։ Այն պաշտպանել է հուսահատության և կարոտի խեղդող զգացումից»: Նա, առավել, քան երբևէ, կարող էր հասկանալ, թե ինչերի միջով են անցել Աստծու՝ անցյալում ապրած ու խիստ հալածանքներ կրած ծառաները։ Ալբերտը նշում է. «Բանտարկվելուց առաջ նրանք այսքան իրական, կենդանի ու մոտ չէին ինձ։ Հիմա զգում եմ, որ ներկայիս ընկերներին ավելացել են նաև անցյալում ապրած հավատարիմները»։

2020 թ. ապրիլին դատարանը Ալբերտի խափանման միջոցը փոխարինեց 2 ամսվա տնային կալանքով, սակայն այն չորս անգամ երկարաձգվեց: Վերջինը՝ չորրորդը, սկսվել է մարտի վերջին և կավարտվի 2021 թ. հունիսի վերջին։

Մենք գիտենք, որ Եհովան շարունակելու է զորացնել և հոգ տանել եղբայր Բատչաևի և հալածանքների մեջ գտնվող իր բոլոր ծառաներին մասին (1 Տարեգրություն 29:12):