Անցնել բովանդակությանը

Ռուսլան Ալիևը իր կնոջ՝ Քրիստինայի հետ՝ դատարանի առաջ (2020 թ. սեպտեմբերի 16)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Ալիևը կարող է մեղավոր ճանաչվել 18-ամսյա տնային կալանքից հետո

Եղբայր Ալիևը կարող է մեղավոր ճանաչվել 18-ամսյա տնային կալանքից հետո

Դատավճռի հրապարակում

2020 թ. դեկտեմբերի 17-ին a Դոնի Ռոստովի Լենինսկիի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Ռուսլան Ալիևի գործով դատավճիռը։ Դատախազը պահանջել է երեք տարվա պայմանական ազատազրկում։

Տվյալներ

Ռուսլան Ալիև

  • Ծնվել է՝ 1987 թ. (Չունոյար, Կրասնոյարսկ)

  • Կենսագրություն: Նրա ընտանիքը հաճախ է տեղափոխվել։ Ապրել են Ադրբեջանում և Ուկրաինայում։ Աշխատել է որպես շինարար, վաճառքի խորհրդատու և կիթառի ուսուցիչ։ Դասավանդել է անգլերեն և չինարեն։ Սիրում է սպորտով զբաղվել, բանաստեղծություններ և երաժշտություն գրել։ Տիրապետում է չորս լեզվի։ Նրա կինը՝ Քրիստինան, նույնպես խոսում է չինարեն։

    Աստվածաշունչ սկսել է կարդալ և ուսումնասիրել 13 տարեկանից։ Որքան շատ էր Ռուսլանը ուսումնասիրում Աստվածաշունչը, այնքան ավելի էր համոզվում, որ այնտեղ գրված են կյանքի վերաբերյալ իր բոլոր հարցերի պատասխանները։ Արդյունքում նա 2006 թ.-ին նվիրվեց Աստծուն և մկրտվեց։

Դատական գործի պատմություն

2019 թ. հունիսի 6-ին եղբայր Ալիևի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նա կալանավորվեց հունիսի 10-ին։ 24-ժամյա կալանքից հետո եղբայրներ Ռուսլան Ալիևի և Սեմյոն Բայբակի նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Ռուսլանը տնային կալանքի տակ մնաց 8 շաբաթ, սակայն այդ ժամկետը երկարաձգվեց 9 անգամ։ Արդյունքում նա տնային կալանքի տակ է արդեն 18 ամիս։ Այդ ընթացքում եղբայր Ռուսլանը իր կնոջից, իրավաբանից, քննիչից և հսկիչից բացի՝ ուրիշ ոչ ոքի հետ չի կարող շփվել։ Նրան արգելված է ինտերնետից օգտվել, այդ թվում՝ նամակներ ուղարկել ու ստանալ։

Կալանքից առաջ Ռուսլանն ու նրա կինը՝ Քրիստինան, հաճախ էին խոսում այսպիսի հալածանքի մասին և գիտեին, որ վաղ թե ուշ իրենք էլ են դրա միջով անցնելու։ Նա ասում է. «Մենք փորձում էինք կառչած մնալ մեր հոգևոր գրաֆիկին։ Հալածանքների մասին շատ բան գիտեինք, քանի որ շատ էինք կարդում մեր «Տարեգրքերն» ու եղբայրների կենսագրությունները։ Նկատել էինք, որ նույնիսկ ծայրաստիճան դժվար իրավիճակներում նրանք չէին կորցնում իրենց հումորի զգացումն ու թևաթափ չէին լինում։ Մենք Եհովայից զորություն էինք խնդրել, որ կարողանայինք տոկալ գալիք փորձությունների ժամանակ»։

Ռուսլանին նաև օգնել է հնարավոր փորձությունների մասին իր հավատակիցների հետ ունեցած զրույցները։ Ռուսլանն ասում է. «Ես Աստվածաշնչից շատ մխիթարական մտքեր ու քաջալերական հոդվածներ եմ գտել ժողովի քարոզիչներից շատերին քաջալերելու և նրանց սփոփելու համար։ Հետո այդ աստվածաշնչյան համարներն ու հոդվածները արդեն ինձ էին հարկավոր ու դրանք ինձ շատ մխիթարեցին»։

Քրիստինան և Ռուսլանը պատրաստվել էին հալածանքին, և դա օգտակար եղավ նրանց համար։ Ռուսլանն ասում է, որ իրենց տան խուզարկության ժամանակ նա շատ հանգիստ է եղել և որ անհանգստության նշույլ անգամ չի ունեցել։ Գործի քննության ընթացքում քննիչը սպառնացել էր, որ քրեական գործ կհարուցի նաև Քրիստինայի դեմ։ Եղբայր Ալիևը նշում է. «Քրեական գործ հարուցելու այս սպառնալիքը չվախեցրեց իմ Քրիստինային։ Դա ինձ շատ քաջալերեց և ուժ տվեց»։

Տնային կալանքի տակ գտնվելը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել այս ընտանիքի համար։ Սակայն Ռուսլանն ասում է. «Իմ նյութական, հոգևոր և զգացական կարիքները բավարարելու համար Եհովան միշտ արել է այն, ինչ անհրաժեշտ է։ Դրանից բացի՝ ինձ ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Մենք արդեն սովորել էինք և գիտեինք, թե ինչ է նշանակում ապավինել Եհովային և գոհ լինել մեր պարզ կյանքից։ Այդ իսկ պատճառով անտեղի չէինք անհանգստանում»։

Դատական նիստերից մեկի ժամանակ, երբ երկարաձգվում էր Ռուսլանի տնային կալանքի ժամկետը, նրա ընկերներին թույլ չտվեցին մտնել նիստերի դահլիճ։ Սակայն նրա հավատակիցները հավաքվեցին դռան առաջ։ Երբ նա դուրս եկավ, եղբայրներն ու քույրերը սկսեցին ծափահարել ու բղավել. «Ռուսլա՛ն, մենք քեզ հետ ենք»։

Ռուսաստանի մեր եղբայրների ու քույրերի օրինակը մեզ շատ է տպավորում։ Թեև նրանք հալածվում են առանց պատճառի, բայց շարունակում են լիովին ապավինել Եհովային (Սաղմոս 118։6–9

a Ենթակա է փոփոխման