ԱՊՐԻԼԻ 7, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Անատոլի Վիլիտկևիչը հաստատակամությամբ սպասում է իր վճռին
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժեց բողոքը
2021 թ. դեկտեմբերի 16-ին Բաշկորտոստանի Հանրապետության Գերագույն դատարանը մերժեց Անատոլի Վիլիտկևիչի բողոքը։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը մնաց անփոփոխ։ Եղբայրը չի կալանավորվի։
2021 թ. սեպտեմբերի 27-ին Ուֆայի Լենինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Անատոլիին և դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման։
Տվյալներ
Անատոլի Վիլիտկևիչ
Ծնվել է 1986 թ. (Խաբարովսկի երկրամաս)
Կենսագրություն: Մասնագիտությամբ ատաղձագործ է։ Ալյոնայի հետ ամուսնացել է 2008 թ.-ին։ Սիրում են արշավների գնալ և գիշերել բնության գրկում։
Ստեղծչի հանդեպ սեր նա զարգացրել է ծնողների շնորհիվ։ Նրան հատկապես տպավորել է այն խոստումը, որ մի օր մարդիկ ու կենդանիները իրար չեն վնասելու։ Մկրտվել է 1997 թ.-ին՝ 11 տարեկանում։
Դատական գործի պատմություն
Անատոլի Վիլիտկևիչը 2018 թ. օգոստոսի 8-ին ընդգրկվել է Ռուսաստանի՝ ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ցանկում։ Դենիս Քրիստենսենի պես եղբայր Անատոլին էլ էր առաջին Վկաներից, որոնք 2017 թ. ապրիլին՝ Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ դնելու ՌԴ Գերագույն դատարանի վճռից հետո, վերցվեցին նախնական կալանքի։
Քննիչները գաղտնի տեսախցիկներ էին տեղադրել Անատոլիի և Ալյոնայի բնակարանում։ Տեսագրությունների արդյունքում նրանք բացահայտել են Անատոլիի «հանցագործությունը»՝ ընկերների հետ աստվածաշնչյան թեմաներով զրույցներ վարելը։ Այժմ նա մեղադրվում է այսպես կոչված «ծայրահեղական կազմակերպության» գործունեությունը կազմակերպելու մեջ։
Երբ ոստիկանները տանում էին Անատոլիին, նրանցից մեկ Ալյոնային ասաց. «Նոր ամուսին փնտրիր»։ Անատոլին պատմում է, որ հետաքննության ընթացքը իր համար շատ սթրեսային է եղել. «Նրանք ինձ ասացին, որ եթե չխոստովանեմ «մեղքերս», ապա կինս և բոլոր նրանք, ովքեր ներկա են եղել հանդիպումներին, կկրեն հետևանքները։ Ինձ շատ անգամ վախեցրել են, որ կինս էլ է բանտում հայտնվելու։ Այդ պահերին աղոթում էի Եհովային ու խնդրում, որ ինձ մտքի խաղաղություն տա»։
Անատոլին ավելի քան երկու ամիս անցկացրեց նախնական և գրեթե ինը ամիս տնային կալանքի տակ։ Ավելի քան մեկուկես տարի էլ նրա նկատմամբ նշանակված էին տեղաշարժի սահմանափակումներ։ Բանտում նա իր նոթատետրում գրել էր աստվածաշնչյան այն կերպարների օրինակները, որոնք հալածանքներ էին կրել։ Նա ասում է. «Հիշեցի, որ թեև Եհովան նրանց չէր ազատել դժվարություններից, բայց մենակ էլ չէր թողել։ Դա ինձ մեծ ուժ էր տալիս և վստահություն, որ Եհովան նույնը կանի ինձ համար։ Մնում է հավատարիմ լինել»։ Ալյոնայի նամակները նույնպես շատ էին քաջալերում Անատոլիին։ Վերջինս պատմում է. «Իր առաջին նամակներից մեկի հետ Ալյոնան նաև ուղարկել էր մեր ընկերների ու հարազատների լուսանկարները։ Ամեն երեկո նայում էի այդ նկարներին և փորձում հիշել նկարում եղող մարդկանցից մեկի ու ինձ հետ կապված մի հետաքրքիր դեպք։ Դրա շնորհիվ ասես ընկերներս կողքիս լինեին»։
Անատոլիի և Ալյոնայի հաստատակամության օրինակը մեզ շատ է ոգևորում։ Մենք ուրախ ենք, որ, չնայած հալածանքին, Ռուսաստանի մեր հավատակիցները շարունակում հոգևորապես ամուր մնալ։ Շնորհակալ ենք նաև Եհովային, որ լսում է Ռուսաստանում ապրող մեր հավատակիցների համար արված բոլորիս աղոթքները (2 Կորնթացիներ 1։11)։