Անցնել բովանդակությանը

Արթուր Լոխվիցկին իր կնոջ՝ Աննայի հետ

ՀՈՒՆՎԱՐԻ 26, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Արթուր Լոխվիցկիին սպառնում է 4 տարվա ազատազրկում

Եղբայր Արթուր Լոխվիցկիին սպառնում է 4 տարվա ազատազրկում

Դատավճռի հրապարակում

2021 թ. փետրվարի 2-ին a Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջանի շրջանային դատարանը կհրապարակի Արթուր Լոխվիցկիի գործով դատավճիռը։ Նրան սպառնում է 4 տարվա ազատազրկում։

Տվյալներ

Արթուր Լոխվիցկի

  • Ծնվել է 1986 թ. (Բելգորոդսկոյե, Հրեական ինքնավար մարզ)

  • Կենսագրություն։ Արթուրի հայրը մահացել է, երբ նա դեռ 7 տարեկան էր։ Մասնագիտությամբ էլեկտրիկ է, աշխատել է հրշեջ պահպանությունում։ Աշխատանքի վայրում իր ջանասիրության համար գովասանագիր է ստացել։

    Արթուրը փոքր էր, երբ իր մայրը սկսեց սովորեցնել նրան Եհովայի մասին ու օգնեց սիրել նրան։ Նա մկրտվել է 1998 թ.-ին՝ 11 տարեկան հասակում։ 2018 թ.-ին ամուսնացել է Աննայի հետ։ Նրանք սիրում են ճամփորդել և լավ ժամանակ անցկացնել բնության գրկում։

Դատական գործի պատմություն

2018 թ. մայիսին՝ Արթուրի և Աննայի ամուսնությունից երեք ամիս անց, ոստիկանության աշխատակիցները խուզարկեցին նրանց տունը։ Այդ խուզարկությունը կատարվեց «Դատաստանի օր» օպերացիայի շրջանակներում, որի ժամանակ 150 անվտանգության աշխատակիցներ խուզարկեցին 22 Եհովայի վկաների տներ։ Արթուրի մոր՝ Իրինայի տունը նույնպես խուզարկվեց։ 2019 թ. հուլիսի 31-ին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Բիրոբիջանում քրեական գործ հարուցեցին Արթուրի դեմ՝ «ծայրահեղական գործունեություն» իրականացնելու մեղադրանքով։ Քրեական գործեր հարուցվեցին նաև Աննայի ու Իրինայի դեմ։

Հարուցված քրեական գործերը մեծ ֆինանսական դժվարություններ են ստեղծում այդ ընտանիքի համար։ Իշխանությունները արգելել են Արթուրին օգտվել իր բանկային հաշվից, գործատերն էլ սպառնացել է, որ նրան կհեռացնի աշխատանքից։

Դեռևս ընթացքի մեջ գտնվող հետաքննությունը խաթարում է ընտանիքի բնականոն կյանքը։ Արթուրն ասում է. «Մեր կյանքը ամբողջությամբ փոխվել է։ Մեզ համար շատ դժվար է շաբաթը կամ նույնիսկ օրը պլանավորելը։ [Ոստիկանությունը] զանգահարում և պահանջում է ներկայանալ բաժանմունք այն ժամերին, երբ իրենց է հարմար։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում անընդհատ փոխել ծրագրերը»։

Արթուրն ու Աննան շատ շնորհակալ են իրենց հավատակիցներին աջակցության համար։ Արթուրն ասում է. «Եղբայրները մեզ աջակցում են թե՛ հոգևոր, թե՛ զգացական առումով.... Եհովայի ժողովրդի մեջ լինելը և դատարանում նրա անունը պաշտպանելու առանձնաշնորհումը ինձ այնքան մեծ ուրախություն են պատճառում, որ անհնար է բառերով նկարագրել։ Ակնհայտ է, որ Եհովան չի լքում իր ծառաներին»։

Լոխիցկիների ընտանիքին օգնում է ամուր մնալ նաև հոգևոր գրաֆիկին կառչած մնալը։ Սակայն այդպես վարվելը միշտ չէ, որ հեշտ է։ Արթուրն ասաց, որ «Դատաստանի օր» օպերացիայից հետո իրենք մնացին առանց հոգևոր սննդի։ Սկզբում նա անհանգստանում էր, թե ինչպես են ինքն ու իր ընտանիքը հոգևորապես սնվելու, սակայն հետո նա հիշեց մի պարզ ճշմարտություն. «[ԱԴԾ] աշխատակիցները չէին կարող արգելել աղոթքը։ Մենք անմիջապես սկսեցինք աղոթել ու դա շատ օգնեց մեզ»։

Եհովան իսկույն պատասխանեց նրանց աղոթքներին և տվեց անհրաժեշտ հոգևոր սնունդը։ Արթուրը պատմում է. «Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որ պահպանենք մեր ընտանեկան երկրպագության, ժողովներին պատրաստվելու և Աստվածաշունչ ընթերցելու սովորությունը։ Դրա շնորհիվ ոչ միայն ավելի մտերմացանք իրար հետ, այլ սկսեցինք տեսնել Եհովայի ձեռքը մեր կյանքում։ Այդպիսով կարողանում ենք դրական տրամադրվածություն պահպանել»։

Աստծու Խոսքը կարդալուց և ուսումնասիրելուց բացի՝ նրանց նաև շատ է օգնել ապագա օրհնությունների մասին խորհրդածելը։ Արթուրն ասում է. «Մենք սկսել ենք ավելի շատ մտածել ապագայի հույսի մասին և պատկերացնել մեզ նոր աշխարհում։ Ուզում ենք մասնակցել երկիրը մաքրելու և կառուցելու աշխատանքներին։ Դա զորացնում և ուժ է տալիս մեզ»։

Իսկ մինչ այդ Արթուրն ու Աննան հաճախ մտածում են Եբրայեցիներ 13։6-ում գրված խոսքերի շուրջ. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»։ Նա նշում է. «Մենք կենտրոնանում ենք այն փաստի վրա, որ եթե նույնիսկ զրկվենք ազատությունից, հավաքույթներ անցկացնելու հնարավորությունից և իրարից, մեզ չեն կարող զրկել առավել կարևոր բաներից՝ Եհովայի հետ մեր փոխհարաբերություններից, աղոթքից և ապագայի հանդեպ ունեցած մեր հույսից»։

a Ենթակա է փոփոխման