Անցնել բովանդակությանը

Եղբայր Եգոր Բարանովը և քույր Դարյա Դուլովան

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Բարանովը և քույր Դուլովան քաջություն ու հավատ են դրսևորում

Եղբայր Բարանովը և քույր Դուլովան քաջություն ու հավատ են դրսևորում

Ռուսաստանում բնակվող երկու երիտասարդ՝ եղբայր Եգոր Բարանովը և քույր Դարյա Դուլովան, քաջ են մնում՝ չնայած որ գուցե մեղավոր ճանաչվեն և երկար ժամկետով ազատազրկվեն։ Եղբայր Բարանովը, որը գտնվում է նախնական կալանքի տակ, ընդամենը 19 տարեկան է։ Իսկ քույր Դուլովան 18 տարեկան էր, երբ ոստիկանները ներխուժեցին նրա տուն։ Նրանք Ռուսաստանում իրենց հավատի համար քրեական հետապնդման ենթարկվող 380 եղբայրներից ու քույրերից ամենաերիտասարդն են։

Եղբայր Բարանովը 2020 թ. մայիսի 27-ից գտնվում է կալանքի տակ։ Իսկ քույր Դուլովան սպասում է իր դեմ հարուցված երկու քրեական գործերի դատաքննության ավարտին։ Չնայած բոլոր դժվարություններին՝ նրանք երկուսն էլ վճռել են հավատարիմ մնալ Եհովային։

Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները մայիսի 27-ին ներխուժեցին եղբայր Բարանովի տուն, որտեղ նա ապրում էր իր մոր հետ։ Ավելի ուշ դատավոր Ալեքսեյ Շատիլովի որոշմամբ մեր եղբայրը վերցվեց նախնական կալանքի այդ տարածքում Եհովայի վկաների «առաջնորդներից մեկը» լինելու մեղադրանքով։

Եղբայր Բարանովը ասում է, որ խուզարկության այդ սարսափելի օրը նրա լարվածությունն անցավ միայն Եհովային աղոթելուց հետո։ Նա պատմում է. «Խուզարկությունն իրականացնողներից մեկը նշեց, որ ես ինձ այնպես էի պահում, ասես գիտեի, որ նրանք գալու են»։

Եղբայր Բարանովը ասաց, որ ինքն իրեն անընդհատ հիշեցնում է. «Եթե Եհովան թույլ է տվել այս փորձությունը, նշանակում է՝ ես կարող եմ դա հաղթահարել»։ Նա հավելեց. «Ջերմեռանդորեն աղոթում էի, որ Եհովան օգնի ինձ և իր սուրբ ոգին տա, որ չվախենամ։ Բացի այդ՝ ես գիտեմ, որ հանցագործ չեմ, դրա համար էլ խիղճս մաքուր է։ Ես իմ հավատի համար եմ հալածվում»։

Եղբայր Բարանովը վստահեցրեց, որ իրեն ապահով է զգում կալանավայրում։ Նրա բանտակիցները հարգանքով են վերաբերվում նրան և համարում են իրենց փոքր եղբայրը, նաև հասկանում են, որ դա նրա տեղը չէ։

2018 թ. օգոստոսի 1-ին ոստիկանները ներխուժեցին քույր Դուլովայի տուն, որտեղ նա ապրում է իր մոր հետ։ Քույրն ասում է, որ չնայած այդ խուզարկության և ձերբակալության պատճառով նա շատ ապրումներ է ունեցել, իր հավատը անսասան է։ Նա ասում է. «Ես վճռել եմ հավատարիմ մնալ Եհովային։ Ինչ էլ լինի, մինչև վերջ նվիրված եմ մնալու նրան»։

2019 թ. սեպտեմբերին Սվերդլովսկի մարզում Կարպինսկիի քաղաքային դատարանը սկսեց քույր Դուլովայի դեմ քրեական գործի քննությունը։ Դատական նիստերից մեկի ժամանակ քույր Դուլովան նշեց, որ նորմալ է, երբ մարդիկ իրենց կյանքում տեղի ունեցած լավ բաների մասին պատմում են ուրիշներին։ Նա մասնավորապես ասաց. «Օրինակ՝ ես գիտեմ, որ շուտով Աստված երկիրը դրախտի է վերածելու, և մարդկանց աչքերից միայն ուրախության արցունքներ են հոսելու։ Այսպիսի լավ լուրը ինչպե՞ս չհայտնեմ իմ հարևաններին»։

Չնայած Դարյայի տրամաբանական ու խիզախ պաշտպանական ճառին՝ 2020 թ. հունվարի 27-ին նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Նրա փաստաբանը բողոքարկեց դատարանի որոշումը։

2020 թ. օգոստոսի 6-ին Սվերդլովսկի մարզային դատարանը բեկանեց քույր Դուլովայի դեմ կայացված դատավճիռը։ Գործի քննությունը հանձնվեց Կարպինսկիի քաղաքային դատարան, որպեսզի այն քննի մեկ այլ դատավոր։ Դատաքննության օրը դեռ նշանակված չէ։ Մինչ կհրապարակվի վճիռը, Դարյան փորձում է ապացուցել իր անմեղությունը մեկ այլ քրեական գործում, որը հարուցված է իր, իր մոր և երեք այլ Վկաների դեմ։

Եղբայր Բարանովը և քույր Դուլովան շատ բան են սովորել իրենց փորձություններից։

Քույր Դուլովան ասաց, թե ինչն է օգնել իրեն. «Հոգևորապես ամրանալու հարցում օգնում է Աստվածաշունչ ընթերցելը, ժողովներին պատրաստվելը և Թագավորության երգերը սովորելը։ Նաև, երբ աստվածաշնչյան մտքերի վրա ես կենտրոնանում և շարունակ դրանց շուրջ ես խորհրդածում, միտքդ խաղաղվում է, ու այլևս չես մտածում ապագայի հետ կապված անհանգստությունների մասին»։

Իսկ եղբայր Բարանովը ասաց. «Այսպիսի դժվարություններ դիմագրավելու համար պետք է ամուր փոխհարաբերություններ ունենաս Եհովայի հետ։ Մի՛ վատնիր ժամանակդ, հիմա՛ ամրացրու Եհովայի հետ ընկերությունդ»։

Աստվածաշնչում բազում օրինակներ կան, թե Եհովան ինչպես է իրեն նվիրված երիտասարդներին օգնել, որ քաջ և խիզախ լինեն։ Մենք համոզված ենք, որ Նա կշարունակի օգնել մեր սիրելի երիտասարդներին, որոնք հալածանքների են ենթարկվում Ռուսաստանում և այլ երկրներում (1 Սամուել 1։20; 16։18; 2 Թագավորներ 5։1–3; Դանիել 1։14–17; 3։17–27