ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Յուրի Զալիպաևին սպառնում է երկու տարվա ազատազրկում
Դատավճռի հրապարակում
2020 թ. հոկտեմբերի 7-ին a Կաբարդինա-Բալկարական Հանրապետության Մայսկիի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Յուրի Զալիպաևի գործով դատավճիռը։ Նրան սպառնում է երկու տարվա ազատազրկում։
Տվյալներ
Յուրի Զալիպաև
Ծնվել է՝ 1962 թ. (Սամարա)
Կենսագրություն: Աշխատել է որպես զոդող և բեռնատարի վարորդ։ Սիրում է պոեզիա և քայլարշավներ։
1983 թ.-ին ամուսնացել է Նատալիայի հետ, որը նրա դասընկերուհին է եղել։ Տասը տարի անց նրանք սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել։ Զալիպաևները երեք երեխա ունեն։ Նրանք ընտանիքով ծառայում են Եհովային։ Նրանց ազգականներից ոմանք նույնպես ծառայում են Եհովային։
Դատական գործի պատմություն
2016 թ. օգոստոսի 20-ին ոստիկանները Մայսկիում խուզարկեցին մի Թագավորության սրահ և այնտեղ գաղտնի դրեցին «ծայրահեղական» ճանաչված մեր հրատարակություններից մի քանիսը։ Թեև եղբայրները տեսանյութեր ունեին, որոնք փաստում էին, որ այդ հրատարակությունները ոստիկաններն են դրել, սակայն դատարանը տուգանեց տեղի կրոնական կազմակերպությանը 200 000 ռուբլու (2 634 ԱՄՆ դոլար) չափով։ Մի քանի ամիս անց այդ դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցվեց եղբայր Զալիպաևի դեմ։
Դատախազը պնդում է, որ եղբայր Զալիպաևը տարածել է արգելված գրականություն և հորդորել է իր հավատակիցներին բռնություն գործադրել այլ կրոնների անդամների նկատմամբ։ Այս հանցանքները, համաձայն «ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի» մասին հոդվածի, դատապարտվում են օրենքով (Ռուսաստանի քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասով)։
2020 թ. հունիսի 21-ին սկսվեց դատաքննությունը։ Դատաքննության ընթացքում մեղադրող կողմի վկաների ցուցմունքները հաճախ հակասում էին իրար և անհիմն էին։ Օրինակ՝ նիստերի ժամանակ պարզ դարձավ, որ որոշ վկաներ, ովքեր պնդում էին, թե լսել են՝ ինչպես է եղբայր Զալիպաևը դրդել իր հավատակիցներին բռնություն գործադրել ուրիշների նկատմամբ, իրականում անձամբ ներկա չեն եղել այդ հանդիպումներին, որոնց ժամանակ նա իբրև այդպիսի կոչեր է արել։ Բացի այդ՝ դատախազության որոշ վկաներ նշեցին, որ Թագավորության սրահում այդ արգելված հրատարակությունները դրված են եղել իշխանությունների կողմից։
Մինչ եղբայր Զալիպաևը սպասում է իր դատավճռին, մենք շարունակում ենք աղոթել նրա և իր ընտանիքի համար՝ հույս ունենալով, որ ուժ և խաղաղություն կստանան Դավթի խոսքերից. «Եհովան իմ զորությունն է և իմ վահանը։ Նրան է սիրտս ապավինում, ես օգնություն ստացա, և սիրտս ցնծում է» (Սաղմոս 28։7)։
a Ենթակա է փոփոխման