ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Սավելևին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում
Դատավճռի հրապարակում
2020 թ. դեկտեմբերի 16-ին a Նովոսիբիրսկի Լենինսկիի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Յուրի Սավելևի գործով դատավճիռը։ Դատախազը պահանջել է 8 տարվա ազատազրկում։ 2017 թ.-ին Գերագույն դատարանի կայացրած վճռից հետո Ռուսաստանում ոչ մի եղբայր այսքան երկար ժամկետով չի ազատազրկվել։
Տվյալներ
Յուրի Սավելև
Ծնվել է՝ 1954 թ. (Կռոխալյովկա, Նովոսիբիրսկ)
Կենսագրություն: Յուրին կորցրել է մորը դեռ երեխա ժամանակ։ Նրան մեծացրել է իր քույրը։ Էլեկտրակայանում աշխատել է որպես ջրմուղագործ։ Կրոնով սկսել է հետաքրքրվել կնոջ մահից հետո և Աստվածաշնչում գտել է իր հարցերի տրամաբանական պատասխանները։ Նա մկրտվել է 1996 թ.-ին։
Դատական գործի պատմություն
2018 թ. նոյեմբերի 8-ին Նովոսիբիրսկում ոստիկանությունը խուզարկեց եղբայր Սավելևի և ինը այլ Վկաների տներ։ Արդյունքում եղբայր Սավելևը ձերբակալվեց և կալանավորվեց։
Յուրին մեղադրվում է այդ քաղաքում Վկաների գործունեությունը կազմակերպելու մեջ։ Չնայած նրան ազատ արձակելու բազմաթիվ դիմում-բողոքներին՝ եղբայր Սավելևի նախնական կալանքը երկարաձգվել է 9 անգամ։ Նա ազատազրկված է եղել ավելի քան երկու տարի։ 2017 թ.-ին Գերագույն դատարանի կայացրած վճռից հետո Ռուսաստանում միայն Դենիս Քրիստենսենն ու Սերգեյ Կլիմովն են եղբայր Սավելևից ավելի երկար ժամկետով ազատազրկված եղել։
2020 թ. դեկտեմբերի 9-ին իր եզրափակիչ խոսքում եղբայր Յուրին քաջաբար ասաց դատավորին. «Ես մեղադրվում եմ ոչ թե հանցագործություն կատարելու մեջ, այլ Եհովայի վկաների ուսմունքներին հետևելու մեջ։
Ես 67 տարեկան եմ և իմ ողջ կյանքում թշնամիներ չեմ ունեցել։ Երբեք որևէ վարչական կամ քրեական պատասխանատվության չեմ ենթարկվել։ Վճռել եմ չեզոք լինել քաղաքական հարցերում։ Այլ կերպ ասած՝ դեմ եմ ցանկացած տեսակի բռնությանը՝ անկախ նրանից՝ դա դրսևորվում է խոսքով, թե հոգեբանական կամ ֆիզիկական ճնշումների ենթարկելով։
Աստծու սահմանած չափանիշները պարտավորեցնում են ինձ, որ բոլոր մարդկանց հանդեպ հարգալից լինեմ՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ազգությունից և կրոնական համոզմունքներից։
Աստծու Խոսքը նաև հորդորում է մեզ հարգել իշխանություններին։ Հռոմեացիներին ուղղված նամակի 13-րդ գլխի 1–3 համարներում այսպիսի միտք է ասվում. «Թող ամեն անձ հպատակվի վերին իշխանություններին, որովհետև չկա մի իշխանություն, որ Աստծուց չլինի.... Ուստի ով հակառակվում է իշխանությանը, Աստծու սահմանած կառույցին է դեմ կանգնում»։
Ես չեմ հակառակվում իշխանություններին, քանի որ չեմ ցանկանում դեմ գնալ Աստծուն։ Աստծուն հակառակվելը մահվան է տանում։ Եհովայի վկաների շնորհիվ է, որ ես ճանաչել եմ Աստծուն և նրա որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Նրանց շնորհիվ համոզվել եմ, որ Սուրբ Գիրքը՝ Աստվածաշունչը, առանձնահատուկ գիրք է։ Այն օգնում է մեզ կյանքի բոլոր բնագավառներում»։
Մենք շատ ենք քաջալերվում՝ իմանալով, որ Յուրիի հավատն ամուր է, և որ Եհովան օրհնում է նրան՝ տալով հարատև խաղաղություն (Եսայիա 26։3)։
a Ենթակա է փոփոխման