ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Սերգեյ Լեդենյովին սպառնում է վեց տարվա ազատազրկում
Դատավճռի հրապարակում
2020 թ. նոյեմբերի 24-ին a Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի դատարանը կհրապարակի եղբայր Սերգեյ Լեդենյովի գործով դատավճիռը։ Նրան սպառնում է 6 տարվա ազատազրկում։
Տվյալներ
Սերգեյ Լեդենյով
Ծնվել է՝ 1974 թ. (Օսորա, Կամչատկայի երկրամաս)
Կենսագրություն: Ընտանիքի վեց երեխաներից մեկն է։ Սիրում է զբաղվել նկարչությամբ և լուսանկարչությամբ։ Աշխատում է որպես պատշար և սալիկապատող։ Նախքան Եհովայի վկաների հետ Աստվածաշունչն ուսումնասիրելը այն համարում էր գիտությանը հակասող ու հնացած գիրք։ 2017 թ.-ին ամուսնացել է Աննայի հետ։ Աննան ասում է, որ այն ժամանակվանից, ինչ Սերգեյը սկսել է աստվածաշնչյան սկզբունքներով ապրել, նա դարձել է մեղմ, հոգատար ու սիրող ամուսին։
Դատական գործի պատմություն
2018 թ. դեկտեմբերի 2-ին մի խումբ դիմակավորված ոստիկաններ զինված ներխուժեցին եղբայր Լեդենյովի տուն։ Նա կալանավորվեց, և նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց Ռուսաստանի քրեական օրենսգրքի 282.2 հոդվածով։ Գործի դատավարությունը սկսվեց 2019 թ. նոյեմբերի 28-ին։
2019 թ. դեկտեմբերի 12-ին Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի դատարանը գործը հետ ուղարկեց դատախազություն։ Դա սովորաբար արվում է, երբ դատարանը լուրջ խնդիրներ է նկատում մեղադրանքի մեջ, օրինակ՝ համապատասխան փաստական տվյալների բացակայություն։ Այդուհանդերձ, 2020 թ. փետրվարի 4-ին բարձր ատյանի դատարանը բեկանեց որոշումը, և գործի քննությունը վերսկսվեց։ Դատաքննության ընթացքում իշխանության ներկայացուցիչները հարցաքննեցին եղբայր Լեդենյովի կնոջն ու մեկ այլ քրոջ և փորձեցին ճնշումների միջոցով նրանց ստիպել կեղծ վկայություն տալ եղբայր Լեդենյովի դեմ, սակայն նրանք չտրվեցին այդ ճնշումներին։
Եղբայր Լեդենյովի ոչ Վկա ազգականների համար անհասկանալի է, թե նա ինչու է հալածվում իր հավատի համար։
Մինչ Լեդենյովները սպասում են դատավճռի հրապարակմանը, մենք աղոթում ենք նրանց համար։ Մենք վստահ ենք, որ «Աստծու ոգին մնում է» նրանց վրա (1 Պետրոս 4։14)։
a Ենթակա է փոփոխման