ՀՈՒԼԻՍԻ 5, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Ստուպնիկովը այլևս տնային կալանքի տակ չէ
2019 թ. հուլիսի 2-ին Կրասնոյարսկում (Ռուսաստան) դատարանը որոշում կայացրեց եղբայր Անդրեյ Ստուպնիկովին տնային կալանքից ազատ արձակելու մասին։ Թեև նա այլևս տնային կալանքի տակ չէ, սակայն նրա դեմ հարուցված քրեական գործը դեռ ընթացքի մեջ է։
2018 թ. հուլիսի 3-ին Կրասնոյարսկի միջազգային օդանավակայանում Ստուպնիկովները գրանցվում էին վաղ առավոտվա թռիչքի համար։ Անվտանգության դաշնային ծառայության երկու աշխատակիցներ մոտեցան և ձերբակալեցին եղբայր Ստուպնիկովին։ Դրանից հետո նա ութ ամիս մնաց նախնական կալանքի տակ, իսկ 2019 թ. փետրվարի վերջին նրա կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Ինչպես նշում է եղբայր Ստուպնիկովը, վերջին տարվա ընթացքում նա շատ բան է սովորել իր և Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունների մասին։ Նա ասում է. «[Ես և Օլգան] երկար տարիներ է՝ Եհովայի վկաներ ենք, սակայն երբեք նման մտերիմ փոխհարաբերություններ չենք ունեցել Եհովայի հետ։ Ամենադժվար պահերին զգացել և հիմա էլ շարունակում եմ զգալ մեր Հոր ներկայությունն ու աջակցությունը։ Ինձ ապշեցնում է այն, թե որքան մոտ է նա ինձ և թե որքան արագ է պատասխանում իմ աղոթքներին»։
Այնուհետև եղբայր Ստուպնիկովն ասում է. «Ավելի քան երբևէ ես համոզված եմ, որ իմ Հայրը գիտի և հասկանում է իմ զգացմունքները։ Անձնական փորձը օգնում է ինձ լիարժեքորեն վստահելու նրան և չափից շատ չմտահոգվելու հալածանքի մասին։ Շատ ավելի ահազդու բան է Եհովայի հետ մտերիմ հարաբերությունները կորցնելը։ Վստահ եմ, որ նրա հետ մենք կարող ենք հաղթահարել ցանկացած բան»։
Ռուսաստանում մեր եղբայրների և քույրերի նկատմամբ հարուցված քրեական գործերի թիվը, որը գնալով ավելանում է, հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 217։ Մի քանի դեպքերում Ռուսաստանի իշխանությունները նվազեցրել են մեր եղբայրների նկատմամբ կիրառված սահմանափակումները։ Սակայն մենք մեր հույսը ոչ թե մարդկային դատավորների և ղեկավարների վրա ենք դնում, այլ շարունակում ենք ապավինել Եհովային։ Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի զորացնել և պաշտպանել Ռուսաստանի մեր բոլոր հավատակիցներին (Սաղմոս 28:7)։