Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Վալերի Մոսկալենկոյի եզրափակիչ խոսքի սղագրությունը

Եղբայր Վալերի Մոսկալենկոյի եզրափակիչ խոսքի սղագրությունը

2019 թ. օգոստոսի 30-ին՝ ուրբաթ, եղբայր Վալերի Մոսկալենկոն դատարանում հանդես եկավ եզրափակիչ խոսքով։ Ստորև կարող եք կարդալ նրա խոսքի սղագրության մի մասը (թարգմանված է ռուսերենից)։

Պատվարժա՛ն դատարան և հարգելի՛ ներկաներ, ես 52 տարեկան եմ և վերջին մեկ տարին, իսկ ավելի ստույգ՝ արդեն մեկ տարուց ավելի է՝ կալանքի տակ եմ։

Իմ եզրափակիչ խոսքում ուզում եմ կարճ պատմել իմ մասին, ինչպես նաև այս քրեական գործի և առհասարակ կյանքի վերաբերյալ իմ տեսակետի մասին։ Հուսով եմ, որ դո՛ւք, պատվարժա՛ն դատարան, կհասկանաք, թե ինչու ես չեմ պատրաստվում հրաժարվել Աստծու հանդեպ իմ հավատից, և թե ինչու Աստծուն հավատալը հանցանք չէ։

Միշտ չէ, որ ես Եհովայի վկա եմ եղել։ Ծնողներս բարի մարդիկ են եղել և ինձ լավ դաստիարակություն են տվել։ Սակայն նույնիսկ երբ երեխա էի, ինձ անհանգստացնում էր ամենուրեք տիրող անարդարությունը։ Մտածում էի. «Չպետք է այսպես լինի. չար ու խաբեբա մարդիկ բարգավաճում են, իսկ արդար ու բարի մարդիկ՝ տառապում»։

24 տարեկանում՝ Աստվածաշունչը մի քանի ամիս խորությամբ ուսումնասիրելուց և փնտրտուքներ անելուց հետո, գտա իմ հարցերի պատասխանը։

Այդ ժամանակից ի վեր ես ձգտում եմ որոշումներ կայացնելիս հաշվի առնել Աստծու զգացումները, օրենքներն ու սկզբունքները, որոնք մանրամասնորեն շարադրված են [Աստվածաշնչում] և արտացոլված են անցյալում ապրած մարդկանց [Աստծու ծառաների] կյանքում։

Ես ապրում եմ մորս հետ։ Նա տարիքն առած կին է և իմ խնամքի կարիքն ունի։ 2018 թ. օգոստոսի 1-ին, երբ մայրս տանը մենակ էր, անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) քննիչը հատուկ նշանակության ջոկատին հրահանգեց անկյունահղկիչով (բալգարկա) կտրել մեր տան դռան ծխնիները։ Այս կերպ էր քննիչը մտադիր մտնել իմ բնակարան՝ խուզարկություն իրականացնելու նպատակով։

Մայրս շատ էր վախեցել։ Այն բանից հետո, երբ դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժեցին մեր բնակարան, նա սրտի կաթված ստացավ, և հարկ եղավ շտապօգնություն կանչել։ Հենց իմացա, որ մեր տանը ոստիկաններ են, 30 րոպեից արդեն այնտեղ էի։ Երբ տեսա, թե ինչ վիճակում է մայրս, ճնշումս բարձրացավ։ Չնայած այդ ամենին՝ ես բարկությամբ չլցվեցի և փորձեցի պահպանել հավասարակշռությունս։ Ես բարյացակամ էի, ինչը հարիր է քրիստոնյային։ Իմ Աստվածը՝ Եհովան է սովորեցրել դա ինձ, և ես չեմ ցանկանում տհաճություն պատճառել նրան։

Ներողություն եմ խնդրում, պատվարժա՛ն դատարան, սովորաբար ես այսքան շատ չեմ խոսում իմ մասին։ Դա անսովոր բան է ինձ համար, բայց այժմ ստիպված եմ այդպես վարվել։

Ավելի քան 25 տարի է՝ ես Եհովայի վկա եմ։ Դա իմ կյանքի մեծ մասն է։ Այս ողջ ընթացքում երբեք ծայրահեղականների շարքին չեմ դասվել։ Ընդհակառակը՝ հայտնի եմ եղել որպես լավ հարևան, բարեխիղճ աշխատող և հոգատար որդի։

Եվ հանկարծ 2017 թ. ապրիլի 20-ից հետո ինձ կոչեցին ծայրահեղական։ Ի՞նչ հիմքով։ Ի՞նչ փոխվեց։ Մի՞թե ես վատ մարդ դարձա։ Ո՛չ։ Ես ինչ-որ մեկի հանդեպ բռնությո՞ւն եմ գործադրել, ինչ-որ մեկին ցավ ու տառապա՞նք եմ պատճառել։ Ո՛չ։ Կորցրե՞լ եմ ՌԴ Սահմանադրության 28-րդ հոդվածից օգտվելու իմ իրավունքը։ Կրկին ո՛չ։ Իմ ազգանունը հիշատակված չէ Գերագույն դատարանի որոշման մեջ։ Ոչ ոք ինձ չի զրկել ՌԴ Սահմանադրությունից, մասնավորապես 28-րդ հոդվածից օգտվելու իրավունքից։ Այդ դեպքում ինչո՞ւ եմ ես այստեղ՝ մեղադրյալի աթոռին։

Քննիչի հետ զրույցից ավելի ակնհայտ դարձավ, որ ինձ ձերբակալել և կալանավորել են այն պատճառով, որ ես հավատացյալ եմ, ով իր աղոթքներում և խոսքում գործածում է Ամենակարող Աստծու անունը՝ Եհովա։ Սակայն դա հանցանք չէ։ Աստված ինքն է իր համար անուն ընտրել և հոգ է տարել, որ այն գրվի Աստվածաշնչում։

Ես նորից ու նորից կրկնում եմ՝ անհնար է, որ դեմ գնամ Աստծու կամքին, որը հստակ շարադրված է Աստվածաշնչում։ Եվ անկախ այն բանից, թե ինչ ճնշումների կենթարկվեմ կամ ինչ պատիժ կկրեմ, անգամ եթե դա լինի մահապատիժ, ես հայտարարում եմ, որ նույնիսկ այդ դեպքում չեմ թողնի տիեզերքի ամենակարող Արարչին՝ Եհովա Աստծուն։

Պատվարժա՛ն դատարան, Եհովայի վկաները ողջ աշխարհում հայտնի են որպես բարյացակամ և խաղաղասեր մարդիկ։ Որպես հավատացյալների նրանց իրավունքները հարգված են աշխարհի երկրների մեծ մասում։ Շատ կցանկանայի, որ այդ իրավունքները Ռուսաստանում էլ հարգվեին և այս պարագայում՝ որպես հավատացյալի իմ իրավունքները նույնպես։

Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում և խնդրում եմ դատարանին արդարացման դատավճիռ կայացնել։

Շնորհակալություն