ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Վալերի Մոսկալենկոն ազատ է արձակվել
2019 թ. սեպտեմբերի 2-ին Խաբարովսկի Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանը եղբայր Վալերի Մոսկալենկոյին դատապարտեց հանրային աշխատանքի երկու տարի և երկու ամիս ժամկետով, ինչպես նաև պրոբացիոն ծառայության՝ վեց ամսով։ Նա այլևս ստիպված չէ բանտում լինել։
Հուրախություն նրա ընտանիքի և ընկերների՝ դատավճռի հրապարակվելուց հետո եղբայր Մոսկալենկոն ազատ արձակվեց կալանքից։ Նա անազատության մեջ էր 2018 թ. օգոստոսի 2-ից։ Իր ձերբակալությունից առաջ եղբայր Մոսկալենկոն աշխատում էր որպես գնացքավարի օգնական և հոգ էր տանում իր հիվանդ մորը։ Պրոբացիոն ծառայության պահանջների համաձայն՝ նրան թույլ չի տրվում դուրս գալ Խաբարովսկից։ Նրանից պահանջվում է ամեն ամիս ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին։
Օգոստոսի 30-ին, երբ եղբայր Մոսկալենկոն դատարանում ներկայացնում էր իր վերջին խոսքը, ասաց. «Իմ մտքի ծայրով անգամ չի անցնում դեմ գնալ Աստծու կամքին, որը հստակ նշված է Աստվածաշնչում։ Անկախ նրանից, թե ինչ ճնշում կբանեցնեն ինձ վրա կամ ինչ պատիժ կնշանակեն ինձ, նույնիսկ եթե դա լինի մահապատիժ, ես հայտարարում եմ, որ չեմ ուրանա տիեզերքի ամենակարող Արարչին՝ Եհովա Աստծուն»։
Եհովայի վկաների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչ Յարոսլավ Սիվուլսկին ասում է. «Թեև մենք համաձայն չենք մեղադրական դատավճռին, սակայն ուրախ ենք, որ Վալերին կարող է տուն վերադառնալ»։
Բացի եղբայր Մոսկալենկոյից՝ Խաբարովսկի երկրամասում մեր եղբայրներից ևս յոթը սպասում են իրենց գործով դատավճռին։
Մենք շնորհակալ ենք Եհովային, որ օգնեց եղբայր Մոսկալենկոյին պահպանելու իր ամուր հավատը կալանքի ընթացքում։ Աղոթում ենք, որ նա շարունակի զորացնել բոլոր այն եղբայրներին ու քույրերին, ովքեր հալածանքներ են կրում Աստվածաշնչի վրա հիմնված իրենց համոզմունքների համար (Եսայիա 40։31)։