ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Ֆելիքս Մախամադիևը ազատ է արձակվել և արտաքսվել Ուզբեկստան
2020 թ. դեկտեմբերի 31-ին եղբայր Ֆելիքս Մախամադիևը ազատ է արձակվել։ 2020 թ. ապրիլին Ռուսաստանը նրան զրկել էր քաղաքացիությունից։ Օրենբուրգի մարզի Բելյաևսկիի շրջանային դատարանի որոշմամբ Մախամադիևը ժամանակավորապես մնաց արտաքսվածների համար նախատեսված հաստատությունում, մինչև որ նրան անհրաժեշտ փաստաթղթեր տվեցին իր ծննդավայր՝ Ուզբեկստան, արտաքսելու համար։ 2021 թ. հունվարի 20-ին նրան նստեցրին Ուզբեկստան գնացող գնացք, և նա հունվարի 21-ին ապահով տեղ հասավ։ Նրա կինը՝ Եվգենիան, նրանից երկու օր առաջ էր գնացել Ուզբեկստան, որ դիմավորի իր ամուսնուն։
Ֆելիքսը Ռուսաստանում ապրել է մոտ 18 տարի։ 2002 թ.-ին, երբ նա դեռ պատանի էր, իր մոր հետ Ուզբեկստանից տեղափոխվել է Ռուսաստանի Սարատով քաղաք։ 2004 թ.-ին 19 տարեկանում մկրտվել է, իսկ 2011 թ.-ին ամուսնացել է Եվգենիայի հետ։
2018 թ. հունիսի 12-ին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) և ոստիկանության աշխատակիցները ներխուժեցին Ֆելիքսի և Եվգենիայի տուն։ Ֆելիքսը ձերբակալվեց և մոտ մեկ տարի մնաց նախնական կալանքի տակ։ Այդ ընթացքում նա անընդհատ աղոթում էր Եհովային, որ ուժ ստանա։ Նա ասում է. «Ամեն օր աղոթում էի Եհովային, որ այդ օրվա համար ինձ խաղաղություն ու ուրախություն տա»։
2019 թ. սեպտեմբերի 19-ին Ֆելիքսը և հինգ այլ եղբայրներ մեղավոր ճանաչվեցին ու դատապարտվեցին ազատազրկման։ Ներկայացված բողոքի մերժումից հետո Ֆելիքսին և այդ եղբայրներից չորսին տեղափոխեցին Օրենբուրգի կալանավայր, որը իրենց քաղաքից՝ Սարատովից, մոտ 800 կմ (500 մղոն) հեռավորության վրա է գտնվում։ Դրանից հետո նրանց այնտեղ դաժանաբար ծեծի ենթարկեցին։
Այս փորձությունները չեն կարողացել Ֆելիքսից խլել նրա ուրախությունը և ժպիտը, որով նա հայտնի է։ Եվգենիան ասում է. «Ես հպարտանում եմ նրանով։ Նա այս փորձությունը ոչ միայն արժանապատվությամբ դիմագրավեց, այլև շարունակում է դիմագրավել և նույնիսկ ինձ է օգնում, որ պինդ մնամ»։
Թեև Ռուսաստանի իշխանությունները ցանկանում էին վնասել Ֆելիքսին և ստիպել, որ փոխզիջումների գնա հավատի հարցում, սակայն նա ասում է, որ այդ երկարատև փորձությունը ավելի է խորացրել իր նվիրվածությունը Եհովայի հանդեպ։ Նրա դեպքը հիշեցնում է Ծննդոց 50:20-ը, երբ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց այն բարիք դարձնել»: