Անցնել բովանդակությանը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, որը վերահսկում է ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների կատարումը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եվրոպայի խորհուրդը հորդորում է Ռուսաստանին հանել Եհովայի վկաների վրա դրված արգելքը

Եվրոպայի խորհուրդը հորդորում է Ռուսաստանին հանել Եհովայի վկաների վրա դրված արգելքը

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղարը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին ուղղած 2022 թ. դեկտեմբերի 9-ի իր նամակում հորդորեց Ռուսաստանին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վերջին վճիռները։ Այդ վճիռների թվում է 2022 թ. հունիսին կայացված նշանակալից վճիռը, ըստ որի՝ Ռուսաստանի կողմից Եհովայի վկաների գործունեության վրա արգելք դնելը անօրինական էր ճանաչվել։ a

Նամակը հիշեցնում էր Ռուսաստանին, որ թեև այն 2022 թ. մարտից այլևս չի համարվում ԵԽ անդամ պետություն, սակայն պարտավոր է կատարել ՄԻԵԴ-ի կողմից մինչև 2022 թ. սեպտեմբերի 16-ը կայացված վճիռները։ Բացի այդ՝ նշվում էր, որ Դատարանի վճիռների կատարումը կշարունակի վերահսկվել ԵԽ նախարարների կոմիտեի կողմից։

2022 թ. հունիսին կայացված վճռից ի վեր Կոմիտեն խստորեն հորդորել է Ռուսաստանին բեկանել 2017 թ. Գերագույն դատարանի որոշումը, որով արգելվել է Եհովայի վկաների կրոնական գործունեությունը։ Կոմիտեն նաև հորդորել է Ռուսաստանին «վերանայել հակածայրահեղական օրենսդրությունը, որով Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունները ծայրահեղական են սահմանվում.... դադարեցնել Եհովայի վկաների դեմ առկա բոլոր քրեական դատավարությունները և ազատ արձակել բոլոր բանտարկյալներին՝ ամբողջությամբ հանելով նրանց դատվածությունը, ինչպես նաև վերադարձնել դիմումատուներից առգրավված ողջ գույքը կամ փոխհատուցում վճարել»։ b

Արգելքից ի վեր քրեական հետապնդումների են ենթարկվել ավելի քան 660 եղբայրներ ու քույրեր զուտ այն պատճառով, որ խաղաղ կերպով դավանել են իրենց կրոնը։ Նրանցից ավելի քան 360-ը ինչ-որ մի ժամանակահատված անազատության մեջ է անցկացրել, իսկ 114-ը ներկայումս գտնվում է բանտում կամ նախնական կալանքի կենտրոններում։

Ավելի քան 450 եղբայրներ և քույրեր ընդգրկվել են Ռուսաստանի՝ ծայրահեղականների և ահաբեկիչների դաշնային ցուցակում, ինչի պատճառով բարդացել է թե՛ նրանց, թե՛ նրանց ընտանիքների կյանքը։ Քանի որ այդ ցուցակը հասանելի է հանրությանը, նրանց բարի համբավը արատավորվում է, ու վերջիններս չեն կարողանում աշխատանք գտնել։ Հավելյալ դժվարությունների թվում են բանկային հաշիվների սառեցումը, ինչպես նաև ապահովագրությունների թարմացման կամ ձեռքբերման, սեփականության վաճառքի, ներդրումների կառավարման, ժառանգություն ստանալու և նույնիսկ բջջային հեռախոսի SIM քարտ գնելու հետ կապված բարդությունները։

Ուրախ ենք, որ ԵԽ-ն չի դադարեցնում Ռուսաստանում բնակվող մեր հավատակիցների հանդեպ արդարությունը վերականգնելու փորձերը։ Իսկ մինչ այդ համաշխարհային եղբայրությունը շարունակում է մեծ քաջալերություն ստանալ Ռուսաստանի մեր հավատակիցների հավատի, քաջության և ուրախության մասին պատմող կանոնավոր հաշվետվություններից, որոնք տեղադրվում են jw.org կայքում։ Նրանց անկոտրում ոգին վկայում է Եհովայի աջակցության մասին (Փիլիպպեցիներ 1։12-14

a Տես H46-33 «Մոսկվայի Եհովայի վկաները և այլք ընդդեմ Ռուսաստանի» (գանգատ թիվ 302/02) և «Կրուպկոն և այլք ընդդեմ Ռուսաստանի» (գանգատ թիվ 26587/07), պրբ. 3 և 5։

b Տես H46-33 «Մոսկվայի Եհովայի վկաները և այլք ընդդեմ Ռուսաստանի» (գանգատ թիվ 302/02) և «Կրուպկոն և այլք ընդդեմ Ռուսաստանի» (գանգատ թիվ 26587/07), պրբ. 4։