ՄԱՅԻՍԻ 25, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Երեք տարի ազատազրկման մեջ գտնվող Դենիս Քրիստենսենը շարունակում է տոկալ և ուրախ մնալ
Արդեն երեք տարի է՝ եղբայր Դենիս Քրիստենսենը անարդարացիորեն բանտարկված է Ռուսաստանում։ Նրա ձերբակալումից՝ 2017 թ. մայիսի 25-ից հետո ամեն անգամ, երբ նրա ընկերները հարցնում են, թե այս փորձությունն ինչպես է ազդել իր հավատի վրա, նա միշտ պատասխանում է. «Հավատս միայն զորացել է»։
Եղբայր Քրիստենսենն ասում է. «Անձամբ եմ համոզվել Աստվածաշնչի «Հակոբոս» գրքի առաջին գլխի 2-րդ և 3-րդ համարներում գրված խոսքերի ճշմարտացիության մեջ. «Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք՝ իմանալով, որ ձեր փորձված հավատը տոկունություն է առաջ բերում»»։
Հատկանշական է, որ օրեցօր շատացող փորձություններն ու հիասթափությունները միայն ավելացրել են եղբայր Քրիստենսենի հավատն ու ուրախությունը։
Ձերբակալությունից անմիջապես հետո եղբայր Քրիստենսենին նախնական կալանքի վերցրին մի կալանավայրում, որը գտնվում է Օրյոլում՝ նրա տնից ոչ շատ հեռու։ Որոշ ժամանակ հետո նրա կնոջը՝ Իրինային, թույլ տվեցին տեսակցել ամուսնուն։ Եղբայր Քրիստենսենը ավելի քան երկու տարի նախնական կալանքի տակ մնաց, իսկ 2019-ի փետրվարին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Երեք ամիս անց մերժվեց դատավճռի դեմ ներկայացված բողոքը։ Քրիստենսենին տեղափոխեցին մի գաղութ, որը Օրյոլից 200 կմ (124 մղոն) հեռավորության վրա է, ինչի պատճառով նա շատ հեռու է Իրինայից։
Արդեն մոտ մեկ տարի է՝ եղբայր Քրիստենսենը վաղաժամկետ ազատման վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ունի։ Նրա ներկայացրած 4 դիմումներից 3-ը մերժվել են, սակայն եղբայր Քրիստենսենը հաստատակամ է և չի հիասթափվում։
Եղբայր Քրիստենսենը համեստորեն նշում է. «Ես ու Իրինան կատարելությունից հեռու ենք, սակայն սովորել ենք տոկալ և ուրախ մնալ փորձությունների ժամանակ։ Եվ ամենակարևորն այն է, որ ավելի ենք մտերմացել մեր Հոր՝ Եհովա Աստծու հետ»։
Մենք աղոթում ենք և վստահ ենք, որ Եհովան կշարունակի օգնել Ռուսաստանում ապրող մեր թանկագին եղբայրներին ու քույրերին, որպեսզի ուրախությամբ տոկան հալածանքների ներքո (Մատթեոս 5։11, 12)։